Արտահերթ-արտահերթի հետեւից՝ մեկ գիշերվա ընթացքում։ Խորհրդարանը էներգետիկ բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման քննարկումներով էր զբաղված։ Մի խումբ պատգամավորներ օրենսդրական նախաձեռնություն էին ներկայացրել հարցի վերաբերյալ։ Այսպիսի խորհրդարան սովորաբար լինում է նախընտրական փուլից առաջ, երբ պատգամավորներն ակնկալելով ընտրողների ձայները, «պոպուլիստական» ելույթներ են ունենում։ Սա արտաքին տպավորությունն էր։ Իրականում մեր աչքը սեփականաշնորհումից այնքան է վախեցել (իբրեւ օրինակ բերվում էր «ԱրմենՏելը» եւ կոնյակի գործարանը), որ հերթական այդպիսի վախի այլեւս դիմանալ չի լինի։
Ակնհայտորեն հարցը խիստ էր կարեւորվել, քանի որ մինչեւ ուշ գիշեր մի շարք նախարարներ (պետական եկամուտների, արդարադատության, իսկ էներգետիկայինը ավելի քան հասկանալի էր), ինչպես նաեւ վարչապետն անձամբ խորհրդարանը «պաշարման» մեջ էին պահում։ Հարցն ավելի բուռն քննարկվում էր միջանցքներում, նաեւ վարչապետ -ՀԺԿ, վարչապետ-ՀՀԿ, վարչապետ-«Կայունություն» փակ դռների ետեւում հանդիպումներում։ Ստացվում է, եթե սեփականաշնորհման հարցում որեւէ կառավարություն իրեն չի արդարացրել, եւ այդ կառավարությանը ժամանակին անվստահություն չի հայտնվել, ապա նոր կառավարությանը չպետք է վստահել։ Արդարադատության նախարարն օգտվելով ելույթ ունենալու իրավունքից, պատգամավորներին հիշեցրեց, որ պետք է հստակ որոշեն՝ գնո՞ւմ են սեփականաշնորհման, թե՞ ոչ։ Այս հարցը լուծում է ԱԺ-ն եւ միանշանակ սա նրա իրավասությունն է։ Սակայն սեփականաշնորհման պայմանների որոշողը արդյո՞ք պետք է լինի օրենսդիր իշխանությունը։ Նախարարի ասելով, որեւէ օրենք գործադրողը գործադիր իշխանությունն է. «Շատ լուրջ սխալ կլինի գործադիր իշխանության պայմանագիր կնքելու իրավունքը տեղափոխել ԱԺ։ Սա կնշանակի, բայց լոբբինգի ազդեցության տակ օրենսդիր իշխանությունը կսկսի իր վրա վերցնել գործադիր իշխանության խնդիրներ»։
ԱԺ փոխնախագահ Գագիկ Ասլանյանը չթաքցրեց, որ «Միասնություն» խմբակցությունը նախագծին դեմ է քվեարկելու. «Թող ներկայացվեն վաճառքի պայմանները, հետո կիմանանք, ինչի՞ն ենք դեմ, ինչի՞ն ենք կողմ»։ Ինչպես միշտ Արշակ Սադոյանն իր դերում էր. դիմելով «Հարգելի ռադիոլսողներին, հարգելի բնակիչներին, որ էլեկտրաէներգիա են սպասում, հարգելի գործարանի տնօրեններին» ասաց, թե ընդհանրապես իրենք կողմ են սեփականաշնորհմանը, բայց «ուզում ենք իմանալ, ինչքա՞ն են շահելու այդ բաշխիչ ցանցերը մեկ կվտ ժամից, ինչքա՞ն է նրանց ծրագրավորված շահույթը» եւ ինչո՞ւ են գնորդները «այդքան ահավոր գումարներ ներդնելու»։ Ի դեպ, պրն Սադոյանը չմոռացավ դիմել հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին ասելով. «Տեսել եմ, զգացել եմ, ի՞նչ է կատարվում, երբ քվեարկություններն են լինում»։
ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը չէր կարող չպատասխանել. «Հանրապետականները ճնշման տակ չեն քվեարկել եւ չեն քվեարկելու»։ Այդ պահին դահլիճից դուրս եկող Գալուստ Սահակյանը (ՀՀԿ խորհրդի անդամ) ձայնակցեց՝ «բա՛»։ Կատակը՝ կատակ, բայց խորհրդարանը անհանգիստ էր։ Որոշ պատգամավորներ անհանգստանում էին, որ էներգետիկ բաշխիչ ցանցի սեփականաշնորհման հարցը քաղաքականացվեց, բայց նաեւ ընդունում էին, որ առանց դրա չէր լինի։ Ոմանք էլ այն կարծիքին էին, որ եթե ձգտում ենք այնպիսի համակարգ ունենալ, ինչպիսին գործում է զարգացած երկրներում, ուրեմն պետք չէ այսպիսի գործ բռնենք՝ սեփականաշնորհումը կառավարության խնդիրն է, եթե վստահում ես կառավարությանը, ուրեմն՝ թող աշխատի։ Պատգամավորների մի շրջանակ էլ այն տեսակետն ուներ, որ մենք սովոր ենք մի բան վաճառել, հետո գոռալ՝ առան-տարան, թալանեցին, ձրի տվեցինք։ Ավելի լավ չէ՞, նախօրոք քննարկել, ամենքն իմանան ինչն ինչոց է։ Էներգետիկ բաշխիչ ցանցի սեփականաշնորհման հարցի մասին օրենքի նախագծի քվեարկությունը Արթուր Բաղդասարյանի առաջարկով հետաձգվեց 15 օրվա ընթացքում։
Կարդացեք նաև
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ