Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՀԱՀ-ԻՆ

Մարտ 16,2000 00:00
Robert Qocharyan

-Պարոն նախագահ, մեր նախորդ հարցազրույցի օրը, փաստորեն, սկսվեց բանակի, Հայաստանի զինված ուժերի հետ կապված հրամանագրերի շղթա: Հենց նույն օրը Դուք հրամանագիր ստորագրեցիք, որով նշվում էր, որ նախագահին է վերապահվում բարձրաստիճան զինվորականների կազմի պաշտոնների ցանկի հաստատումը: Ցանկի հրապարակումը եղավ, իսկ երեկ Դուք մի շարք նշանակումներ կատարեցիք: Ինչո՞վ էր պայմանավորված այդ հրամանագրերի շարքը, ի՞նչ նպատակ էին դրանք հետապնդում:

-Առաջին հերթին. Սահմանադրությամբ ես երկրի տարածքային ամբողջականության եւ անվտանգության երաշխավորն եմ: Սա պարտականություն է, պարտավորություն, եւ ըստ Սահմանադրության, այս պարտավորությունը կատարելու գործիքը, երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատար լինելն է: Այս քայլերով, այո, ես իրականացնում եմ իմ այդ լիազորությունները: Կարող է հարց առաջանալ. իսկ ինչո՞ւ հիմա, ինչո՞ւ նախկինում այդպես չէր: Կային, իհարկե, սուբյեկտիվ գործոններ, օրենքով պետք է միշտ այդպես լիներ. բարձրագույն հրամանատարական կազմը, ըստ Սահմանադրության, պետք է նշանակվի նախագահի կողմից: Սա հնարավորություն է տալիս նախագահին վերահսկել բանակը եւ, կրկնում եմ, լիարժեք պատասխանատվություն կրել երկրի անվտանգության համար: Չի արվել: Կային սուբյեկտիվ գործոններ, նաեւ նախկին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի անձնական հեղինակության շնորհիվ կար փոխադարձ վստահություն, ինչ-որ տեղ դե-ֆակտո այս հարցը լուծվում էր մի քիչ այլ տարբերակով: Հիմա ամեն ինչ փորձում ենք բերել եւ տեղավորել սահմանադրական շրջանակներում: Սա է: Իհարկե, նաեւ վերջերս երկրի ներքաղաքական իրավիճակը սկսել էր բացասական ազդեցություն ունենալ բանակի վրա, ես ստանում էի բազմաթիվ ահազանգեր տարբեր զորամասերից, հենց հրամանատարական կազմից: Ընդունելով, որ մեր երկրում բանակը ամենից կայացած կառույցներից մեկն է եւ անմիջապես պետք էր միջամտել, ես միջամտության այս ձեւը համարեցի ամենից ճիշտը եւ օրինականը:

-Երեկ, պարոն նախագահ, երբ Դուք գնացել էիք պաշտպանության նախարարություն՝ ներկայացնելու նորանշանակ թիմը, փաստորեն, ասացիք, որ շատ խիստ եք լինելու եւ թույլ չեք տալու, որպեսզի բանակը որեւէ ձեւով խառնվի քաղաքականությանը: Ինչպիսի՞ շարունակություն է ունենալու այս հրամանագրերի շարքը:

-Քաղաքականության մեջ ակտիվ մասնակցությունն ուղղակի քայքայում է բանակը, եւ, կրկնում եմ, այս կարգի միջամտությունը բխում է հենց այդ մտահոգություններից: Մենք շատ մեծ ռեսուրսներ ենք ներդրել հաղթանակի, բանակի կայացման համար՝ ե՛ւ մարդկային, ե՛ւ նյութական ռեսուրսներ: Ես չէի կարող անուշադրության մատնել նման կարգի ահազանգերը: Ավելի ակտիվ կզբաղվենք, կրկնում եմ, մոտակա օրերին մի շարք հրամանագրեր կլինեն: Բանակում ծառայող մեր բոլոր բարձրագույն սպաները կվերահաստատվեն իրենց պաշտոններում, կլինեն նաեւ որոշ փոփոխություններ: Մյուս շաբաթ ես կլինեմ տարբեր զորամասերում, կփորձեմ տեղերում գնահատել իրավիճակը, որից հետո, կարծում եմ, մի շարք լուծումներ եւս կփորձեմ առաջարկել բանակի ղեկավարությանը: Մենք իրավունք չունենք անել որեւէ քայլ, որը կբերի մեր բանակի մարտունակության թուլացմանը: Այս տարածաշրջանում մենք ապագա չենք ունենա, եթե չունենանք ամենից մարտունակ եւ կազմակերպված բանակը:

ԱՐՄԵՆՊՐԵՍ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031