Պայմանավորվածությունների համաձայն՝ արդեն իսկ պիտի սկսվեին Իրան-Հայաստան ռազմավարական նշանակության գազամուղի կառուցման աշխատանքները։ Հիշեցնենք, որ այս գազամուղի կառուցումն արժանացել էր ԱՄՆ-ի կոշտ հակազդեցությանը։ Սակայն, եթե վարչապետ Արամ Սարգսյանը նույնքան կոշտ պատասխան էր տվել ԱՄՆ-ի այս հրահանգը տեղ հասցնողներին, ապա նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընտրել է այլ մարտավարություն։ Եվ իրազեկները կառուցման աշխատանքները սկսելու ձգձգումը հենց վերջին հանգամանքով են բացատրում։
ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ … ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ
«Վահան Հարությունյան եւ մյուսներ» քր.գործի դատաքննության մասնակից ՀՀՇ փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը ընդմիջումից ընդմիջում հատվածը «արդյունավետ» է օգտագործում. նա ընթերցում է Տոլստոյի «Պատերազմ եւ խաղաղություն» ստեղծագործությունը։
Կարդացեք նաև
ՄԻՆՉ ՉԳԱ ԵՏԻՆԸ
Կառավարության աշխատակազմում արդեն 10 տարի իր հաստատուն տեղն ունեցող միջին օղակի ներկայացուցիչներից մեկը համակարգող նախարար Լեոնիդ Հակոբյանի հետ շփումներից հետո խոստովանել է. «Ես հիմա եմ հասկանում Բաբիկի հակակոմունիզմը»։
ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐ
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շարունակվող հակամարտությունը խոչընդոտում է շուկայական տնտեսության զարգացմանը այս երկրներում: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթրոուբ Թելբոթի հոդվածում, որը հրապարակել է ամերիկյան «Foreign Policy» ամսագիրը: Թելբոթը նշել է նաեւ, որ «ղարաբաղյան հակամարտությունը Ղարաբաղում բնակվող հայերին աշխարհաքաղաքական կալանավորների դերում է պահում»: Հոդվածի հեղինակի խոսքերով, չնայած Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ունեցող տարաձայնություններին՝ այս երկրները պետք է գիտակցեն աշխարհում աճող փոխկախվածության իրականությունը: