Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նախագահի հետ հանդիպելը հանցագործությո՞ւն է»

Մարտ 21,2000 00:00
Hmayak Hovhannisyan

Հարցնում է ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը

Վերջին օրերի հրատապ թեմաների հիթ-շքերթում ՀԺԿ վարչության քաղաքական խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանի անունը փորձում է տեղավորվել առաջին տասնյակում։ Մեկ պրն Հովհաննիսյանը հայտարարում է, թե պետք չէ «Միասնություն» դաշինքը ֆետիշացնել, մեկ էլ լուրեր են պտտվում, թե նա առանձին հանդիպումներ է ունենում հանրապետության նախագահի հետ։ Երեկ էլ պրն Հովհաննիսյանը հայտարարեց, որ ինքը «Միասնության» հայտնի հայտարարության տեքստի մշակմանը չի մասնակցել։

Իսկ ՀՀ նախագահի հետ հանդիպումների վերաբերյալ մեր հարցին հարցով պատասխանեց Հմայակ Հովհաննիսյանը. «Իսկ ի՞նչ է, նախագահի հետ հանդիպումը հանցագործությո՞ւն է։ Ինչի՞ մասին է խոսքը։ Ի՞նչ է եղել, մենք հո չե՞նք կարող ֆետիշացնել դաշինքը։ Այդ դաշինքում ընդգրկված են նաեւ ազգային գործիչներ, ովքեր ունեն կենսագրություն, ովքեր տասը տարի տառապել են, ծառայել են ժողովրդին, ովքեր մտածել են, փնտրտուքի մեջ են եղել այս տասը տարիների ընթացքում, ովքեր իրենց կարծիքն են ունեցել, ինքնուրույն դեմքեր են եղել, եւ պարզ է, որ կարող են հանդիպել ե՛ւ նախագահի հետ, ե՛ւ պաշտպանության նախարարի, ե՛ւ վարչապետի հետ, որպես ազգային գործիչ Հմայակ Հովհաննիսյան»։ Մեր հարցին՝ ազգային գործիչ Հմայակ Հովհաննիսյանի կարծիքները որքանով են համընկնում ՀԺԿ վարչության քաղաքական խորհրդի տեսակետներին, դարձյալ պրն Հովհաննիսյանը հարցով պատասխանեց. «Իսկ ո՞ր քաղխորհուրդը նկատի ունեք»։ Իհարկե ՀԺԿ վարչության քաղաքական խորհուրդը նկատի ունեի։

«ՀԺԿ-ի քաղխորհրդի ոչ մի որոշման հետ ես հակասության մեջ չեմ մտնում»։ Իսկ քաղխորհո՞ւրդը պրն Հովհաննիսյանի հետ. «Ես նորից եմ ասում, կա կուսակցության ծրագիր. դա գերագույն օրենքն է կուսակցության համար, մարդիկ գալիս են երդվելով՝ կատարել ծրագրի պահանջները։ Սա է կուսակցության իմաստը, կուսակցական աշխատանքի հիմնական օրենքը։ Ես իմ ցանկացած ելույթում ելնում եմ ՀԺԿ-ի ծրագրից, որի մշակման գործում անմիջական մասնակցություն եմ ունեցել»։ Մանավանդ, եթե այդպես է, կուսակցությունը չպետք է իմանա քաղխորհրդի անդամի հանդիպումների մասին, եթե գիտի, ինչպես է արձագանքում. «Կուսակցության նախագահի պաշտոնակատարը տեղյակ է, իսկ կուսակցության ղեկավարությունը օժտված է այդ հատկություններով՝ հանդիպել ամենաբարձր աստիճանի գործիչների հետ»։

Մեր կարծիքով չի բացառվում, որ պրն Հովհաննիսյանն իր հանդիպումներից մեկի մասին է տեղյակ, եւ հետո, Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով մեր թերթում հրապարակված լուրի այն մասը, որ վերաբերվում է Հմայակ Հովհաննիսյանին պաշտոն առաջարկելուն, ապատեղեկատվություն է. «Ոչ թե նախագահի նախաձեռնությամբ է տեղի ունեցել այդ հանդիպումը, այլ իմ նախաձեռնությամբ, որպես ազգային գործիչ, որպես քաղաքագետների միության նախագահ»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031