Բոլորովին վերջերս գումարվեց Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների (որոնք կազմում են 3 տոկոս) հասարակական ազգային մշակութային կազմակերպությունների առաջին համագումարը։ Համագումարի վերաբերյալ երեկ կարծիքները եւ տեսակետները հաղորդեցին ՀՀ նախագահի խորհրդական Ռազմիկ Դավոյանը եւ ազգային փոքրամասնությունների համագումարի նախաձեռնող խմբի ղեկավար Յուրի Մկրտումյանը, որոնք լրագրողներին ներկայացրին ազգային փոքրամասնությունների հետ կապված հետագա անելիքները, խնդիրները, կատարվող աշխատանքները եւ իհարկե՝ նպատակները։
Ռ. Դավոյանը հայտնեց, որ իրենց ծրագրերի մասին տեղյակ են պահել հանրապետության նախագահին եւ արտգործնախարարությանը. «Մենք Հայաստանում լուրջ ներդրումներ անելու հնարավորություններ չունենք, ընդունվել է մի առաջարկ, որի համաձայն մեր դեսպանները, որոնք գտնվում են տարբեր երկրներում, պետք է փոխհամաձայնության գան այդ երկրների իշխանությունների հետ եւ մտահոգություն հայտնեն իրենց ազգային փոքրամասնությունների վիճակի մասին»։ Ըստ Ռ. Դավոյանի, իրենց նպատակները վերացական չեն, դրանք կատարելու համար կոնկրետ, իրական եւ գործնական քայլեր են արվում։ Ըստ պրն Դավոյանի, հանրապետությունում շատ կան հասարակական կազմակերպություններ, բայց նրանց մեջ հասարակության համար իրական, շահեկան գործունեություն ծավալող կազմակերպությունները երեք տասնյակից ավելի չեն կարող լինել. «Այս ասպարեզի մեջ մեր աշխատանքները կրել են էպիզոդիկ բնույթ, որովհետեւ վերաբերվել են առանձին կազմակերպությունների, առանձին անհատի, եւ մեր ուսումնասիրությունները պարզեցին, որ խնդիրների մի հսկա քանակություն կա, որը նյութական լուրջ ներդրումներ չի պահանջում»։
Ըստ Դավոյանի, ազգային փոքրամասնությունների կողմից ներկայացված պահանջների լուծում չստանալը, հետեւանք է այն բանի, որ դրանք չեն համակարգվում։ Ինչպես հայտնի է, արդարադատության նախարարը քաղաքացիական հայցով դիմել է Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան՝ Եզդիների ազգային միությունը լուծարելու պահանջով եւ փաստորեն ստացվել է այնպես, որ 2010 հասարակական կազմակերպությունների առջեւ այսօր դրվել է լուծարվելու հարցը։ «Իսկ ինչո՞ւ նախարարը ժամանակավոր կասեցման հայց չի ներկայացրել։
Չե՞ք գտնում, որ լուծարումը խիստ մոտեցում է». «Առավոտի» այս հարցին Ռ. Դավոյանը հետեւյալ պատասխանը տվեց. – Կարծում եմ, որ լուծարելը ճիշտ չէր, ավելի ճիշտ կլիներ, եթե կասեցման պահանջ ներկայացվեր։ Դրա պատճառը, թերեւս այն է, որ արդարադատության նախարարը թերացումներ էր հայտնաբերել կազմակերպության եւ իրավապահ մարմինների աշխատանքների մեջ, թեեւ, նորից եմ կրկնում. նա կարող էր միայն կասեցման հայց ներկայացնել։ Հիմնախնդիրներից մեկն էլ ազգային փոքրամասնությունների համար մի ընդհանուր կենտրոն ունենալն է, որտեղ ազգային փոքրամասնություններն իրենց երեխաներին կկարողանան ուսման տալ՝ յուրաքանչյուրն իր կարողությունների չափով եւ կկատարեն իրենց ազգային, մշակութային, վարչական աշխատանքները։
Կարդացեք նաև
ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ