Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ՝ ԸՍՏ ՆՈՐՕՐՅԱ ՊԱՏՄԻՉՆԵՐԻ

Մարտ 18,2000 00:00
Robert Qocharyan

Ամիսը մեկ հանդիպելու նախնական պայմանավորվածության համաձայն, երեկ ժամը 12-ին խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները հանդիպեցին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Ահա թե ինչի մասին են նրանք զրուցել:

Պատմություն ըստ Հրանտ Ոսկանյանի

Հայկոմկուսի խմբակցության ղեկավար Հրանտ Ոսկանյանը պատմեց, թե նախագահը մտահոգություններն է կիսել իրեն անհանգստացնող որոշ հարցերի շուրջ. «Եվ այդ անհանգստություններից մի քանիսը ես կիսում եմ: Ասենք, մի լուրջ օրենք է ընդունվում, բայց այն չի կարող գործել, եթե չեն ընդունվում ենթաօրենսդրական, նորմատիվ ակտեր եւ դրանք հասցվում բոլոր կատարողներին: Այդ դեպքում օրենքը մնում է օդում կախված եւ ամենաբարի ցանկությունները մնում են անկատար»:

Անիրազեկների համար պարզաբանենք, որ ենթաօրենսդրական եւ նորմատիվ ակտերն ընդունում է կառավարությունը: Ուստիեւ նախագահի քննադատության սլաքը այս դեպքում եւս այդ կողմ է ուղղված: Սակայն որքան հետեւում ենք կառավարության նիստերի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններին, գրեթե ամեն անգամ նման ակտերի ընդունման վերաբերյալ հիշատակություն լինում է: Հետաքրքիր կլիներ մանրամասն իմանալ Ռոբերտ Քոչարյանի կարծիքը, թե որ լուրջ օրենքներն են անկատար մնացել կառավարության անգործության հետեւանքով: Հրանտ Ոսկանյանը նախագահի հետ հանդիպումից առանձնացրեց եւս մի խնդրահարույց թեմա՝ դատարանական կառուցվածքի կատարելագործում եւ իր պատկերացումները հայտնեց այդ հարցի վերաբերյալ: Դրանց վերաշարադրանքը թողնենք այլ առիթի: Հետաքրքրվեցինք, թե արդյոք հանդիպման ընթացքում ներքաղաքական խնդիրներ չե՞ն արծարծվել: Մեր զրուցակիցը վստահեցրեց, թե իշխանական հակասությունների շուրջ հարցեր չեն քննարկել:

«Նախագահի գլխավոր մտահոգությունը տնտեսության վիճակի բարելավումն էր, որ հնարավորինս բարձրացվի ժողովրդի բարեկեցությունը»,- իր տպավորությունը փոխանցեց Հրանտ Ոսկանյանը:

Պատմություն՝ ըստ Ռուբեն Հակոբյանի

rubik hakobyan

ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունն այս հանդիպման ընթացքում ներկայացրել էր Ռուբեն Հակոբյանը: Նրա շարադրանքը բավական տարբերվում էր հանդիպման Հրանտ Ոսկանյանի փոխադրությունից: «Զրույցը շատ անկեղծ ու անկաշկանդ էր, կարելի է ասել, առանց պայմանականությունների: Հիմնական թեման պետության ներկա հրամայական ու հրատապ խնդիրները եւ ներքաղաքական զարգացումներն էին: Բնականաբար, առաջին պլանում էին վերջին հրամանագրերն ու նշանակումները: Մանրամասն չանդրադարձանք դրանց՝ դիտարկվեցին ընդհանուր համատեքստում»:

Զրույցից բավական հետաքրքրական մի հատված մեջբերեց, որն էլ հենց վերջին հրամանագրերի վերոհիշյալ «ընդհանուր համատեքստն» էր. «Նախագահը նշեց, որ օրենսդրական դաշտում դետալացված, մանրամասնած չեն այն սկզբունքները, որոնք սահմանադրական նորմերով կամ օրենքներով ամրապնդված են: Այսինքն, իշխանության մարմինների իրավունքների եւ պատասխանատվության մինչեւ վերջ դասակարգումը չկա, որի անհրաժեշտությունը չի զգացվել մինչեւ հոկտեմբերի 27-ը, երբ վստահության մթնոլորտ է եղել: Բայց այս պարագայում դա բավական լարվածություն է առաջացնում: Առաջնահերթ խնդիր էր դիտում, եւ մենք բոլորս համաձայնեցինք, թե պետք է տառացիորեն ամեն ինչ՝ բոլոր իրավունքներն ու պարտականությունները համակարգել: Եվ դա ոչ միայն պաշտպանության համակարգին է վերաբերում, այլ բոլոր ոլորտներին՝ թե՛ սոցիալ-տնտեսական, թե՛ իրավական եւ այլն»:

Ռուբեն Հակոբյանը պատմեց, որ անդրադարձ է եղել նաեւ Ղարաբաղի եւ արտաքին քաղաքական հարցերին: Ռոբերտ Քոչարյանը վստահեցրել է, թե նախկին հանդիպումից հետո այս առումով ոչինչ չի փոխվել: Խմբակցությունների ղեկավարների հետ նախորդ հանդիպման ընթացքում Ռոբերտ Քոչարյանը բավական հանգամանալից ներկայացրել էր այդ խնդիրներում առկա վիճակը: Սակայն Ռուբեն Հակոբյանն այդ հանդիպմանը չէր եղել, ուստի չէր կարող գնահատել, թե ինչ չի փոխվել: Այս հանդիպման ընթացքում էլ են անդրադարձել «Պետական ծառայողի մասին» օրենքի անհրաժեշտությանը, որի մասին այս էլ քանի տարի խոսում են: Բայց այս անգամ, ըստ Ռուբեն Հակոբյանի. «Բոլորս նույն կարծիքին էինք, որ այս նախագիծը առաջնահերթ պիտի օրենք դառնա»:

Պատմություն ըստ Արթուր Բաղդասարյանի

artur bagdasaryan

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի ներկայացմամբ, զրույցի ընթացքում մտահոգություն է հայտնվել ժողովրդի ծանր վիճակի առնչությամբ: Իր մյուս գործընկերների պատմածների համեմատ պրն Բաղդասարյանի հայտնած նորությունն էր, թե. «Պայմանավորվածություններ են ձեռք բերվել աշխատելու, համագործակցելու, մասնավորապես՝ պետական համակարգի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ»: Կարելի է միայն ենթադրել, թե ինչ պայմանավորվածություններ են դրանք եւ արդյոք կանդրադառնա՞ն ներիշխանական թեւերի նկատմամբ կուսակցությունների նախասիրությունների փոփոխման վրա:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031