Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատվիրատուն իշխող վարչախումբն է»

Մարտ 15,2000 00:00

Աշոտ Բլեյանի պաշտպանության հասարակական խորհուրդը հավաք էր կազմակերպել ի պաշտպանություն Աշոտ Բլեյանի։ Հավաքը հատուկ հայտարարությամբ կոչ արեց համախմբվել եւ քաղբանտարկյալ Աշոտ Բլեյանի ազատության հարցը լուծել։ Հավաքին մասնակցում էին բոլոր «նախկինները», «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչները, լրագրողներ։ Գրեթե բոլոր ելույթ ունեցողները Աշոտ Բլեյանի գործը քաղաքական էին համարում։

Բլեյանի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանը իր խոսքում հայտարարեց, որ բոլոր մեղադրանքներն «անհիմն են, սին, դատարկ»։ Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը չմոռացավ հիշեցնել, որ Աշոտ Բլեյանի շահերն առաջինն իրենք են պաշտպանել եւ, որ Բլեյանը այսօր Հայաստանում միակ քաղբանտարկյալն է։ Հավաքի նպատակն էր «տագնապ հնչեցնել եւ համախմբել առողջ ուժերը իշխանությունների դեմ պայքարի համար»։ Բոլոր «նախկիններն» անխտիր «ներկաներին» մի լավ քարկոծում էին եւ պնդում, որ լռելն այլեւս ճիշտ չէ, ոմանք նույնիսկ առաջարկում էին դուրս գալ փողոց, ցույցերի։

«Արմատ» հասարակական կազմակերպության ղեկավար Բաբկեն Արարքցյանը Բլեյանի գործը ֆարս որակեց։ «21-րդ դար» ժողովրդավարական ազգային կուսակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը հայտնեց, որ իրենք չեն պահանջում դադարեցնել Աշոտ Բլեյանի դատավարությունը, ընդհակառակը՝ դատավարությունը թող ընթանա, եւ Բլեյանը կարդարացվի։ Ելույթ ունեցողների կարծիքով «սա քաղաքական պատվեր է, ներկաների եւ նախկինների կռիվ»։ Դավիթ Շահնազարյանի գնահատմամբ Բլեյանի գործը կարող է մտնել Գինեսի գրքի մեջ, քանի որ սա չտեսնված բան է՝ 20 հատորանոց գործ, իրար հետեւից մի քանի մեղադրանքներ, բայց՝ առանց տուժող կողմի։

Հավաքի ներկաները լսեցին նաեւ Աշոտ Բլեյանի ուղերձը, որում մասնավորապես ասվում է. «Արժանապատվության հարց է, բայց իմ հաստատակամությունը կբավարարի, որպեսզի հասնեմ այն բանին, որ դատարանը իրականացնելով արդարադատություն՝ ինձ որպես անմեղ անձի արդարացնի։ Իսկ արդարադատության դեմ հանցանք գործած, ինձ ակնհայտ ապօրինի մեղադրանք կպցրած, իմ ազատություններն ու իրավունքները ոտնահարած յուրաքանչյուր ոք օրենքով որոշված կարգով պատասխանատվության կկանչվի։ Որպես կրթահամալիրի տնօրեն եւ լուսավորության նախարար ես կատարել եմ միմիայն օրենսդրությամբ լիազորված գործողություններ։ 20 հատորանոց այս քրեական ֆոլկլորում չկա որեւէ անօրինական հրաման, կարգադրություն կամ որոշում։ (…) Ձեր այսօրվա հավաքի եւ ձեր բոլոր գործողությունների նպատակը պիտի լինի իմ գործի արդարացի քննությունը։ Արդարադատությունը պետք է իրականացվի դատավորի նկատմամբ կողմնակի ներգործության բացառման պայմաններում։ Երեւի անհրաժեշտ էր իմ տասը ամսվա կալանքը եւ բռնի մեկուսացումը, հակառակ դեպքում այս դահլիճում չէին հավաքվի Հայաստանի լինելիության պատասխանատվությունը 90-91 թվականներին ստանձնած գործիչները։ Հաճույքով ներկա-բացակա կանեի»։

Երեւի Աշոտ Բլեյանից ավելի լավ Աշոտ Բլեյանին ոչ ոք չի պաշտպանի։

Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031