Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՆՉԱԿՅԱՆ ԱՇԽԱՐՀ

Մարտ 21,2000 00:00
terter

«Առավոտը» եւ «Հայոց աշխարհը» մեր կյանքի որոշ հրատապ հարցերում տրամագծորեն հակառակ տեսակետներ ունեն, եւ դրանում ոչ մի սարսափելի բան չկա։ Դա նույնիսկ լավ է. հուսանք, որ ընդմիշտ են անցել այն ժամանակները, երբ բոլորը պարտադրված էին միատեսակ մտածել։ Ես, օրինակ, ամենայն սառնասրտությամբ եւ առանց որեւէ նախապաշարման եմ այլ թերթերում կարդում «Առավոտի» հրապարակումների հետ բանավիճող նյութերը, եւ որքան էլ դրանք սուր եւ կրքոտ լինեն, փորձում եմ այդ նյութերում գտնել բանական, միտքը շարժող փաստարկներ։ Դա միանգամայն նորմալ պրոցես է։ Աննորմալ է, երբ բանավիճելու փոխարեն մեր գործընկերներն անցնում են հայհոյանքների ժանրին կամ, ինչպես տվյալ դեպքում «Հայոց աշխարհը», գռեհիկ բամբասանքներ են տարածում կին լրագրողի մասին՝ միայն այն պատճառով, որ համաձայն չեն նրա գրածի հետ։

Վստահ եմ, որ կնոջ մասին նման զուտ անձնական բնույթի բամբասանքներ տպագրելը պատիվ չի բերում մտավորականին, լրագրողին եւ ընդհանրապես տղամարդուն։ Նման ոճը վայել է Եղիա Նաճարյանին եւ նրա «Հնչակ Հայաստանի» թերթին։ Ոչ թե գաղափարներին եւ սկզբունքներին, այլ անձերին կպնելը մերժելի եմ համարում բոլոր դեպքերում։ Նույն կարծիքն եմ արտահայտել Արտաշես Գեղամյանի տիկնոջ մասին «Հայկական ժամանակի» գրածների վերաբերյալ՝ անկախ նրանից, թե որքանով են ինձ համար ընդունելի պրն Գեղամյանի հայացքները։ Մյուս կողմից, գտնում եմ, որ հիշյալ թերթի խմբագիրը չափից դուրս խիստ (այն էլ, չգիտես ինչու՝ քրեական) պատիժ ստացավ իր հրապարակման համար։ Տվյալ դեպքում, հաշվի առնելով «Հայոց աշխարհի» քաղաքական ուղղվածությունը, չեմ կարծում, որ դատարանը նմանատիպ որոշում ընդունի։ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մի քանի անգամ իրավացիորեն նշել է, որ լրագրողները չպիտի վիրավորեն մարդկանց անձնական արժանապատվությունը։

Հետաքրքիր է, «Հայոց աշխարհի» պարագայում նա նո՞ւյնպես այդ համոզմունքն ունի։ Թե՞ ձեռքերը ուրախությունից շփում է եւ ասում իր զինակիցներին. «Տեսա՞ք՝ մերոնք ինչ լավ բան գրեցին»։

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031