Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿՀԱՋՈՂՎԻ՞ ԲԱԺԱՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ԻՇԽԵԼՈՒ ՓՈՐՁԸ

Մարտ 17,2000 00:00
ekm

Երկրապահական շրջանակները միանշանակ բացասաբար են պատասխանում այս հարցին Ստիպված եմ մեր զրուցակիցների դատողությունները բանավոր զրույցներից քաղած տեղեկություններով ներկայացնել, քանզի նրանք հրաժարվում էին հարցազրույցի միջոցով հայտնել իրենց տեսակետները նախագահի «Զինված ուժերի բարձրագույն հրամկազմի պաշտոնների ցանկը հաստատելու մասին» հրամանագրին հետեւած մեկնաբանությունների առնչությամբ:

Նախ, միանշանակ մերժվում էր այն տեսակետը, թե պաշտոններ տալով ու կոչումներ բարձրացնելով Ռոբերտ Քոչարյանն իր կողմը գրավեց երկրապահ հրամանատարներին: «Նախագահի նկատմամբ վերաբերմունքի որեւէ փոփոխություն չկա»,- միաբերան վստահեցնում էին մեր զրուցակիցները, պնդելով, թե Ռոբերտ Քոչարյանը ոչինչ չի շահի այս քայլով, եթե քաղաքական հեռագնա նպատակներ էր հետապնդում: Երկրապահները խիստ ցավագին են ընդունում «ծախված» ու «դավաճան» կարգի որակումները ու նաեւ կասկածները, թե այս միջոցով կփոխվեն իրենց համակրանքներն ու հակակրանքները: Այլ հարց է, որ Ռոբերտ Քոչարյանին իրոք հաջողվեց խաղալ նրանց հավակնոտության եւ շահախնդրության որոշ լարերի հետ: Ե՛վ գեներալական ուսադիրները, ե՛ւ բանակի բարձրագույն պաշտոնները նշանակվածներից շատերի համար էին վաղուց ցանկալի: Ոմանց դրանք անգամ վաղուց խոստացված էին: Խնդիրը միայն այն է, թե որ պահին եւ ում միջոցով նրանք ստացան այս յուրօրինակ պարգեւները, որոնց իրենց լիովին արժանի են համարում: Ի դեպ, գուցե այնուամենայնիվ տարակուսելի է, որ բարեբախտաբար ոչ պատերազմական այս իրավիճակում, երբ գնդապետներն առիթ չեն ունեցել նոր քաջագործություններով ապացուցել իրենց արիությունը՝ բարձրացվում են նրանց զինվորական կոչումները: Սակայն միտումը շատ է ակնհայտ

Միտումնավորությունն ու պատեհապաշտությունն ակներեւ ու ակնհայտ է նաեւ նախագահամետ մի լրատվամիջոցի հրապարակումներից, որ տակավին երեկ կատաղի հարձակումներ էր գործում անգամ նրանց վրա, ովքեր Մանվել Գրիգորյանի եւ այլոց հետ շփվելու առիթ են ունեցել: Երեկ երկրապահ հրամանատարները նրանց համար առնվազն «կիսագրագետ խմբապետներ» էին՝ այսօր «կադրային սպաներ եւ պատերազմի բովով անցած զինվորականներ»:

Երեկ նրանք անընդունելի էին համարում ԵԿՄ-ի շարունակական միջամտությունը ներքաղաքական գործընթացներին: Այսօր պարզվում է, որ վերջին ամիսներին նրանք որեւէ կերպ չեն խառնվել դրանց: Մեկնաբաններից մեկը համոզմունք էր երեկ հայտնում, թե երկրապահներն ուղղակի պարտադրելով՝ «վզին տալով» են «Միասնությանը» ստիպել ընդունել վերջին հայտարարությունը: Այսօր պնդում են, թե ԵԿՄ-ն անմասն էր այդ հայտարարությանը: Այս ամենը բնորոշելու համար զրուցակիցներիցս մեկն օգտագործեց նույն արտահայտությունը, որ վերջերս մի քաղաքական գործիչ էլ էր հրապարակավ ասել. «Կուտ են տալիս»: Առավել հետաքրքիր են դատողություններն այն թեմայով, որ այս նշանակումների շնորհիվ բանակը հետայսու զերծ կմնա քաղաքական գործընթացների մեջ ներքաշվելուց: Պարզվում է, որ պաշտպանության փոխնախարարներ Մկրտիչ Աբրահամյանի ու Գեղամ Հարությունյանի, որ բացարձակ ապաքաղաքական գործիչներ էին՝ պաշտոնանկությամբ լուծվեց այդ խնդիրը: Իսկ երկրապահների ու նաեւ դաշնակցական Արթուր Աղաբեկյանին պաշտոնների նշանակելով, բանակն այլեւս կվերադառնա իր միակ գործառույթին եւ քաղաքականության մեջ «ակտիվ մասնակցություն չի ունենա»:

Նախագահի այս հրամանագրից խանդավառ գործիչների մի փաստարկն էլ այն է, թե այսպիսով ներքաղաքական զարգացումներում սառեցվեց զենքի օգտագործման հնարավորությունը: Անկեղծորեն կուզեինք, որ այս պնդումը համապատասխաներ իրականությանը: Բայց խանգարում է հիշողությունը, թե հենց նորանշանակների մեջ են այն անձինք, որոնք հոկտեմբերի 27-ից հետո հաջորդող օրերի ընթացքում պարբերաբար գործի էին գցում տանկերի շարժիչները՝ հակասությունների լուծման գրեթե միայն այդ եղանակը տեսնելով… Հակառակ եզրի մտահոգությունն այս պայմաններում ավելի տեղին ու փաստարկված է թվում, որ զինված ուժերը կարծես արդեն իսկ մշտական գործոն են դառնում Հայաստանի պետական կառավարման համակարգում: Մեր զրուցակիցներն անդրադառնում էին նաեւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այս հայտարարությանը. «Մենք իրավունք չունենք անել որեւէ քայլ, որը կբերի մեր բանակի մարտունակության թուլացմանը»:

Իսկ մի՞թե այս հրամանագիրը, որի բովանդակության մեջ անգամ անտեսված էր պաշտպանության նախարարը, չի հանգեցնի բանակում նրա դերի նսեմացմանը եւ այսպիսով նաեւ կառավարելիության անկմանը: «Ո՞վ է լսելու այն նախարարին, որին հրապարակավ «ֆուկ» արեցին»,- ասաց բանակին սերտ առնչություն ունեցող մեր զրուցակիցներից մեկը: Սակայն այս թեմայով չարժե առանձնապես ծավալվել՝ խիստ վտանգավոր եւ նուրբ թեմա է: Ամփոփենք, եթե Ռոբերտ Քոչարյանն այս քայլով քաղաքական խնդիր էր լուծում՝ փորձելով իր վերահսկողության տակ առնել հրամանատարներին եւ այսպիսով ներիշխանական պայքարում նժարը ծանրացնել իր օգտին՝ դժվար թե հաջողի: Չնայած իրոք այս շրջանակում առկա են խանդոտ դժգոհություններ, որ վարչապետ Արամ Սարգսյանն ընկել է Աշոտ Մանուչարյանի ազդեցության տակ եւ նրա խորհուրդներով այնպիսի փոփոխություններ է անում, որոնց սնանկությունն արդեն իսկ ապացուցվեց: Այնուամենայնիվ, մեր զրուցակիցներից մեկը փոքր-ինչ պատկերավոր պնդում արեց, թե ինչքան էլ նախագահի խայծը համեղ էր, բայց այն կուլ տալու մտադրություն չունեն. «Ինչ էլ լինի՝ երկրապահները թույլ չեն տա հոշոտել Վազգեն Սարգսյանի եղբորը»:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031