ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 14-ի իր հրամանագրով լուրջ տեղաշարժ կատարեց ներքաղաքական զարգացումների դաշտում։ Հրամանագրի վերաբերյալ գնահատականները, որքան էլ տարօրինակ է (սակայն՝ ուրախալի), խիստ դրական են։ Ի վերջո, ի՞նչ է պատահել։
ՀՀ զինված ուժերի գլխավոր հրամանատարը հաստատել է բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնների ցանկը։ Ամեն ինչ շատ ավելի ուրախալի կլիներ, եթե նախագահ Քոչարյանն այս հրամանագրի բովանդակության մասին նախօրոք տեղյակ պահեր վարչապետ Սարգսյանին։ Սակայն նախագահն այդ բանը կարծես թե չի արել։ Եթե նախագահի այսպիսի պահվածքն ինչ-որ տեղ հասկանալ կարելի է, ապա առնվազն տարօրինակ է, որ իրենք՝ պաշտոններ եւ նոր բարձր զինվորական կոչումներ ստացած երկրապահներն իրենց բարձրացման մասին վարչապետին՝ իրենց Սպարապետի եղբորը, չեն հայտնել նախապես։
Ավելորդ անգամ ապացուցվեց մի տխուր իրողություն. պաշտոններ ստանալը ավելի թանկ է գնահատվում, քան այլ, ըստ իս, առավել կարեւոր եւ իրական արժեքները։ Դժվար թե վաղօրոք այս հրամանագրի մասին իմանալով՝ վարչապետ Արամ Սարգսյանը դեմ լիներ։ Քայլն արված է։ Փորձեցինք մի շարք քաղաքական գործիչներից իմանալ նրանց վերաբերմունքը կատարված քայլին։ Մեր զրուցակիցներին ուղղված հարցը հետեւյալն է. «Նախագահի հրամանագրով կկայունացվի՞ երկրի լարված քաղաքական վիճակը, թե՞ հակառակը»։
Գագիկ Ասլանյան. ԱԺ փոխնախագահ, ՀԺԿ վարչության անդամ. «Ես կարծում եմ՝ երկրի այս անկայուն վիճակի պատճառները շատ ավելի խորքային են, քան այն կարծիքը, որ կարելի է պաշտոնների նշանակումով վիճակը կայունացնել։ Պատճառները երկուսն են. առաջինը երկրում տիրող այս անվստահության մթնոլորտը, որ կա իշխանական թեւերի միջեւ, նաեւ ժողովրդի կողմից կա անվստահություն իշխանությունների նկատմամբ, եւ, ամենակարեւոր պատճառը, որը նաեւ հետեւանք է առաջին պատճառի, դա երկրի սոցիալ-տնտեսական վիճակն է։ Դրա համար մենք պետք է լուծումներ գտնենք այս երկու պատճառների վերացման համար, այդ ժամանակ կարող ենք հասնել երկրի կայունացման»։
Կարդացեք նաև
Ռուբեն Հակոբյան. ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ. «Ես նախեւառաջ այդ հրամանագիրը, ինչպես նաեւ այս հրամանագրին նախորդող հրամանագրերը դիտարկում եմ քաղաքական հարթության վրա։ Այս հրամանագրով ներքաղաքական զարգացումներում ժամանակավորապես կարծես թե սառեցվեց զենքի օգտագործման հնարավորությունը։ Ընդհանրապես, որեւէ քայլ, որը կնպաստի թեկուզ համեմատական կայունությանը, ես ողջունում եմ, եւ ավելացնում եմ, որ այն պետք է միջոց հանդիսանա հետագա քայլերի համար։ Այսինքն՝ սա միջոց է, որպեսզի հետո անդրադառնանք մեր պետության գլխավոր հարցին՝ երկրի սոցիալ-տնտեսական վիճակին։ Գլխավոր հարցը սա է։ Ներիշխանական միջանցքներում պայքարը որոշակիորեն մեղմացվեց, ճգնաժամը ամբողջությամբ չհաղթահարվեց, բայց մեղմացվեց։ Սա բավարա՞ր է արդյոք միասնական թիմ ձեւավորելու եւ միասնաբար լծվելու այդ ճգնաժամից մեր ժողովրդին հանելու համար, ցույց կտան հետագա քայլերը։ Ի վերջո, սա նաեւ քայլ է գործադիր իշխանության մեջ եղած բազմաբեւեռայնության ինչ-որ չափով հաղթահարման ճանապարհին։
Արթուր Բաղդասարյան. ԱԺ պատգամավոր, «Օրինաց երկիր» կուսակցության եւ խմբակցության նախագահ. «Հրամանագիրը մենք գնահատում ենք ՀՀ նախագահի սահմանադրական լիազորություններից բխող որոշակի կոնկրետ գործողություն, երեւի նախագահը խորհրդակցել է որոշակի պաշտոնյաների հետ այդպիսի հրամանագիր ստորագրելուց առաջ։ Մենք հրամանագրին վերաբերվում ենք հանգիստ եւ հույս ունենք, որ այն կթեթեւացնի երկրի լարված ներքաղաքական իրավիճակը»։
Ֆիլարետ Բերիկյան. ԱԺ պատգամավոր, ԱԺՄ խմբակցության անդամ. «Այս հրամանագրով գործադիր իշխանության երկբեւեռությունը միտում ունի վերանալու, ոչ թե իրար դեմ պայքարելով մեկումեկը հաղթի (որը շատ վտանգավոր կլիներ), այլ ուղղակի երկրի ներքաղաքական իրավիճակը թելադրում է, որ հնարավորինս տեսակետները մոտենան, գործադիր իշխանության երկու թեւերը ներդաշնակ աշխատեն իրար հետ։ Իմ կարծիքով, հրամանագիրը դրական միտում ունի լեզու գտնելու։ Մանավանդ նրանց, ում վերաբերվում է հրամանագիրը, ես մեծ մասամբ ճանաչում եմ, գիտեմ իրենց։ 90-94 թվականին մահուկենաց կռիվ տալով մարդիկ պայքարել են, թող հիմա էլ շարունակեն բանակաշինությամբ եւ մեր ժողովրդի պատմության մեջ իրենք այդպես լավ կմնան։ Իսկ քաղաքականության մեջ խառնվելը երկրին միայն վտանգ կբերի»։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ