Հրապարակախոսական բարձր պաթոս ցուցաբերեց ՀՀ նախագահը՝ հայտարարելով, որ քաղաքականության մեջ ակտիվ մասնակցությունը ուղղակի քայքայում է բանակը: Բացարձակ ճշմարտություն է՝ միայն թե փոքր-ինչ ուշացումով արտահայտած: Երբ 98-ի սկզբին ԱԺ պատգամավորների կուռ շարքերը գիշերը վազում էին պաշտպանության նախարարություն՝ երկրապահ գրվելու, այն ժամանակվա վարչապետը, որի նախագահ դառնալու համար կատարվում էր այդ հեղաշրջումը, կարծես թե, չէր ընդվզում բանակի քաղաքականացման դեմ: Պրն Քոչարյանը մտահոգված չէր բանակի քայքայմամբ նաեւ 99-ի գարնանը, երբ պաշտպանության նախարարը հավաքագրում էր ապագա խորհրդարանական մեծամասնությունը: Ցավոք, բանակը քաղաքականացված է նաեւ այս պահին՝ վերջին փոփոխություններից հետո: Բայց թե ո՞ւմ օգտին՝ առայժմ պարզ չէ:
Հմայակ Հովհաննիսյանը
«Միասնության» ցուցակով պատգամավոր ընտրված, ՀԺԿ անդամ քաղաքագետը անցած շաբաթ եկավ այն եզրակացության, որ նախագահ-«Միասնություն» հարաբերությունների սրման համար պատասխանատու են «ռեւանշիստները»: Հիրավի, եթե «նախկինները» չլինեին, նրանց արժեր հորինել. հակառակ դեպքում ո՞ւմ վրա էին քոչարյանամետ գործիչները, ԶԼՄ-ները եւ վերլուծաբանները գցելու վերջին երկու տարվա քաղաքական եւ տնտեսական ձախողումները: Պարզ է, որ եթե, օրինակ, այս ամռանը գյուղացիները չկարողանան բավականաչափ բանջար հավաքել, դրանում հաստատապես մեղավոր կլինի անձամբ Հրանտ Բագրատյանը: Առավել հետաքրքիր է սակայն պրն Հովհաննիսյանի դիտողությունն այն մասին, որ «ռեւանշիստները» սերտաճել են նախկին կոմունիստական նոմենկլատուրայի հետ: Խոսքը, հավանաբար, ՀԺԿ-ի «քվոտայով» նախարար դարձած նախկին շրջկոմի քարտուղար Զավեն Գեւորգյանի մասին է:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ