Այսպես արձագանքեց նախագահ Քոչարյանի վերջին հրամանագրերին երեկ պաշտոնանկ արված պաշտպանության փոխնախարար Աստվածատուր Պետրոսյանը։
Պաշտոնանկությունից առաջ նա ինքն է նախագահին ասել, որ չի ցանկանում աշխատել նախարարությունում այս կազմով։ Պրն Պետրոսյանի հետ երեկ ուշ երեկոյան կայացած մեր զրույցից պարզ դարձավ, որ նախագահ Քոչարյանի կադրային նշանակումները բացարձակապես համաձայնեցված չեն եղել ո՛չ վարչապետի, ո՛չ պաշտպանության նախարարի հետ (թեեւ Սահմանադրությամբ նախագահը նման որոշումներ միայնակ ընդունելու իրավունք ունի)։ Պրն Պետրոսյանի կարծիքով՝ այսպիսով նախագահը սեպ է խրել երկրապահների եւ վարչապետի միջեւ։
«Հայլուրին» տված իր հարցազրույցում նախագահը կարեւորեց նոր նշանակված փոխնախարարների անցած ռազմական ուղին՝ չլսելու տալով նրանց կրթության մասին լրագրողի արած ակնարկը։ Ըստ պրն Պետրոսյանի (որը նախարարի տեղակալն էր կադրերի գծով), մինչ նշանակումները՝ նախագահը նախարարության կադրերի բանկից ոչ մի տեղեկություն չի խնդրել՝ ծանոթանալու նորանշանակ փոխնախարարների եւ այլոց ինտելեկտուալ մակարդակին։ Ինչ վերաբերում է նախագահի նշած 10-12 տարի բանակում նոր փոխնախարարների աշխատելուն, ապա, ինչպես Ա. Պետրոսյանն ասաց, նրանց տեղը ժամանակին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն էլ գիտեր, եւ եթե նպատակահարմար գտներ նախարարությունում նրանց պաշտոններ տալը, անպայման այդպես կվարվեր։ «Բացեք Վազգեն Սարգսյանի բլոկնոտը ու տեսեք՝ առաջիկա 20 տարում նոր նշանակվածներին Վ. Սարգսյանը պաշտոններ տալ չէր նախատեսում»։
Նախագահի վերջին հրամանագրերից պրն Պետրոսյանը եզրակացրել է, որ «Նա բանակը քայքայելու խնդիր ունի»։
Կարդացեք նաև
Նախագահը, իրո՛ք, խորամանկ քայլ արեց՝ լարվածություն մտցնելով պաշտպանության նախարարի եւ նորանշանակ փոխնախարարների միջեւ։ Դա է վկայում պրն Պետրոսյանի պատմածը. «Երեկ նախագահը մեկնեց Մոսկվա։ Նրան ճանապարհ ենք դրել միայն ես ու փոխնախարար Գուրգեն Մելքոնյանը։ Մյուս փոխնախարարները չբարեհաճեցին գալ՝ ճանապարհելու։ Սա վաղօրոք պլանավորված դավադրություն է»։
Մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ հրաժարական ներկայացնի նաեւ Վաղարշակ Հարությունյանը՝ պրն Պետրոսյանը դրական պատասխան տվեց։ Թեեւ, որքան տեղյակ ենք, նախարարին իր այդ քայլից հրաժարվելու խնդրանքով նրան անձամբ դիմել է վարչապետ Արամ Սարգսյանը։ Ինչպես պրն Պետրոսյանն ասաց, այսօր «բանակի ազնիվ մասը, մի շարք բարձրաստիճան սպաներ կարձագանքեն նախագահի հրամանագրերին»։ Թե ինչպես՝ պրն Պետրոսյանը չասաց։ Մեր հարցին՝ իրո՞ք նախագահին այդ քայլերին դրդել է գեներալ Մանվել Գրիգորյանը, պրն Պետրոսյանը լռեց։
Այսքանից հետո պարզապես չէինք կարող չզրուցել գեներալ եւ այլեւս պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանի հետ։ Իմ հարցին՝ «պրն Գրիգորյան, ճի՞շտ է, որ Դուք եք դրդել նախագահին՝ ստորագրել հրամանագրերը», գեներալը պատասխանեց. «Դրդել-մրդել չեմ իմանում»։
– Ինչո՞ւ Վազգեն Սարգսյանը ժամանակին Ձեզ չնշանակեց փոխնախարար։ Ճի՞շտ է այն կարծիքը, որ հարմար չի գտել։
– Վազգեն Սարգսյանը ոչ թե հարմար չի գտել, այլ այն ժամանակ շատ կարեւոր էր մեր՝ սահմանում լինելը։ Բայց մենք մեր սահմանը կարողացանք պահել, իսկ Վազգեն Սարգսյանին պահել չկարողացանք։
Մեր հարցին՝ իր եւ այլոց նշանակումներին ինչո՞ւ նախապես վարչապետը եւ պաշտպանության նախարարը տեղյակ չեն եղել, պրն Գրիգորյանը զարմացավ. «Չէին կարող տեղյակ չլինել։ Ճիշտ է, ես վարչապետի հետ չեմ զրուցել, սակայն երբ ընտրվեցի «Երկրապահի» նախագահ՝ հանդիպեցինք։ Իրենք են ինձ առաջարկել այդ պաշտոնը՝ Վաղարշակ Հարությունյանը, վարչապետը, նախագահը»։ Ըստ գեներալի՝ այս հրամանագիրը վաղուց է պատրաստ եղել, 4 ամիս առաջ, բայց ինքն այն ժամանակ չի ուզել ստանձնել պաշտոնը։ Հետաքրքրվեցինք, տեղյա՞կ է, որ չի բացառվում պաշտպանության նախարարի հրաժարականը, գեներալը պատասխանեց. «Ես չեմ իմանում՝ ով կհեռանա, ով ինչ կանի, բայց ես այստեղ ծնվել եմ, այստեղ ապրելու եմ, այստեղ էլ մեռնելու եմ»։ Վարչապետ Արամ Սարգսյանի հետ, ինչպես ասաց փոխնախարարը, «վիշի» հարաբերություններ ունի։
Հիշատակեցինք նրա՝ ոչ շատ բարձր կրթության մասին զրույցները։ Գեներալը դարձյալ զարմացավ (եւ զայրացավ). «Բա որ գնում էինք կռվի, ինչո՞ւ չէին խոսում կրթության մասին։ Իսկ ինչ վերաբերում է կրթությանս՝ անցել եմ զինվորական ակադեմիայի կուրսեր, ունեմ իրավաբանական կրթություն՝ գումարած նաեւ մարտական անցած ճանապարհս»։
Գեներալ Մանվելը շարունակելու է մնալ նաեւ «Երկրապահի» նախագահ։ Մեր հարցին՝ «եթե «Միասնությունը» պահանջի նախագահի հրաժարականը, ինքն ինչպե՞ս պիտի վարվի»։ Գեներալը պատասխանեց, որ եթե նախագահը «հող տա, ազգը դավաճանի, հրաժարականը կպահանջի, հո օդի մեջ հրաժարական չե՞ն պահանջելու, ո՞վ դրա բարոյական իրավունքն ունի»։ «Իսկ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելուն կո՞ղմ եք» հարցին փոքր-ինչ անորոշ պատասխան հնչեց. «Միասնությունն» այդ ժամանակ վրդովված էր»։
«Հնարավո՞ր է, որ նախագահը Ձեր միջոցով փորձում է իր անձնական հաշիվները լուծել վարչապետի, պաշտպանության նախարարի հետ»։ Պրն Գրիգորյանը անկեղծորեն ասաց, որ իր մտքով չի անցնում, որ որեւէ մեկը ուզում է իրեն խաբել. «Ես խաբելու ու խաբվելու չեմ գնացել։ Ես գնացել եմ կռվելու։ Ռոբերտ Քոչարյանն ինձ 5 տարի հրամաններ է տվել»։ Նա ասաց նաեւ, որ եթե որեւէ մեկի հրաժարականն ինքը ցանկանա, կգնա եւ ուղիղ նրա երեսին կասի։ Վերջում նշեց, որ մենք լավ ժողովուրդ ենք, ունենք շատ արվեստագետներ, նկարիչներ եւ չի կարելի անընդհատ վարկաբեկել մեր ազգին։
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ