Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՄՈՍԿՎԱ

Մարտ 17,2000 00:00

ՀՅԴ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՄՈՍԿՎԱ Մարտի 13-15-ին քաղաքական հանդիպումների նպատակով Մոսկվայում էին գտնվում Դաշնակցության Բյուրոյի, Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչներ Վահան Հովհաննիսյանը եւ Արմեն Ռուստամյանը: Մոսկովյան այցի շրջանակներում Դաշնակցության պատվիրակությունը բազմաթիվ հանդիպումներ ունեցավ Ռուսաստանի Պետական Դումայում: Հանդիպումներ կայացան Դումայի ԱՊՀ երկրների, արտաքին գործերի, պաշտպանության, անվտանգության եւ բյուջետային հանձնաժողովների նախագահներ՝ Բորիս Պաստուխովի, Դմիտրի Ռագոզինի, գեներալ Նիկոլաեւի, Ալեքսանդր Գուրովի, Ալեքսանդր Ժուկովի հետ: Զրույցների ընթացքում մանրամասն խոսվել է հայ-ռուսական հարաբերությունների, տարածաշրջանային գործընթացների շուրջ: ՀՅԴ ներկայացուցիչները հանգամանալից ներկայացրեցին կուսակցության տեսակետները եւ մոտեցումները Ղարաբաղյան հարցի լուծման խնդրով: Արդյունավետ ու գործնական զրույց է կայացել Անվտանգության հանձնաժողովի նախագահ, «Եդինստվո» (Միասնություն) կուսակցության ղեկավարներից գեներալ Գուրովի հետ, որը հայտնի է Ռուսաստանում հակակոռուպցիոն պայքարի իր տեսական ու գործնական փորձառությամբ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց այս խնդրով գործնական կապ պահպանել: Միջկուսակցական հանդիպումներ կայացան նաեւ «Օտեչեստվո» (Հայրենիք) խմբակցության նախագահ Եվգենի Պրիմակովի եւ նույն կուսակցության քաղխորհրդի անդամ Անդրեյ Իսաեւի, Կոմկուսի խմբակցության ներկայացուցիչ Վալենտին Կուպցովի, ինչպես նաեւ Ռուսաստանի Պետդումայի փոխնախագահ Արթուր Չիլինգարովի հետ: Այցը կազմակերպվել էր ՀՅԴ Բյուրոյի Մոսկվայի Գրասենյակի կողմից: Հանդիպումներին ներկա էր Դաշնակցության Մոսկվայի Գրասենյակի պատասխանատու Սեյրան Բաղդասարյանը: ՀՅԴ ԳՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել