1998 թվականի նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո Ռոբերտ Քոչարյանը լրագրողի հարցին՝ հնարավո՞ր է, որ իր նախագահության օրոք ժողովուրդը հիասթափվի իրենից, պատասխանել է. «Ոչ մի բան չի կարելի բացառել, բայց դա առաջին հերթին կախված կլինի ինձանից։ Եթե նման բան կատարվի, ուրեմն մեղավորը ես եմ»։
Այս հարցազրույցի տեսագրությունը պատահաբար ընկավ ձեռքս, եւ որոշեցի մամուլի եւ այլ տեսագրությունների օգնությամբ վերհիշել, թե մեր նախագահները ընտրվելուց հետո ինչ խոստումներ էին տալիս, որոնք խոստումի մակարդակի էլ մնացին։
Իր ակադեմիականությամբ, խոստումների եւ երդումների առատությամբ վերհուշի արժանի է Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ 96 թվականին Վեհամոր ավետարանի եւ Սահմանադրության վրա տրված երդումը. «Ստանձնելով ՀՀ նախագահի պաշտոնը՝ երդվում եմ՝ սրբությամբ կատարել Հայաստանի անկախության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության երաշխավորի պարտականությունը, գործել բացառապես Սահմանադրությամբ եւ օրենքների շրջանակում, առաջնորդվել ժողովրդավարության եւ համամարդկային արժեքների գերակայության գիտակցությամբ, ջանք չխնայել երկրի խաղաղությունը, քաղաքական կայունությունը եւ քաղաքացիական համերաշխությունը ապահովելու ուղղությամբ, մշտական հոգածության առարկա դարձնել ժողովրդի բարեկեցության բարձրացման, սոցիալական վիճակի բարելավման խնդիրները, չկորցնել զգոնությունը, իրականության զգացողությունը, պատասխանատվության գիտակցությունը, հեռու մնալ արկածախնդրությունից, անիրատես ծրագրերից ու շուտափույթ որոշումներից, մերժել ծայրահեղականությունը, ամբոխավարությունը, ամբոխահաճությունը եւ սին խոստումները, ժողովրդին զերծ պահել ահաբեկչության, թմրամոլության, ավազակության վտանգներից, բարձրացնել ազգի բարոյական ոգին, ամրապնդել ու խորացնել նրա հավատը սեփական ուժերի նկատմամբ, պետականությունը վեր դասել ազգային ու քաղաքական բոլոր գաղափարներից, գիտակցել պատասխանատվությունը համայն հայության առջեւ։
Այսքանն՝ ի պաշտոնե, մնացյալը՝ զուտ մարդկային առումով. որեւէ քայլով չարատավորել ազգի պատիվը, չդիպչել մարդու արժանապատվությանը, հարգել այլակարծությունը, բայց նաեւ տեր կանգնել սեփական կարծիք ունենալու իրավունքին, պահպանել լսելու եւ խորհրդակցելու ունակությունը, չհավակնել դատավորի դերին, խուսափել անիմաստ բանավեճերից ու շատախոսությունից, չընկրկել դժվարությունների առջեւ, չշփոթվել անորոշ կացություններում, տուրք չտալ պատեհապաշտության եւ էժանագին քաղաքական շահադիտության, մերժել թե՛ ազգային սնապարծությունն ու գերազանցությունը, թե՛ օտարամոլությունն ու աշխարհաքաղաքացությունը, ատել բռնությունը, սպառնալիքը, սադրանքը, դավադրությունը, չհանդուրժել սուտը, կեղծիքը, բամբասանքը, մատնությունը, զրպարտությունը, անօրենությունը, արհամարհել պերճանքը, ընչասիրությունը, ցոփությունը, վանել փառասիրությունը, գոռոզամտությունը, հոխորտանքը, օտարել քծնանքը, շողոքորթությունը, երեսպաշտությունը, ոչինչ չանել շնորհակալության, երախտագիտության կամ հատուցման ակնկալիքով»։
Կարդացեք նաև
Եթե Տեր-Պետրոսյանը՝ երդմանը համաձայն, «չշփոթվեց անորոշ կացությունում» եւ «խուսափելով անիմաստ բանավեճերից», «պահպանելով լսելու եւ խորհրդակցելու ունակությունը»՝ հրաժարական տվեց, ապա Ռոբերտ Քոչարյանը ստոիկաբար չի պատրաստվում հրաժարական տալ։ Մանավանդ որ երդման արարողության ժամանակ միայն երդվել էր. «… Լինել հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության երաշխավորը, հարգել եւ պաշտպանել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, առաջնորդվել Սահմանադրությամբ եւ օրենքով, նվիրումով եւ հավատարմորեն ծառայել հայ ժողովրդին՝ հանուն հայոց պետականության հզորության եւ համազգային նպատակների իրագործման»։ Նման բարձրագոչ երդում տալու համար Ռոբերտ Քոչարյանը լուրջ հիմքեր ուներ։
Վերհիշենք, թե ինչպես էր պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը 98-ի փետրվարի 26-ին Երեւանի բժշկական ակադեմիայում հիմնավորում, թե ինչո՛ւ է պաշտպանում Ռոբերտ Քոչարյանին եւ ինչու՝ ո՛չ Կարեն Դեմիրճյանին. «Ռոբերտ Քոչարյանն առաջին հերթին բարոյական իրավունք ունի դառնալ Հայաստանի նախագահ, քանի որ նա վերջին 10-ամյակի կռողներից է, առաջամարտիկ։ Հրաշալի պատկերացնում է քաղաքական իրավիճակը եւ կարող է ճիշտ լուծումներ գտնել։ Նրա 10 ամսվա վարչապետությունը ցույց տվեց, որ ընկալել է նոր տնտեսական կացութաձեւը եւ կարողանում է աշխատել այս պայմաններում։ Չկա խնդիր, որ նա իր առջեւ դնի եւ չլուծի։ Ռոբերտ Քոչարյանը հաղթող մարդ է եւ այժմ էլ նա հաղթելու է»։ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես եւ գուշակել էր Վ. Սարգսյանը, հաղթեց՝ մինչ այդ մամուլում իր մասին հայտնված վարկաբեկիչ հրապարակումների մասին 98-ի մարտի 27-ին ասելով. «Վերջին 10 տարում առաջին անգամ են իրեն վարկաբեկում, եւ դա անում են հայերը։ Նույնիսկ թշնամին (որի դեմ ինքը կռվում էր) հարգել է իրեն։ Հետո արդեն (98-ի ապրիլի 3-ին) մամուլում տպվեց նախագահի պարտված թեկնածու Կարեն Դեմիրճյանի հայտարարությունը. «ԿԸՀ-ն պաշտոնապես հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները, որոնք, մեղմ ասած, չեն արտահայտում իրական պատկերը»։ Նա, ամեն դեպքում, խաղաղության կոչ արեց։
Այդ խաղաղությանը հաջորդեց հոկտեմբերի 27-ը՝ իր հետեւանքներով, եւ ժողովրդի հիասթափությունը, որի համար ընտրվելուց առաջ խոստացավ իրեն մեղավոր (այսինքն՝ պատասխանատու) ճանաչել նախագահ Քոչարյանը։
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ