Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԺԿ-Ն ՆԱՀԱՆՋԵՑ

Մարտ 21,2000 00:00
canc

Բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման համար այլեւս որեւէ խոչընդոտ չկա։ Չնայած էներգետիկ 4 բաշխիչ ցանցերը սեփականաշնորհման ցանկից հանելու հարցով արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը 54 պատգամավոր էին միացել իրենց ստորագրություններով, սակայն երբ երեկ այս խնդիրը պիտի էլեկտրոնային քվեարկությամբ լուծվեր՝ ընդամենը 42-ը կողմ քվեարկեցին։ Եվս երկու ձայնը բավարար կլիներ, որ հրավիրվեր այդ արտահերթ նիստը։ Սակայն նախ դահլիճում շատ քիչ էին պատգամավորները եւ ապարդյուն էր Սերգեյ Իսրայելյանի տեղից առաջարկը նախագահողներին՝ դիմել պատգամավորներին, որ գան դահլիճ քվեարկության։

ԱԺ փոխնախագահ Գագիկ Ասլանյանն այս առումով որեւէ շահագրգռություն հանդես չբերեց։ Տեղն է նշել, որ չնայած ՀԺԿ քաղաքական խորհուրդը որոշել էր միանալ այս արտահերթ նիստը հրավիրելու նախաձեռնությանը՝ ՀԺԿ գրեթե բոլոր պատգամավորները վճռական պահին «ձեռնպահ» քվեարկեցին, որ «դեմ» քվեարկելու փոքր-ինչ քողարկված տարբերակն է։ ՀԺԿ-ից «կողմ» քվեարկեցին միայն Հմայակ Հովհաննիսյանն ու Արամայիս Բարսեղյանը։ Ընդհանրապես «կողմ» քվեարկությունների պատկերը բավական հետաքրքրական է։ Անհատ պատգամավորները, հատկապես, այսպես կոչված, թաղային հեղինակությունները, որոնք այս խորհրդարանի թագն ու պարծանքն են՝ դեմ էին, որ մեր էներգացանցերը հայտնվեն օտարի վերահսկողության ներքո։

Այստեղ միտումը հասկանալի է՝ ցանկանում են, որ այս «ոսկեբեր գետակները» շարունակեն մնալ իրե՛նց վերահսկողության ներքո։ Չնայած խորհրդարանի փոքրամասնություն կազմող կուսակցություններն իրենց գերակշիռ մասով արտահերթ նիստի հրավիրման կողմնակից էին, բայց այստեղ էլ կային տարբերություններ։ Ասենք, ՀՅԴ խմբակցությունից «ձեռնպահ» էր քվեարկել Աղվան Վարդանյանը։ ԱԺՄ-ից՝ Սեյրան Ավագյանը, որ այս բաշխիչ ցանցերի մրցութային հանձնաժողովի անդամ է, քվեարկել էր «ձեռնպահ» ի տարբերություն իր կուսակցական ընկերների։ Այս հանձնաժողովի մյուս անդամը՝ Գագիկ Մինասյանը, Հանրապետական կուսակցության մի քանի անդամների հետ միասին «դեմ» քվեարկեց։ Ի դեպ, ընդամենը 7 հոգի քվեարկեցին «դեմ»։ Ինչեւէ, բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման գործընթացին այլեւս ոչինչ չի սպառնում։ Չնայած կարելի էր գրել նաեւ առայժմ՝ հաշվի առնելով նման նախաձեռնություններով հանդես եկողների փորձը եւ համառությունը։

Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031