Այսպես բնորոշեց ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը Ռոբերտ Քոչարյանի հետ իրենց խորհրդի հանդիպումը։
Չնայած ՀՀԿ խորհրդի անդամներն «Առավոտին» հայտնել էին, թե թռուցիկ անդրադարձ եղել է նախագահի վերջին հրամանագրով բանակում կատարված նշանակումներին՝ Անդրանիկ Մարգարյանը լիովին հերքեց, թե հանդիպման ընթացքում քննարկվել է ներիշխանական նոր լարվածության տեղիք տված այդ հրամանագիրը. «Հրամկազմի փոփոխությունները ներկուսակցական խնդիր չեն։ Եվ կուսակցությունը չէ, որ պետք է քննարկի, թե կորպուսի հրամանատար կամ փոխնախարար ում են նշանակում»։ Հասկանալի է ձգտումը՝ ամեն կերպ թաքցնել նախագահի հետ զրույցների իրական բովանդակությունը։ «Միասնությունը» հույս ունի, թե քննարկումները մամուլ չտեղափոխելով՝ հնարավոր կլինի թուլացնել լարվածությունը։ Մեր կարծիքով՝ հակառակը, այդ դեպքում առաջին ձեռքից տեղեկատվության փոխարեն կհրապարակվեն կռահումներ եւ ենթադրություններ, որոնք գուցեեւ առավել թանձրացնեն մթնոլորտը։ Ինչեւէ։ Անդրանիկ Մարգարյանը պնդում էր, թե այս հանդիպման ընթացքում առավել անդրադարձել են «Միասնության» հայտարարությանն ու նախագահի՝ դրան հետեւած հեռուստազրույցին։ Մեր հարցին, թե արդյոք «Միասնությունը» պնդե՞լ է հայտարարության իր պահանջները, պրն Մարգարյանը պատասխանեց, թե Սերժ Սարգսյանի խնդիրը չեն քննարկել, իսկ ՀԱՀ-ի մասով՝ «հիմնական խնդիրը լուծված է»։ Առաջիկա օրերին բաժնետերերի խորհուրդը կընդունի Տիգրան Նաղդալյանի հրաժարականը։ Իսկ «Միասնությունը» պատրաստվում է ԱԺ-ի առաջիկա եռօրյայում քննարկել օրենքը հեռուստատեսության եւ ռադիոյի մասին, որով փորձ կարվի կարգավորել այս կնճռոտ հարցերը։
Ա. Ի.