Հարգելի «Առավոտի» խմբագրություն
Մարտի 18-ի խմբագրականում դուք մասնավորապես նշում եք. «Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցուցաբերելով խարդավանքների վիրտուոզ վարպետություն, կարողացավ վերահսկողություն հաստատել իշխանության վրա»։ Անկեղծ ասած, համամիտ եմ, որ Ռոբերտ Քոչարյանը խարդավանքների վարպետ է, բայց տարօրինակ է, որ այդ «վարպետությունը» գնահատում են դրական։ Ընդհանրապես մարդիկ խարդավանքների են դիմում թշնամիների դեմ, իսկ այս դեպքում ո՞վ կամ ինչպե՞ս է նախագահի թշնամին, իր իսկ իշխանությո՞ւնը, իշխանության այս կամ այն թե՞ւը, վարչապե՞տը, «Միասնությո՞ւնը», երկրապահնե՞րը, որոնց շնորհիվ փաստորեն Քոչարյանը նշանակվել է նախագահ։ Նման խարդավանքը մեկ անգամ եւս ապացուցեց, որ այս նախագահը իր փաստացի անգործունեությունը, անճարակությունը փորձում է գործնական ուժի վերածել սեփական երկրի դեմ, որն արդեն իսկ արտահայտվել է նախկին իշխանությունների, Բլեյանի եւ Սիրադեղյանի դատավարությամբ, 27-ի դեպքերին հաջորդած անկանոն, ցնցումներով լի հայտարարություններով, դրանից առաջ կատարված սպանություններով։
Մինչդեռ Հայաստանի ողբալի վիճակը թե՛ տնտեսապես, թե՛ քաղաքականապես ավելի է խորանում եւ, ավաղ, մնում ենք մեկուսացված արտաքին աշխարհից՝ բոլոր առումներով, բացառությամբ արտագաղթը։ Շատ, շատ եմ ցավում, բայց ստիպված եմ խոստովանել, որ այս մարդը բացի խարդավանքներից ուրիշ ոչինչ չբերեց Ղարաբաղին եւ չտվեց մեր հանրապետությանը։ Ամեն ինչ կարելի է փոխել, բայց մարդու բուն էությունն անհնար է… Ուրեմն որքան շուտ ազատվենք նենգ, հիշաչար, վրեժխնդիր այս նախագահից, այնքան լավ մեզ համար, այնքան լավ մեր վաղվա օրվա համար։
Հուսով եմ, գրությունս կհամարձակվեք տպագրել։
Կարդացեք նաև
ՀԱՅԿ ԵՂՅԱՆ,
Լոս Անջելես
Տպագրում ենք մեր հայրենակցի նամակը որպես կարծիք՝ այն վերապահումով, որ Հայաստանի նախագահի մասին, ավելի ճիշտ կլինի, կարծիք հայտնեն Հայաստանի քաղաքացիները։