«Իմ ներվերի վրա եք խաղում, ես էլ… ձեր» «Վահան Հարությունյան եւ մյուսներ» քրեական գործի դատաքննությունը երեկ նույնպես աչքի ընկավ «խառնախոսությամբ» (չակերտներում առնված խոսքը փաստաբան Վանյա Սուքիասյանինն է)։ Իսկ դատարանի վիճակն այսպիսին էր. տուժողներից ինչպես միշտ ներկա էր Մայիս Ռաֆայելյանը, մյուսները՝ Սուքիասյաններ, Կ. Բալայան, Վ. Գրիգորյան, Ս. Ջիլավյան… հերթական անգամ չէին ներկայացել դատարան։ Եթե մի քանի նիստ առաջ չէինք տեսնում ամբաստանյալների հարազատներին, հիմա կարծես այս հարցը կարգավորված է եւ ամբաստանյալների հարազատների տեղերը գնալով աճում են։
Վերջին երկու նիստերին գործում ներգրավված պաշտպանների թիվը նոսրացել եւ տատանվում է 4-5-ի վրա, ինչը վերջապես նկատեց դատավոր Ռ. Թովմասյանը։ Վերջինս դիմեց ամբաստանյալներ Մ. Առաքելյանին, Ա. Շահբազյանին, Ա. Խաչատրյանին, Գ. Պետրոսյանին՝ նիստը առանց պաշտպանների շարունակելու համար։ Ուշացումով եկավ Բուռնաշի պաշտպանը, նույն ինքը՝ Վահան Հարությունյանի պաշտպան Ռ. Բալաբանյանը։
Առաջին ընդմիջումից հետո ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Հովսեփյանը գնաց ու չվերադարձավ։ Նախորդ նիստին մեղադրողների կազմը երեք հոգուց էր բաղկացած։ Դատավոր Ռ. Թովմասյանն ընդհանրապես չի հարցնում. վկաներ կա՞ն նիստերի դահլիճում, թե՞ ոչ։ Վանյա Սուքիասյանի հարցերը վերաբերում էին խլացուցիչ զենքի առգրավմանը, Տեր-Սահակյանի խմբի հրամանագրմանը, Արծրունու «ոտքերին կրակելուն»։ Վահան Սերգեյիչը փաստեց, թե «Վանոն Արծրունու ոտքերի հետ կապ չունի»… Մի դեպքում ասաց, թե Տեր-Սահակյանի խմբի ցուցմունքներին է ծանոթացել, ուր իրեն ոչ ոք չի մեղադրել («իմ մասով չեմ հիշում ցուցմունք»), հետո փորձեց «հիմնավորել», թե ինչո՞ւ է դիմում գրել, որ հանրապետությունից դուրս է գալիս։
Կզարմանայինք, եթե «քաղաքական» անցումներ Վահան Սերգեյիչը չկատարեր։ Դատաքննությունը կշարունակվի այսօր։
Կարդացեք նաև
Ռ. Մ.
ԿԱՍԿԱԾԱՄԻՏ ՖԻԼԱՐԵՏԸ
Հարգելի պրն Աբրահամյան Ձեր թերթի մարտի 17-ի համարում տպագրված ինձ հետ Մարգարիտ Եսայանի անցկացրած հարցազրույցում կոնտեքստից անջատված են մտքեր, որի արդյունքում աղավաղվել են շատ պատասխանների բուն էությունը։ Մասնավորապես հանիրավի Վահե Վարսանյանին է վերագրվել «առանձին թղթակից կանչելը»։ Խնդրում եմ այս նամակը տպագրեք Ձեր օրաթերթի մոտակա համարներից մեկում։
ՖԻԼԱՐԵՏ ԲԵՐԻԿՅԱՆ
ԱԺՄ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր
Սիրով տպագրում ենք պրն Բերիկյանի արձագանքը։
Հասկանալի է, չենք կիսում Ֆիլարետ Բերիկյանի կարծիքը եւ, իբրեւ մեր անհամաձայնության ապացույց, տպագրում ենք հարցազրույցից մի հատվածի շարունակությունը. «…Ես էլ ասացի՝ գիտե՞ս ինչ, Վահե ջան, 90 թվականից 94 թվականը, այ, էստեղ շատ մարդիկ կան, որ հիմա քաղաքականության մեջ են, կյանքից թանկ բան չկա, բայց իրենք խրամատներում կանգնած կյանքը դրած պայքարեցին ու շատերը զոհվեցին, մի մասը ետ է եկել, մենք հիմա իրենց ասում ենք՝ դուք հեռու մնացեք քաղաքականությունից, ասում ենք՝ երեսով մի տվեք ձեր ծառայությունները։ Ես ասացի, որ երկիրը էն արժեքն է, որից երբեք ակնկալիք պիտի չունենա ետ ինչ-որ բան ստանալու։ Չի կարելի, էդ առեւտրականի հոգեբանություն է, եւ նույն բաները ես ասացի Վահեին, որ չի կարելի նման ելույթներ ունենալ եւ հետո էլ դրսից տղա կանչել «Առավոտ» թերթին, «Հայկական ժամանակին», «Հայլուրին»։
Մ. Ե.
«ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՎՃԻՌԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆԸ»
«Ազատություն» ռ/կ-ի հայկական ծառայության երեկվա հաղորդման համաձայն, Վիեննայում գործող միջազգային մամուլի հաստատությունը հրապարակել է տարբեր երկրներում մամուլի ազատության վերաբերյալ իր ամենամյա հաշվետվությունը՝ 1999-ն այս առումով անվանելով «մռայլ տարի»։ Հաշվետվության մեջ Հայաստանին վերաբերող հատվածը սկսվում է այսպես. «Զրպարտության մասին Հայաստանի քրեական օրենսգրքի 131 հոդվածը ուժեղ գործիք է մամուլի ազատությունները սահմանափակելու համար»։
Խոսքն «Օրագիր» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին վերաբերող սկանդալային պատմության մասին է՝ հաշվետվության մեջ հանգամանալից շարադրված են այս գործի մանրամասները։ Միջազգային մամուլի հաստատության եզրահանգումն է. «Չնայած այն հանգամանքին, որ հարցականի տակ են «Օրագիր» թերթի լրագրողական էթիկայի չափանիշները, դա այնուամենայնիվ չի արդարացնում զրպարտության մասին քրեական հոդվածի գոյությունը։
Զրպարտությունը միշտ պետք է համարվի քաղաքացիական վիրավորանք եւ փոխհատուցվի տուգանքով ու ներողության բովանդակությամբ նյութի հրապարակմամբ։ Փաշինյանի ազատազրկման վճիռը սպառնում է Հայաստանում մամուլի ազատությանը»։ Մեջբերենք նաեւ հետեւյալ դիտարկումը, թե ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում լրագրողների արհեստավարժությանն առնչվող խնդիրների պատճառը կրթության մակարդակի անկումն է եւ անկախությունից հետո այս համակարգը ճիշտ ֆինանսավորելու՝ կառավարության անկարողությունը։
Ա. Ի.