Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՏԵՌՈՐԻՍՏՆԵՐԻՆ ԱՄԵՆԱԾԱՆՐ ՊԱՏԻԺՆ Է ՀԱՍՆՈՒՄ»

Մարտ 22,2000 00:00
Paruyr Hayrikyan

ՀՀ նախագահին կից մարդու իրավունքների հանձնաժողովը՝ նախագահ Պարույր Հայրիկյանի գլխավորությամբ, հերթական նիստն անցկացրեց։ Հանձնաժողովն իր առաջ խնդիր էր դրել ընդգծել, որ տեռորիզմը մարդու իրավունքների դեմ մեծագույն հանցագործություններից մեկն է, սակայն «տեռորիզմի դեմ պայքարում տեռորիստական որեւէ դրսեւորում մենք պետք է կարողանանք բացառել»։ Հոկտեմբերի 27-ի գործով կալանված Ալեքսան Հարությունյանի եւ Հարություն Հարությունյանի փաստաբանների հայտնի հայտարարություններից հետո Հայրիկյանի գլխավորած հանձնաժողովն այցելել է կալանավորներին։

Պարույր Հայրիկյանը վստահեցրեց, որ «տեռորիստներին լինչի դատաստանի պետք է ենթարկել։ Տեռորիստին ամենածանր պատիժն է հասնում, բայց նա ունի մարդկային իրավունքներ, ե՛ւ Սահմանադրությունը, ե՛ւ օրենքները մեզ համար անփոխարինելի են»։ Մարդու իրավունքների հանձնաժողովը մի շարք առաջարկներ արեց այս ուղղությամբ։ Առաջինն այն է, որ հանձնաժողովը մշտական ուշադրության կենտրոնում է պահելու հոկտեմբերի 27-ի գործով կալանավորվածներին, պարբերաբար այցելելու է նրանց։

Հանձնաժողովի հաջորդ առաջարկը վերաբերում է խոշտանգումներին։ ՀՀ-ն 93 թվականից մի շարք միջազգային փաստաթղթեր է ստորագրել խոշտանգումների դեմ, ուրեմն պարտավոր է իրավական առումով կանխարգելել որեւէ խոշտանգում որեւէ կալանավորի նկատմամբ։ Հաջորդ առաջարկը՝ գործը զինդատախազության վարույթից տեղափոխել գլխավոր դատախազի վարույթ։ Բոլոր այս առաջարկները հանձնաժողովն ընդունեց, բացի մեկից, այն է՝ միջազգային փորձագետ կամ դիտորդ հրավիրել՝ գործի նախաքննությանը հետեւելու համար։ Այս առաջարկին առաջինը դեմ արտահայտվեց հանձնաժողովի անդամ Լեւոն Մկրտչյանը։ Ի վերջո, առաջարկը չանցավ։

ԱԱ նախարարության քննչական մեկուսարանում երեք հանդիպում է տեղի ունեցել Հարություն Հարությունյանի, Ալեքսան Հարությունյանի եւ Նաիրի Հունանյանի հետ։ Այցելության արդյունքները ներկայացնող Հովհաննես Ասրյանն ասաց, որ Հարություն Հարությունյանի հետ զրույցի ընթացքում վերջինս հայտնել է, որ մեկուսարանի պայմաններից եւ անձնակազմից դժգոհելու առիթ ինքը չունի, անդրադարձել է իր նկատմամբ կիրառված բռնությունների փաստերին։ Բառացի շեշտվեց, որ իրեն ծեծի ենթարկողները ԱԱ նախարարության աշխատակիցներ չեն եղել, դրանք եղել են այլ անձինք։ Բռնությունները ուղեկցվել են բարոյահոգեբանական ճնշումներով, սպառնացել են, որ բռնություններ տեղի կունենան նրա անչափահաս աղջկա եւ կնոջ նկատմամբ։

Հարություն Հարությունյանն անդրադարձել է նաեւ զինվորական դատախազությունում սուրճի միջոցով իրեն դեղանյութեր խմեցնելու հարցին։ Նա ասել է նաեւ, որ հստակ չի կարող մտաբերել՝ այդ ընթացքում ինքը որեւէ փաստաթուղթ ստորագրե՞լ է, թե՞ ոչ։ Այդ պահից սկսած Հ. Հարությունյանը հրաժարվել է զինվորական դատախազությունում որեւէ ցուցմունք տալ։

Նաիրի Հունանյանի հետ հանդիպման ժամանակ վերջինս հաստատել է, որ իր խոշտանգումների վերաբերյալ մամուլում եղած հրապարակումները համապատասխանում են իրականությանը։ Նրա ասելով՝ քննչական թիվ 1 մեկուսարանում 10 օր իրեն զրկել են քնելու հնարավորությունից։ Ալեքսան Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ վերջինս հանձնաժողովի անդամներին հայտնել է, որ իր նկատմամբ կարելի է սպասել շարիաթի դատաստանին։ Մեկուսարանում, դիմակավորված անձանց կողմից ինքը ենթարկվել է ծեծի, բայց Ա. Հարությունյանը ընդգծված ասել է, որ դրանք չեն եղել ԱԱ նախարարության աշխատակիցներ։ Նա նույնպես հայտնել է, որ ինքը վստահություն չունի զինվորական դատախազության հանդեպ, եւ հրաժարվել է ցուցմունքներ տալ։ Մարտի 13-ին մեկ այլ խմբով հանձնաժողովի անդամներն այցելել են թիվ 1 մեկուսարան, այստեղ հանդիպել են Մուշեղ Մովսիսյանին։ Վերջինս պատմել է, որ իրեն 99 թ. նոյեմբերին ենթարկել են խոշտանգումների, հարվածներ են հասցվել ոտնաթաթերի տակ, ենթարկվել է հոգեբանական ճնշումների։

Նիստի ընթացքում Պարույր Հայրիկյանը, չմոռացավ մանրամասն ներկայացնել նաեւ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հետ իր հանդիպման մասին։ Բնականաբար, պարոն Ջհանգիրյանն ասել է, թե որեւէ բռնարարք չի եղել, սուրճի եւ կոկա-կոլայի մասին ասվածները հնարովի բաներ են եւ, եթե տարբեր մարդկանց պայմաններն իրար նման են, ապա դա, ըստ զինվորական դատախազի՝ մեկ բացատրություն կարող է ունենալ. պաշտպանական մարտավարություն է։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031