Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ Է՞Լ ԼՈՔՅԱՆԸ ՄԵՂԱՎՈՐ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ

Մարտ 21,2000 00:00
loqyan

Անցած շաբաթավերջին էներգետիկայի նախարարության լրատվական կենտրոնը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ Դավիթ Լոքյանի արտահայտությունները որակվել էին արտագաղթին նպաստող եւ «ողջ երկրի տնտեսության հիմքերի խարխլման» վտանգով հղի։

Հասցեագրե՛ք քննադատությունը

Մի փութ մեղրով իսկ չուտվելիք այս դառը կշտամբանքների համար առիթ էին ծառայել «Հայլուր» ծրագրով Դավիթ Լոքյանի այն պնդումները, թե «ամբողջ էներգետիկ համակարգը կոռումպացված է» եւ «1992-95 թթ. էներգետիկ ճգնաժամը պատճառ է այդ համակարգում տեղի ունեցած չարաշահումների»։ Էներգետիկայի նախարարության ԼԿ-ն էլ իրենց շահագրգռությունը հայտնելով համակարգում տեղ գտած չարաշահումները բացահայտելու գործում, այնուամենայնիվ, նշել է. «Նման արտահայտություններն էլ ավելի են շիկացնում երկրի առանց այդ էլ լարված մթնոլորտը, ավելի է խորանում անվստահությունն իշխանությունների նկատմամբ, ինչն էլ նպաստում է արտագաղթին»։ Հայտարարության մեջ նաեւ ասված է, որ էներգետիկ համակարգում աշխատում է ավելի քան 20 հազար մարդ եւ նրանք ճգնաժամի տարիներին «տառապել են նույնքան, ինչքան եւ ինչպես մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի»։

Բացի այդ, հազարավոր ազնիվ եւ բանիմաց մասնագետներ կան, որոնք «երբեւէ չառնչվելով «կոուպցիային», գիշեր ու զօր ապահովում են համակարգի անխափան, հուսալի աշխատանքը»։ Էներգետիկայի նախարարության ԼԿ-ն կոչ է արել 1992-1995 թթ. էներգակիրների ներկրման, արտադրված էլեկտրաէներգիայի սպառման, էներգետիկ համակարգում օգտագործված վարկերի ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողովի նախագահին եւ հանձնաժողովի բոլոր անդամներին՝ «չարաշահումների մասին տեղեկությունները ներկայացնել հասցեագրված, իրերը կոչել իրենց անուններով, զերծ մնալ էներգետիկ ողջ համակարգի նկատմամբ ընդհանրացված վիրավորական պիտակավորումներից, ինչը հղի է համակարգի, հետեւաբար նաեւ՝ ողջ երկրի տնտեսության հիմքերի խարխլման վտանգով»։

95 %-ին չի վերաբերում Դավիթ Լոքյանը, որ նոր է վերադարձել ԱՄՆ-ից, մեր միջոցով ծանոթացավ այս հայտարարությանը եւ անմիջապես հայտնեց իր վերաբերմունքը. «Ճիշտն ասած, չեմ կիսում նման մտահոգությունները։ Ընդհակառակն։ Եթե մենք որեւէ անձնավորության կամ ձեռնարկության անուն տվել ենք՝ նաեւ հստակ նշել ենք, թե ինչի հետ է կապված դա։ Եվ այն 20 հազար մարդիկ, որոնք այդ համակարգում ազնվորեն աշխատում են գիշեր ու ցերեկ, կարծում եմ, նրանցից յուրաքանչյուրը շատ լավ գիտակցում է, որ այն ամենն, ինչ հանձնաժողովը ներկայացնում է՝ իրենց չի վերաբերում։ Այդ համակարգի բազմաթիվ մարդկանց ենք հանդիպել, որոնք շատ ու շատ ուրախացած են, քանի որ իրենք առավել լավ են գիտակցում այն դարդն ու ցավը, որ կա այս համակարգում։ Եվ իզուր է էներգետիկայի նախարարության ԼԿ-ն այդպես կարծում, թե մեր հանձնաժողովը տեղյակ չէ, որ այդ համակարգում 95 %-ը կարգին քաղաքացիներ են աշխատում, որոնք գիտեն տնտեսություն, Հայրենիք եւ այլն։ Ես իմ ելույթներում նույնիսկ այդ շեշտադրումով բառեր էլ եմ արտասանել։ Ցավում եմ, որ լրատվական կենտրոնի մասնագետները դրանք չեն նկատել»։

Ընդհանրացված, հասցեատերը չորոշակիացված հայտարարություններն, անուամենայնիվ, կարող են ընկալվել որպես ամբողջ համակարգին ուղղված մեղադրանք՝ մեր այս դիտողությանն ի պատասխան Դավիթ Լոքյանն ասաց. «Երբ խոսում ենք որոշակի ձեռնարկության կատարած չարաշահման մասին, հասկանալի է, որ պատասխանատուներն այդ գործառույթն իրականացրած մարդիկ են։ Չի կարող բարձրավոլտ էլեկտրացանցի սյունը լեռներում տնկողը մասնակից լինել մազութի ներկրման գործընթացին։ Այնպես որ, համոզված եմ, որ այդ բանիմաց մասնագետներն իրենց ոչինչ չեն վերագրել իմ ասածներից»։

Պրն Լոքյանին խնդրեցինք անդրադառնալ նաեւ այն կշտամբանքին, թե իր հայտարարություններն անուղղակիորեն նպաստում են արտագաղթին. «Գուցե էներգետիկայի նախարարության լրատվական կենտրոնը ժամանակի՞ն պիտի ասեր, թե այս երկրում ինչից ծագեց արտագաղթը։ Այն երեւի սկսվեց այն խավար ու մութ տարիներին»։ Էներգետիկայի նախարարության հայտարարության այն պնդման առնչությամբ, թե Դավիթ Լոքյանի արտահայտություններն էլ ավելի են շիկացնում երկրի լարված մթնոլորտը, վերջինս ասաց. «Էներգետիկայի բնագավառի մեր ուսումնասիրությունները քաղաքական այս շիկացած մթնոլորտի հետ չեն կապվում, քանի որ, այսպես ասած, էպոխային տիրույթները տարբեր են»։

Ինչեւէ, այս շաբաթ Դավիթ Լոքյանը խորհրդարանին զեկուցելու է հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքների մասին. «Հուսով եմ, որ փաստերի ներկայացման ժամանակ էներգետիկայի նախարարության նույն լրատվական կենտրոնը կօժանդակի մեզ եւ կդառնա այն օղակներից մեկը, որն իրական փաստերը կփոխանցի հասարակությանը»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031