Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԺՄ-Ի ԴԻՄԱՓՈԽՈՒՄՆ ԱՅԼԵՎՍ ԼԻԱԿԱՏԱ՞Ր Է

Մարտ 16,2000 00:00

Խորհրդանշական է, որ ԱԺՄ 11-րդ համագումարը մերժեց հայտարարության ավելի կոշտ տարբերակը, որը հեղինակել էր ԿԸՀ-ում ԱԺՄ ներկայացուցիչ Վահե Վարսանյանը։ Եվ ընդունվեց ավելի մեղմ մի հայտարարություն։ «Իմներկայացրած նախագծին ստորագրություններով միացել էին համագումարի 50-ից ավելի պատվիրակներ, որից հետո արդեն դադարեցրել էի ստորագրահավաքը եւ նախագիծը փոխանցել նախագահությանը»,- Վահե Վարսանյանը պատմածին հավելեց, որ Վազգեն Մանուկյանն ու ԱԺՄ-ի այլ գործիչներ առարկել էին հայտարարության այս տարբերակի հետեւյալ դրույթներին. «Կառավարության կազմավորումը շարունակում է մնալ միջկլանային պայքարի արդյունք։ Ռեժիմի էությունը նոր մարդկանց ներգրավմամբ չի փոխվում»։ Համագումարը նպատակահարմար չէր գտել այս դրույթները ներառել հայտարարության մեջ. «Իսկ դրանք մեր ավանդական սկզբունքներից եւ դիրքորոշումներից էին՝ որեւէ արտառոց բան չկար։ Եվ մեր բոլոր նախորդ բանաձեւերում դրանք նշված էին»։

Հետաքրքրվեցինք, թե ինչ վերապահումների արժանացավ նախագծի հետեւյալ դրույթը. «ԱԺՄ-ն իր վճռականությունն է հայտնում ժողովրդի միջոցով օր առաջ ազատվել չարիք դարձած իշխանությունից»։ Վահե Վարսանյանը նախ պարզաբանեց այս պնդման ենթատեքստը. «Պարզ է, որ ԱԺՄ-ն իր ներկա վարկանիշով հնարավորություն չունի կտրուկ քայլերի դիմելու, ժողովրդին առաջնորդելու։ Ուղղակի այսպիսով այն ուղղությունն էր մատնանշվում, որ ԱԺՄ-ն նախ պիտի ռեաբիլիտացիայի ենթարկվի, փորձի իր վարկը ժողովրդի աչքում բարձրացնել՝ քաղաքական պատասխանատվություն ժողովրդի առջեւ ստանձնելով, քաղաքական հստակ գիծ, ծրագրեր ներկայացնելով ու փորձելով ժողովրդին քաղաքական գործընթացների մասնակից դարձնել։ Եվ դրանից հետո նոր հնարավոր է արդեն իշխանության փոփոխության խնդիր առաջադրել»։

Համագումարին հետեւած լրագրողների դիտարկումն է, թե կարծես հակասություններ էին նկատվում կուսակցական վերնախավի եւ շարքայինների միջեւ։ Արձանագրված էին վերջիններիս դժգոհությունները, թե ԱԺՄ-ում մի «կլան» իրենց միջոցով 10 տարի շարունակ պատգամավոր է դառնում եւ հետո լուծում սեփական խնդիրները՝ չմտահոգվելով ոչ շարքային կուսակցականների, ոչ էլ ժողովրդի ճակատագրով։ «ԱԺՄ-ում երբեւիցե որեւէ կլան չի եղել,- հերքեց պրն Վարսանյանը։- Ուղղակի մի խնդիր կա՝ շարքային ԱԺՄ-ականները, որոնք միշտ պայքարել են սկզբունքների համար, երբ տեսնում են, որ այդ պայքարում իրենց առաջնորդողը նման քայլերի է դիմում՝ բնական է, թե որոշ հիասթափություն պիտի լինի»։ Հայտնի է, որ Վահե Վարսանյանը հիասթափեցնող քայլ է համարում կառավարության հետ համագործակցության այս ձեւը. «Մասնավորապես, վարչապետն ասում է՝ ծրագրեր բերեք, որ ես իրագործեմ։ Սա անհեթեթ է։ Պատկերացրեք, որ Հրանտ Բագրատյանն ԱԺՄ-ին նման բան ասեր։ Ի՜նչ կհետեւեր դրան։ Եվ տրամաբանական է, որ վարչապետն ինքն իր ծրագիրն ունենա»։

Հավելենք, որ համագումարի իր ելույթում, ճիշտ է, փոքր-ինչ այլ համատեքստում, Վահե Վարսանյանը հիշեցրել է, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ էր իրենց առաջարկում իշխանությանը մաս կազմել, բայց ԱԺՄ-ն մերժում էր՝ անհնարին համարելով այդ ճանապարհով իրավիճակը բարելավելը։ «Եթե ծրագրային առումով բավական սնանկ կառավարության մեջ պիտի մտնի ԱԺՄ-ն՝ այսքան պայքարից հետո, ուրեմն 1995-ին կարող էր «Հանրապետություն» միավորման մեջ մտնել։ Մանավանդ, որ ՀՀՇ-ի ղեկավարներն ԱԺՄ-ին առաջարկում էին առաջնային դիրք գրավել այդ աջ դաշինքում։ Բայց հրաժարվելիս մեր հակափաստարկն այն էր, թե Հայաստանում անջրպետն աջերի եւ ձախերի միջով չի անցնում, այլ՝ թե ովքեր են ցանկանում բռնազավթել իշխանությունը եւ ովքեր դա չեն թույլատրում ժողովրդի անունից»։

Իշխանությանն ԱԺՄ-ի մաս կազմելու անիմաստության վերաբերյալ իր այս գնահատականներում Վահե Վարսանյանը միայնակ չէ։ Լրագրողները փոխանցել էին շատ կուսակցականների մոտավորապես այս համոզումը՝ պարզ է, որ այս կառավարությունը ժողովրդի համար լավ բան չի անելու, իսկ ԱԺՄ-ն վերջնականապես կորցնելու է ընդդիմադրի իր իմիջը։ «Երբ Դավիթ Վարդանյանը վարչության որոշմամբ ներգրավվեց կառավարության կազմում, կուսակցությունը, բնականաբար, արդեն իսկ կորցրեց ընդդիմադրի իր կարգավիճակը։ Կառավարության անդամն արդեն իշխանություն է,- ասաց Վահե Վարսանյանը։- Սա վերահսկողական ծառայության ղեկավար չի, որ մոռացված պաշտոն է եւ քաղաքական որեւէ դիրք չի ենթադրում»։ Այսինքն, բացառո՞ւմ է ԱԺՄ-ի համար այս տարբերակը՝ ե՛ւ Դավիթ Վարդանյանն է նախարար, ե՛ւ Արշակ Սադոյանն է շարունակում քննադատել կառավարությանը. «Բնականաբար, դա անհնար է։ Կառավարության բոլոր որոշումները, գոնե ֆորմալ առումով, պիտի կառավարության բոլոր անդամների քվեարկությամբ ընդունվեն։ Կառավարությունը բազմակուսակցական, այլակարծության դրսեւորման մարմին չէ, ինչպես ԱԺ-ն կամ ԿԸՀ-ն, որ մի անդամը պատասխանատվություն չկրի ամբողջ գործունեության համար։ Ուստի, ԱԺՄ-ն էլ է կրում պատասխանատվություն եւ չի կարող վարչության մի անդամն իշխանությունների մեջ քաղաքական դիրք գրավել, իսկ մյուսն ընդդիմություն լինել»։

Համագումարի իր ելույթում Վահե Վարսանյանը հիշեցրել էր նաեւ ԱԺՄ-ի երբեմնի հաստատակամությունը, թե հնարավոր չէ ռեժիմը փոխել ներսից՝ այն պետք է քանդել դրսից։ Խնդրեցինք փաստարկել, թե ինչո՞ւ է բացառում ներսից քանդելու ու նաեւ (նման հեռագնա նպատակ էլ մատնանշվեց) իշխանություն ներթափանցելու միջոցով ընտրությունների լիովին ջախջախված մեխանիզմը վերականգնելու հնարավորությունը։ «Ռեժիմը ներսից փոխելն անհնար է, եթե դու միայնակ ես, մի «սպիտակ ագռավ»,- պնդեց պրն Վարսանյանը։- Դժվար է պատկերացնել, որ կառավարության կորիզը կազմող մեծամասնությունը, որ մինչ այժմ մի ձեւով էր գործընթացները կազմակերպում՝ հիմա Դավիթ Վարդանյանի եւ Լեոնիդ Հակոբյանի հետ շփվելուց հետո պիտի փոխի իր աշխատաոճը։ Սա ուղղակի միամտություն է։ Բոլորի համար էլ պարզ է, որ պետական մակարդակի որեւէ փոփոխություն չի լինելու։ Եվ համոզված եմ, իշխանությունները չէ, որ վնասվելու են այս գործիչների ներգրավմամբ, այլ նրանց կուսակցությունները։ Ու նաեւ քաղաքական համակարգն է այլասերվում»։

Համագումարին հետեւած մեկնաբանություններից էր, թե ԱԺՄ-ականները հոգնել են պայքարից եւ հույս ունեն, որ իշխանության իրենց մասնիկն ունենալով, եթե համահայաստանյան խնդիրներ չկարողանան էլ լուծել՝ գոնե անձնական բարեկեցության հարցեր կկարգավորեն։ «Նման մոտեցում ԱԺՄ-ում գոյություն չունի,- հերքեց Վահե Վարսանյանը։- Անձնական շահերի համար չէ Դավիթ Վարդանյանը գնացել կառավարություն աշխատելու։ Եվ չեմ կարծում, որ եթե նա անգամ ԱԺՄ-ականների ներգրավի իր ղեկավարած համակարգում՝ նրանք կգնան մատնանշված ճանապարհով»։ «Հայկական ժամանակը» մի ԱԺՄ-ականի խոսք էր մեջբերել, որը Վազգեն Մանուկյանին Ռոբերտ Քոչարյանի հետ էր համեմատել։ Նմանության հիմքն այն էր, թե ԱԺՄ առաջնորդն էլ է դեմ կուսակցության մեջ ընթացող գործընթացներին ու առանձին անհատների վարքագծին, սակայն հստակ տեսակետ չի հայտնում՝ վախենալով մենակ մնալ։ Եվ անընդհատ զիջում է դիրքերը՝ իրականացնելով հաշտվողական քաղաքականություն։

Վազգեն Մանուկյանի վերաբերյալ մամուլի այս ու նաեւ «հոգնած եւ հիասթափված գործչի տպավորություն է թողնում» մեկնաբանությունների առնչությամբ հարցերը Վահե Վարսանյանն իրավամբ առաջարկեց ուղղել իրեն. «Ինքս էլ կողմ կլինեի, որ Վազգեն Մանուկյանն ավելի վճռական լիներ, ավելի հստակ ներկայացներ իր դիրքորոշումները, որովհետեւ նա ԱԺՄ-ում անվիճելի առաջնորդ է այս պահին էլ։ Եվ ավելի հստակ պիտի ճանապարհ ցույց տա իր թիմին, որպեսզի նրա կենսագրության մեջ 1999-ի ընտրությունների նման արդյունքներ չարձանագրվեն»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031