Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԻ ՄԻ ԳՆԱ, ԵԿԵԼ ԵՍ՝ ՄՆԱ

Մարտ 18,2000 00:00
Albert Bazeyan

«Խնդրում եմ ինձ ազատել զբաղեցրած պաշտոնից» (простенько и со вкусом- Լ. Ա. )։ Այսպիսի բովանդակության դիմում է ներկայացրել երեկ հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին Երեւանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանը։

Այս լուրն իմանալուն պես քաղաքապետարան են շտապել պրն Բազեյանի գաղափարական ընկերները՝ Գագիկ Ջհանգիրյանը, գեներալ Մանվելը, ԱԺ պատգամավոր (Լեդի) Հակոբ Հակոբյանը, Վահան Շիրխանյանը եւ Սմբատ Այվազյանը։ Այդ ընթացքում՝ ըստ որոշ տվյալների, Լեդի Հակոբը հասցրել է ծեծել քաղաքապետարանի քարտուղար Գառնիկ Ղազարյանին՝ Բազեյանի դիմումը նախագահին հասցնելու «կապակցությամբ»։ Մենք եղանք քաղաքապետարանում, սակայն Ալբերտ Բազեյանն արդեն գնացել էր Երկրապահների գրասենյակ՝ խորհրդակցությունը շարունակելու։ ԵԿՄ-ից հետո, ժամը 13.30-ին նախագահի նստավայրում հանդիպել են նախագահ Քոչարյանն ու պրն Բազեյանը։ Ըստ նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանի՝ «Հանդիպել են, Ալբերտ Բազեյանը ներկայացրել է իր հրաժարականը, սակայն նախագահի հետ զրույցի ընթացքում որոշել են, որ պիտի շարունակի աշխատել»։ Քաղաքապետ Ալբերտ Բազեյանը երեկ լրագրողների հետ շփվելու ցանկություն չուներ։ Նրա խորհրդական Սուրեն Սուրենյանցից ճշտեցինք չկայացած հրաժարականի պաշտոնական մոտիվները. «Քաղաքապետի դեմ վերջին օրերին ԶԼՄ-ներով տարածվել է միակողմանի, սուբյեկտիվ, վարկաբեկիչ եւ ճիշտ ինֆորմացիա չպարունակող քննադատություն»։ Պրն Սուրենյանցը նշեց «Ա1+»-ը եւ «Ար»-ը. «Ես անձամբ միտում եմ տեսնում։ Այդ հաղորդումների հետեւում կոնկրետ քաղաքական դեմքեր են։ Դուք ենթադրեք, թե ում կարող է խանգարել քաղաքապետը»։ Որպես ասվածի ապացույց, քաղաքապետի խորհրդականը բերեց օրինակ. քաղաքապետին «Ա1+»-ը մեղադրում է թալանի մեջ, այն դեպքում, երբ ինքը պայքարում է կոռուպցիայի դեմ։ Մամուլի արձագանքներից ելնելով՝ պրն Բազեյանը ժամանակին հեռացրել է տրանսպորտի վարչության պետ Ժիրայր Սարգսյանին (նրան այժմ փոխարինում է Արամազդ Զաքարյանը)։

«Ա1+»-ի տնօրեն Մելս Մովսիսյանին խնդրեցինք ճշտել՝ ինչո՞ւ են միտումնավոր վարկաբեկում քաղաքապետին եւ ո՞ր ուժերի դրդմամբ։ Պրն Մովսիսյանն ասաց, որ քաղաքապետարանում հարցն անձնավորում են, իսկ իրենց տեսանյութերում խնդիրը չի անձնավորվել. «Լիներ այլ մարդ, ոչ թե պրն Բազեյանը, հարցադրումը նույնը կլիներ։ Որպես այս քաղաքի հին բնակիչ եւ պատրիոտ՝ առաջիններից մեկն եմ բարձրացնում իմ ձայնը քաղաքի պաշտպանության օգտին։ Մենք հնարավորություն ենք տվել քաղաքապետին՝ կառավարության միջոցով լուծել քաղաքի պրոբլեմները։ Պետք է մտածել ոչ թե հրաժարականի, այլ քաղաքը փրկելու մասին»։ Հրաժարականի երկրորդ պատճառն՝ ըստ պրն Սուրենյանցի, «Երկրի տոտալ տնտեսական ճգնաժամն է։ Քաղաքապետն այս ճգնաժամի պայմաններում չի կարողանում իրականացնել իր ծրագրերը»։ Մեր այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է նախագահի հետ զրույցից հետո քաղաքապետը համաձայնել մնալ իր պաշտոնում. չէ՞ որ այսուհետ էլ նույն դժվարությունների պատճառով չի կարողանալու լուծել իր ծրագրերը, պրն Սուրենյանցը պատասխանեց, որ քաղաքապետի հրաժարականը չունի քաղաքական ենթատեքստ, սակայն եթե նա պնդեր իր հրաժարականը՝ ներքաղաքական ցնցումների պատճառ կդառնար։ «Հրաժարականն, ամեն դեպքում, ուժի մե՞ջ է»,- հետաքրքրվեցինք մենք։ Պարզվեց, որ այդ թեման այլեւս փակված է, եւ քաղաքապետն ուժերի ներածին չափով կշարունակի օգտակար լինել քաղաքին, եւ որ քաղաքապետի այդ քայլը անզորությունից չէր։ Իսկ թե ինչո՞ւ քաղաքապետը ժամանակին՝ առանց հաշվի առնելու երկրի տնտեսական բարդ կացությունը՝ ստանձնեց պաշտոնը, պրն Սուրենյանցը հիշեցրեց, թե այն ժամանակ հանրապետությունում քաղաքական այլ իրավիճակ էր։

Քաղաքապետի խորհրդականը հերքեց Հակոբ Հակոբյանի՝ անօգնական քարտուղարին ծեծելու փաստը՝ պատճառաբանելով, որ պատգամավորը քաղաքապետարանի շենքում չորս րոպե է մնացել ընդամենը (չենք կարծում, որ ծեծի պրոցեսը պրն Հակոբյանը չկարողանար «տեղավորել» կես րոպեում), իսկ Գառնիկ Ղազարյանին նա չի ճանաչում։ Ի դեպ, հետաքրքիր է, որ հրաժարականի մտադրությունից պրն Բազեյանը, ըստ պրն Սուրենյանցի, ետ է կանգնել նախագահի հետ զրույցից հետո։ «Միասնություն» դաշինքի ղեկավար Անդրանիկ Մարգարյանից փորձեցինք ճշտել՝ դաշինքի համար անակնկա՞լ էր Բազեյանի հրաժարականի մտադրությունը։ Պրն Մարգարյանն ասաց, որ դա քաղաքապետի անձնական նախաձեռնությունն է, «որն արդեն վերացել է»։

Պրն Բազեյանը երկրապահների վերջին համագումարից հետո պակաս հաճախականությամբ էր հայտնվում քաղաքական ասպարեզում։ Մեր տեղեկություններով՝ նրա՝ հրաժարական ներկայացնելու պատճառներից են նաեւ Հայաստանի ներքաղաքական անորոշ վիճակը, նախագահի վերջին հրամանագրերը եւ խաղի այն անհասկանալի կանոնները, որոնց հմուտ տիրապետմամբ պրն Բազեյանն աչքի չի ընկնում։ Բազեյանը քաղաքական շրջանակներին հայտնի է որպես կարգին, սկզբունքային եւ ամոթխած քաղաքական գործիչ։ Հետաքրքրության համար հիշատակենք՝ առնվազն երկու Երեւանի քաղաքապետի հավակնորդ կա. ԱԺ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը (Ծաղիկ Ռուբո) եւ առայժմ գործազուրկ Խոսրով Հարությունյանը։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031