Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ԲԱՆԱԿՈՒՄ ԿՈՇՏ ՀԱՄԱԿԱՐԳ Է ԳՈՐԾՈՒՄ»

Մարտ 21,2000 00:00
Simon baxdasaryan

Հարցազրույց Սեմյոն Բաղդասարյանի հետ

ԱԺՄ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Սեմյոն Բաղդասարյանը ՊՆ-ի ռազմաքաղաքական վարչության պետն էր նույն ժամանակ, երբ Վազգեն Մանուկյանը պաշտպանության նախարարն էր։ Այս պատճառով հետաքրքիր էր իմանալ նրա կարծիքը ՀՀ նախագահի՝ բանակին առնչվող վերջին հրամանագրերի մասին։ «Ես համարում եմ, որ երկրի նախագահը հաստատեց, որ ինքը գլխավոր հրամանատարն է, չեմ խոսում իհարկե նրա մասին, թե ինչքանով դա կհաջողվի, իհարկե կյանքը ցույց կտա, երկրորդը՝ բանակը ինչ խոսք, ուժեղացավ, եւ երրորդը՝ շատ կարեւոր մի բան ֆիքսվեց. որ բանակը պետք է քաղաքական կյանքից հեռու կանգնած լինի։ Այս վերջինը ես շատ եմ գնահատում, որովհետեւ բոլոր ընտրությունների ժամանակ, էլ չեմ ասում 96-ի մասին, հենց ժողովրդավարությունը գալիս էր, դեմ էր առնում բանակի միջամտությանը։ Ես համարում եմ, որ հրամանագիրը մեր պետական կառուցվածքից, մեր Սահմանադրությունից բխող հրամանագիր է, կյանքը ցույց կտա, թե դա ինչքանով էֆեկտիվ կլինի։ Բայց բանակը ինչ-որ բան չկորցրեց առայժմ, միգուցե ինչ-որ բան այնտեղ նույնիսկ լավացավ»։

Մեր հարցին՝ ճիշտ չէ՞ր լինի որ հրամանագրերի մասին նախօրոք տեղյակ պահվեր պաշտպանության նախարարին, պրն Բաղդասարյանն ասաց. «Ես դժվարանում եմ այդ հարցին պատասխանել, որովհետեւ չգիտեմ, տեղյակ պահվել է, թե ոչ։ Եթե տեղյակ պահվել է, ուրեմն շատ լավ է, դա ցույց է տալիս փոխվստահության ըմբռնումների մասին։ Եթե տեղյակ չի պահվել, դա էլի իր իրավունքն է։ Ընդհանրապես բանակում կոշտ համակարգ է գործում՝ հրամանի եւ հրամանի կատարման։ Եթե ֆորմալ մոտենանք, ցանկացած աստիճանի հրամանատարը պարտավոր չի իր հրամանը համաձայնեցնել»։

Ներքաղաքական հետագա զարգացումների մասին պրն Բաղդասարյանը չուզեց գուշակություններ անել. «Կանխագուշակությունը իմ ոճը չէ, ես անկեղծ եմ պատասխանում, ոչ թե խուսափում եմ պատասխանից։ Շատ սխալ կլիներ, եթե նման բարդ հարցերի մասին խոսենք ենթադրությունների մակարդակով։ (…) Ես նախանձով մի բան պետք է ասեմ, որ դժբախտաբար ավելի դժվար ոլորտ կա, քան հրամանատար-բանակ հարաբերությունները, դա մեր ֆինանսատնտեսական ոլորտն է, որը դժբախտաբար ոչ մի հրամանագրով չի կարելի ոչ մի բան անել։ (…) Կարեւորագույն է նաեւ մի կերպ արտագաղթը կանգնեցնելը, նույնիսկ դանդաղեցնելը։ Սա առանց աշխատատեղեր ստեղծելու հնարավոր չէ։ Նույն բանակի հարցը միանշանակ կապված է այս հարցի հետ՝ բանակը մարդկային ռեսուրսներից է օգտվում։ Երկրի մարդկային ռեսուրսները պակասում են, գնում են ամենակարողները, ո՞նց է բանակը պահվելու, ի՞նչ է լինելու»։ Սեմյոն Բաղդասարյանի հետ զրույցում չշրջանցվեց նաեւ վարչապետի տեղին ու դերին վերաբերող թեման։ Երկրում զարմանալի իրավիճակ է՝ մեկ ՀՀ նախագահն է հայտնվում անգլիական թագուհու դերում, մեկ էլ՝ ՀՀ վարչապետը։

Հավանաբար Հայաստանի քաղաքական թատերաբեմում այս դերը խիստ են հավանել. «Անգլիայի թագուհու դիրքը, ըստ Սահմանադրության, տրվել է վարչապետին, քանի գործում է այս Սահմանադրությունը, դա այդպես է։ Դուք շատ լավ գիտեք, որ գրված է Սահմանադրությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի անձին համապատասխան։ Նա ուզում էր լիարժեք 100 տոկոսանոց թագավորի լիազորություններ ունենալ։ Իսկ ինչո՞ւ մյուս նախագահը չպետք է այդ լիազորությունները ունենա։ Երբ որ մենք 95-ին բղավում էինք՝ դեմ քվեարկեք այս Սահմանադրությանը, ուղղակի կներեք բառի համար՝ զոռով անցկացրին»։

Պրն Բաղդասարյանի տեսակետները լսելիս հավանաբար ընթերցողը կհիշի, որ «Ար» հեռուստաընկերության «Հետագիծ» ծրագրին վերջերս տրված հարցազրույցում պրն Սեմյոն Բաղդասարյանի կուսակից, երբեմնի պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը մոտավորապես ասաց, թե ինքը չի պատկերացնում, որ իր՝ պաշտպանության նախարար եղած ժամանակահատվածում նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այդպիսի բան աներ (այսինքն՝ պաշտպանության նախարարությանը վերաբերող հրամանագրեր ստորագրեր առանց նախարարի իմացության)։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031