Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գրանդ Տոբակոն» տապալեց կառավարության օրինագիծը ընդդիմադիր կուսակցությունների եւ «Միասնության» որոշ «ձեռնպահ» քվեարկած պատգամավորների միջոցով

Մարտ 22,2000 00:00
tobako

Ապրիլի 1-ից ծխախոտը կթանկանա եւ սա «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» օրինագծի տապալման հետեւանքն է։ Կառավարության տեղեկանքում, որ նախապես բաժանվել էր պատգամավորներին, նշված էր, որ ապրիլի 1-ին դադարում է գործել կառավարության որոշումը ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարներ սահմանելու վերաբերյալ։

Ըստ այդմ, Հայաստանում արտադրվող ծխախոտի 1 արկղի համար սահմանված էր 105 դոլարին համարժեք դրամի հարկ, իսկ Հայաստան ներմուծվողի համար՝ 150 դոլարի չափով վճար։ Եթե որեւէ այլ ելք չգտնվի՝ ապրիլի 1-ից ուժի մեջ կմտնի ծխախոտի արտադրանքի հարկման ընդհանուր կարգը, որի հարկաչափերը զգալիորեն գերազանցում են ներկայումս սահմանվածին։ Կառավարությունը կանխատեսել էր. «Մինչեւ ապրիլի 1-ը խնդրի կարգավորման ուղղությամբ համապատասխան օրենսդրական քայլերի չիրականացումը կարող է հանգեցնել ոչ միայն մաքսանենգության կտրուկ աճի եւ դրանով հանդերձ շուկայում անհավասար մրցակցության խորացման, այլ նաեւ՝ պետական բյուջեի եկամուտների կորստի»։

Այս հեռանկարի իրական դառնալու դեպքում պարտական ենք լինելու «Օրինաց երկիր» խմբակցությանը, որ «ձեռնպահ» քվեարկեց, ԱԺՄ-ին, որ բացառությամբ «կողմ» քվեարկած Արշակ Սադոյանի՝ էլի «ձեռնպահ» մնաց։ Ծխողները նաեւ հատուկ շնորհակալություն պիտի հայտնեն «դեմ» քվեարկած կոմկուսին եւ «Իրավունք եւ միաբանությանը», եթե իրականանան ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Վարդան Բոստանջյանի կանխատեսումները եւ ապրիլի 1-ից ծխախոտի գինը կրկնակի աճի։ Գուցե թե այս առումով վատ չէ՝ շատերը ստիպված լինեն թողնել ծխելը։ Բայց այսուհանդերձ, տարօրինակ է, որ նույն այս կուսակցություններն իրենց նախընտրական ծրագրերում եւ միշտ ճառում են հարկային բեռի թեթեւացման ու սպառողների իրավունքների պաշտպանության մասին։ Իսկ այս օրինագծով հենց նախատեսվում էր ծխախոտի արտադրանքի իրացումն ազատել ավելացված արժեքի հարկից եւ առաջարկվող դրույքաչափերով էլ (80 դոլար Հայաստանում արտադրվող եւ 100 դոլար ներմուծվող ծխախոտի համար) էլի որոշակիորեն հարկման բեռը նվազում էր։ Սակայն տեղական արտադրողը՝ այս ոլորտում մենատեր «Գրանդ Տոբակո» ձեռնարկությունը, դժգոհ էր այս օրինագծից եւ այս լոբբինգը վճռորոշ ազդեցություն ունեցավ։

Պատգամավորական խմբակցությունների հետ նախապես ունեցած հանդիպումների ընթացքում ձեռնարկության ղեկավարները փոխանցել էին այս դժգոհությունները, որ եթե հաշվի առնեն նաեւ կենսաթոշակային հիմնադրամին եւ իրենց այլ մուծումները, որոնք չկան ներմուծողների պարագայում՝ վերջիններիս հետ գրեթե հավասար պայմաններում են հայտնվում։ Մինչդեռ մեր զրույցի ընթացքում ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ասաց, թե այս օրենքը «տեղական արտադրողին տալիս էր մոտավորապես 25% տեղում հարկերի տարբերություն։ Հավելեք տրանսպորտային ծախսերը եւ կհամոզվեք, որ տարբերությունը մինչեւ 35%-ի էր հասնում։ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող 50 հազարից ավելի ապրանքները նման հարկային տոկոսադրույքային առավելություն չունեն ներկրողի նկատմամբ, ինչ ունեն ծխախոտ արտադրողները»։

Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031