Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հարցազրույցը «Դիենա» օրաթերթին (Ռիգա) եւ «Բոլթիկ նյուս սերվիս» գործակալությանը:
-Ինչպիսի՞ն է արտգործնախարարի կարծիքը Հայաստանի ու Մերձբալթյան երկրների միջեւ ապագա հարաբերությունների մասին: Ի՞նչ ոլորտներում է հնարավոր Հայաստանի ու Բալթյան երկրներից յուրաքանչյուրի հետ համագործակցությունը:
– Նախ, հարկ է նշել, որ Հայաստանը ձգտում է հնարավորինս ակտիվ արտաքին քաղաքականություն վարել բոլոր ուղղություններով՝ բազմազանեցնելով իր հարաբերությունների սպեկտրը: Ուստի պատահական չէ այս այցը, որը նպատակ ունի ամրապնդելու եւ որակական նոր բնույթ հաղորդելու Մերձբալթյան երկրների հետ մեր երկկողմ հարաբերություններին, որոնց հետ մենք ոչ վաղ անցյալում ունեցել ենք ակտիվ առեւտրատնտեսական եւ մշակութային կապեր: Ինչ վերաբերում է համագործակցության հնարավոր ոլորտներին, ապա մենք, նախ եւ առաջ, կարեւորում ենք Մերձբալթյան երկրների հետ քաղաքական երկխոսության ծավալումը՝ հաշվի առնելով այս տարածաշրջանի պետությունների հաջողությունները եվրաինտեգրացման գործում: Հայաստանը այսօր քայլեր է գործադրում եվրոպական երկրների ընտանիքի լիարժեք անդամը դառնալու ուղղությամբ, եւ մեզ համար չափազանց կարեւոր է, մասնավորապես, Մերձբալթյան երկրների փորձի ուսումնասիրումը եւ նրանց աջակցությունն այս հարցում: Երկրորդ, պետք է նշեմ, որ Հայաստանն ակնկալիքներ ունի այս պետությունների հետ ակտիվ առեւտրատնտեսական համագործակցության, ներդրումների ներգրավման եւ գիտամշակութային փոխանակման հարցերում: Այս պարագայում հարկ է հիշել, որ մեր երկրները նախկինում գտնվել են միասնական տնտեսական տարածքում, եւ, կարծում եմ, որ այսօր եւս մեր շուկաները փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում միմյանց համար:
– Ըստ վերլուծաբանների, Հայաստանը Ռուսաստանին համարում է իր անվտանգության երաշխավոր: Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը ԱՊՀ-ի ապագայի ու Հյուսիսային Կովկասում զարգացումների մասին՝ հաշվի առնելով Բաքու-Ջեյհան նավթատարի կառուցումը: Չեչնիայի շուրջ զարգացող իրադարձություններն ինչպե՞ս են ազդում Կովկասում աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխությունների վրա:
Կարդացեք նաև
– Վերլուծաբանների գնահատականները ճիշտ են այդ հարցում: Այո, Հայաստանը շարունակում է դիտել Ռուսաստանը որպես իր անվտանգության երաշխավորի, քանի որ այսօր էլ դեռ ունի ռազմաքաղաքական չլուծված խնդիրներ իր հարեւաններից երկուսի՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: Ի նկատի ունենալով այն, որ Թուրքիայի հետ չկան դիվանագիտական հարաբերություններ, գոյություն ունի դարասկզբին եղեռնաբար սպանված 1,5 մլն հայերի՝ հայկական եղեռնի միջազգային ճանաչմամբ չապաքինված հիշողությունը, ոչ վաղ անցյալում եւ այսօր դեռեւս շարունակվող Թուրքիայի անվերապահ աջակցությունն ու պաշտպանությունը Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի հարցում եւ դրա հետեւանքով իրականացվող Հայաստանի տնտեսական շրջափակումը, դժվար չէ հասկանալ, որ դրանք մեր անվտանգությանն իրական սպառնալիք են ներկայացնում: Ինչ վերաբերում է ԱՊՀ կառույցի ապագային, այսօր դժվար է հստակորեն կանխորոշել: Հայաստանը եղել եւ շարունակում է լինել այդ կառույցի ամենաակտիվ անդամներից մեկը: Այն ունի տնտեսական մեծ ներուժ, որի լիարժեք օգտագործումը կախված է միայն անդամ պետությունների կամքից: Կարծում եմ, որ ԱՊՀ-ի ապագան կամ Հյուսիսային Կովկասում ընթացող իրադարձությունները Բաքու-Ջեյհանի հետ անմիջականորեն կապելը ճիշտ չէ:
Անկասկած է, որ մեր անմիջական հարեւանությամբ ստեղծված անկայուն իրավիճակը մեզ խիստ մտահոգում է, որովհետեւ ուղղակիորեն ազդում է քաղաքական մթնոլորտի վրա Հարավային Կովկասում եւ վտանգում է ապակայունացնել տարածաշրջանը: Հայաստանն ամբողջությամբ պաշտպանում է Ռուսաստանի Դաշնության տարածքային ամբողջականությունը եւ հույս է հայտնում, որ ամենակարճ ժամկետում խաղաղությունը կվերահաստատվի Հյուսիսային Կովկասում: Իսկ բուն նավթամուղի վերաբերյալ կարելի է ասել միայն մեկ բան: Եթե նավթամուղը ծառայելու է խաղաղության ամրապնդմանը տարածաշրջանում, կայունության հաստատմանը, տնտեսական համագործակցությանն ու ինտեգրացիային, ապա դա կարելի է դրական համարել: Սակայն, եթե պետք է նրանից հոսող շահույթներն օգտագործվեն ռազմական առավելություն ձեռք բերելու եւ ուժի դիրքերից թելադրանքով զբաղվելու համար, ինչը, ցավոք սրտի, մոտ է իրականությանը, հաշվի առնելով բազմիցս հնչած հայտարարություններն ու դրանց ոգին, կամ տարածաշրջանում բաժանարար գծերի անցկացմանն, ապա դա ամենացավալի զարգացումը կարելի է համարել: Նման քայլերը միանշանակորեն ապակայունացման կհասցնեն տարածաշրջանը՝ վտանգելով պայթունային իրավիճակների ստեղծմամբ, քանի որ այս՝ էթնիկ ամենատարբեր խմբերով բնակեցված յուրօրինակ շրջանում դժվար չի լինի երրորդ ուժերին՝ սեփական նպատակների համար քաոսային վիճակ ստեղծել: Իսկ քաոսային վիճակներում համարյա անհնարին է հաշվարկել հնարավոր զարգացումները:
– Ի՞նչ է Հայաստանը մտածում դեպի արեւելք ՆԱՏՕ-ի ընդարձակման մասին: Ի՞նչ կարծիք ունի Հայաստանը Էստոնիայի, Լատվիայի ու Լիտվայի՝ ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին անդամակցելու մտադրության մասին: Ի՞նչ ազդեցություն ունի Ռուսաստանի դիրքորոշումը՝ ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի ընդարձակման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումների վրա: Արդյո՞ք Հայաստանի վրա Ռուսաստանի կողմից որեւէ ճնշում է գործադրվում դեմ հանդես գալու Բալթյան երկրների՝ եվրատլանտյան կառույցներում ինտեգրվելու հարցում:
– Հայաստանը դրականորեն է վերաբերվում ՆԱՏՕ-ի ընդարձակմանը դեպի արեւելք այնքանով, որքանով դա տվյալ երկրի կամավոր ընտրությունն է: Յուրաքանչյուր երկիր կամ է ընտրելու անվտանգության այն համակարգը, որը լավագույնս կծառայի աշխարհաքաղաքական տվյալ պայմաններում երկրի անվտանգության շահերին: Սակայն ընտրությունը կատարելիս չպետք է ելնել զգացմունքային կամ կամային նկատառումներից: Ինչպես հավանաբար տեղյակ եք, Հայաստանը անդամ է ԱՊՀ անվտանգության համակարգին, սակայն դա չի խանգարում, որպեսզի ակտիվ ու արդյունավետ համագործակցություն ծավալի ՆԱՏՕ-ի հետ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Դրանով է գործնականում արտահայտվում նաեւ Հայաստանի որդեգրած մոտեցումը արտաքին քաղաքականությանը՝ փոխլրացման սկզբունքը: Այդ սկզբունքի դրսեւորումն են նաեւ Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի եւ բոլոր եվրակառույցների հետ ընդհանրապես: Հայաստանը մոտ ապագայում պատրաստվում է դառնալ Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ: Նաեւ գործընթաց ենք սկսել ԵՄ-ի հետ համագործակցության պայմանագրի շրջանակներում: Հայաստանի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները կրում են ստրատեգիական գործընկերության բնույթ՝ բխելով երկու երկրների շահերից: Սակայն սա չի նշանակում, որ Հայաստանի արտաքին քաղաքական մոտեցումներում որեւէ ճնշում է գործադրվում որեւէ մեկ պետության, այդ թվում նաեւ՝ Ռուսաստանի կողմից: Հայաստանն այլ երկրների հետ իր հարաբերություններում առաջնորդվում է սեփական շահերով:
– Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ: Լինելու՞ են բանակցություններ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ այս խնդրի շուրջ:
– Բավական շատ է արծարծվել վերջերս, եւ համոզված եմ, որ դուք էլ լավատեղյակ եք, որ արդեն մի քանի ամիս է, որ ուղիղ բանակցություններ են ընթանում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ: Կար որոշակի դրական առաջընթաց, որը հույս էր ներշնչում բանակցությունների շուտափույթ վերսկսման համար: Սակայն հոկտեմբերի 27-ին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները խիստ բացասաբար անդրադարձան ներքաղաքական իրավիճակի վրա՝ կասեցնելով ԼՂ շուրջ սկսված երկխոսությունը: Սակայն այս տարի արդեն երկու հանդիպում է տեղի ունեցել պրն Քոչարյանի ու պրն Ալիեւի միջեւ եւ համաձայնություն է ձեռք բերվել շարունակելու բանակցությունների վերսկսմանն ուղղված իրենց ջանքերը:
– Ինչպիսի՞ն է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը: Արդյո՞ք անցյալ տարվա ահաբեկչական գործողությունը խորհրդարանում «պատահական» էր, թե՞ երկրի ներքին կայունությունը մշտապես վտանգված է:
– Իմ նախորդ պատասխանում արդեն մի փոքր անդրադարձա այդ հարցին: Խորհրդարանում տեղի ունեցածն իսկապես պատահար էր, քանի որ բոլորովին չէր բխում ներքաղաքական վիճակից ու նաեւ անհարիր էր հայ ժողովրդի ողջ մտածելակերպին ու տրամաբանությանը: Դեպքից մի քանի ամիս առաջ տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները բացառիկ նշանակություն ունեին, քանի որ խորհրդարանական մեծամասնությունը կազմած «Միասնություն» դաշինքը վայելում էր ժողովրդի իսկապես մեծամասնության վստահությունն ու հավատը: Ստեղծվել էր մի եզակի կայուն մթնոլորտ, որը հույս էր ստեղծում ժողովրդի սոցիալ-տնտեսական առաջընթացի համար: Հոկտեմբերի 27-ի քայլը խաթարեց այդ հույսը: Այնուամենայնիվ, այդ ծանր պայմաններում իշխանություններն իրենց մեջ ուժ գտան հաղթահարելու ստեղծված իրավիճակը, եւ այսօր, կարծես թե, այդ հույսերը թարմանում են՝ իրենց հետ առավել կայունացնելով ներքաղաքական մթնոլորտը: