Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ Է ՀԵՏԵՎԵԼՈՒ, ՈՐ ՉՉԱՐԱՇԱՀՎԻ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Մարտ 22,2000 00:00
davit harutyunyan

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին խնդրեցինք պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ նախարարությունն արտոնագրելուց հետո չի հետեւում, որ լրատվամիջոցներն իրենց գործունեությունը ծավալեն օրենքներին համապատասխան։ Մասնավորապես, ինչո՞ւ նախարարությունը նման գործելակերպի անթույլատրելիության մասին պաշտոնապես չի զգուշացնում 1-2 լրատվամիջոցների, որոնք հետեւողականորեն զանց են առնում էթիկայի բոլոր կանոնները՝ անվանարկելով մարդկանց, ոտնահարելով նրանց պատիվն ու արժանապատվությունը՝ «Կարծում եմ, որ դա նախարարության գործառույթը չպետք է լինի,- ասաց Դավիթ Հարությունյանը՝ պարզաբանելով, թե իրենց խնդիրը չէ մամուլի թե՛ քրեական, թե՛ քաղաքացիական ոլորտի իրավախախտումների առկայությունը։- Այլ հարց է, որ պետք է մտածենք եւ որոշ փոփոխություններ անենք քաղաքացիական օրենսգրքում ընդլայնելով վնասի հասկացությունը եւ ընդգրկելով նաեւ մեզանում ընդունված տերմինաբանությամբ՝ բարոյական վնասը, ինչը շատ երկրներում կոչվում է հոգեկան վնաս»։

Հավելենք, որ այս դեպքում կարելի կլինի բարոյական վնասի փոխհատուցման խնդիր արծարծել դատարանում, որն այժմ նախատեսված չէ։ Իսկ Դավիթ Հարությունյանն այս առումով մեկ այլ կարեւոր հանգամանք էլ մատնանշեց. «Սա թույլ կտա նաեւ ապաքրեականացնել որոշ պատիժներ։ Այսօր մարդիկ իրենց իրավունքների պաշտպանության համար շատ հաճախ դիմում են քրեական իրավունքի օգնությանը հենց այն պատճառով, որ բացակայում է հոգեկան վնասի հասկացությունը»։

Մամուլում էթիկայի կանոնների խախտման դեպքերի առնչությամբ էլ էր արդարադատության նախարարն առավել կարեւորում օրենսդրական համապատասխան փոփոխությունը։ Խոսքը նոր օրենքի ընդունման անհրաժեշտության մասին է. «Այն, որ նախկին օրենքը սպառել է իրեն՝ կարծում եմ, բոլորիս արդեն պարզ է։ Եվ նոր օրենքն առաջին հերթին լրագրողների կորպորատիվ կառույցի խնդիրն է, քանի որ հենց դուք պիտի շահագրգիռ լինեք, որ պահպանվեն ձեր իսկ կողմից սահմանված էթիկայի կանոնները»։

Ի դեպ, պրն Հարությունյանը պարզաբանեց, թե պետական մարմինների իրավասությունների ընդլայնումն այս առումով անթույլատրելի է համարում. «Քանի որ սա կարող է վերածվել նաեւ գրաքննության։ Բացի այդ, գրաքննության ետեւից էլ հասնել գրեթե հնարավոր չէ։ Այսօր գրանցված են շուրջ հազար լրատվամիջոցներ։ Հավանաբար, դրանց չնչին մասն է գործում։ Բայց, այնուամենայնիվ, այս ամենը վերլուծելու եւ ուսումնասիրելու հնարավորություն նախ մեր պետությունը չունի ու նաեւ, կարծում եմ, այդ միջամտության խնդիրը չունի։ Այս հարցերը կարող են կանոնակարգվել, ինչպես արդեն ասացի՝ քաղաքացիական եւ քրեական իրավունքների ոլորտներում»։

Ինչեւէ, արդարադատության նախարարը հույս հայտնեց, որ մոտ ժամանակներս «առաջին հերթին՝ լրագրողների դատին» կներկայացվի ԶԼՄ-ների մասին նոր, առավել կատարելագործված օրենքը։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031