Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրար վրա տղա՞ եք բերում. թաղի կռիվ է, թե՞ պետություն»

Մարտ 14,2000 00:00
Trchunich

Հարցազրույց ՀԿԿ խմբակցության անդամ, պատգամավոր Խորեն Սարգսյանի հետ

«Հանրապետությունն այսօր ծանր վիճակում է։ Տնտեսականը, սոցիալականը, արտագաղթը, այդ բոլորը մի կողմ, խոսքը սրա մասին չէ, խոսքը քաղաքական ճգնաժամի մասին է»,- ասաց պատգամավոր, ՀԿԿ խմբակցության անդամ Խորեն Թռչունի Սարգսյանը եւ պատմեց, որ եթե ընտանիքի մեջ կռիվ է սկսվում, որքան էլ ամուր լինի այդ ընտանիքը, միեւնույնն է՝ քանդվելու է։

Ըստ Խորեն Սարգսյանի՝ իշխանության երկու թեւերի միջեւ հակասություն կա, որը կամ պետք է շատ արագ սառեցվի եւ երկիրն իր բնական հունով ընթանա, կամ պետք է մեկնումեկը թողնի իր պաշտոնը։ «Ո՞վ պետք է լինի այդ մեկնումեկը»,- հարցրինք Խորեն Սարգսյանին. «Ես այդ հարցին մի ուրիշ ձեւով եմ ուզում պատասխանել. հանդիպում են երկու գեներալ, ո՞վ պետք է առաջինը բարեւ տա»։ Ընկեր Սարգսյանը համոզված էր, որ առաջինը կբարեւի նա, ով լավ է դաստիարակված։ Բայց այս թեզը Խորեն Սարգսյանը շատ չի պնդում. «Բա որ իրեն դաստիարակված համարողը դուրս գա, հեռանա ու նրա փոխարեն գա ավելի անդաստիարա՞կը»։ Քանի որ Խորեն Սարգսյանը «շփվել» է եւ Վազգեն Սարգսյանի եւ Արամ Սարգսյանի հետ, նրանց մեջ տեսել է «սրտացավություն, սրանց մոտ ես զգում եմ երկրի ցավը, մտածմունքը, ես կուզեի այդ նույն բանը տեսնել նաեւ հանրապետության նախագահի մեջ»։ Բայց՝ «ցավոք չեմ զգում, այ սա է մեր դժբախտությունը»։ Ի՞նչ էր պատահել, հարցնում է Խորեն Սարգսյանը։ «Հայտարարություն էր արվել, մի չոր հարցազրույց էլ հանրապետության նախագահը տվեց։ Սա ի՞նչ է, կռի՞վ է երկու տղաների միջեւ»։

Խորեն Սարգսյանից փորձեցինք իմանալ՝ խորհրդարանը պատրաստվո՞ւմ է նախագահի իմպիչմենթի հարցը դնել. «Այդպիսի հարց խորհրդարանը չի դնի, բայց եթե անկեղծ հարցնես, որ դուք իբրեւ հայ մարդ, կոմունիստ Խորեն Սարգսյան, այստեղից չգնացողներից մեկը կհամաձայնվեի՞ք, եթե «մեր հանրապետության նախագահը տղամարդ գտնվեր, ասեր՝ գիտեք ինչ, ես ինչքան ցանկացա էս անկայուն վիճակը մեղմել, չկարողացա եւ գնում եմ, իմ գնալով օգուտ եմ տալիս էս ժողովրդին։ Սա ավելի կմեծարվի, քան եթե մնա, հակասությունները սրի։ Ես ուրիշ ելք չեմ տեսնում»։ Խորեն Սարգսյանը քաղաքական դաշտը «խառը» որակեց. «մարդիկ չեն ուզում փոխզիջման գնալ։ … Ուրեմն կան ուժեր, որոնք չեն ուզում, որ հանրապետությունը կայունանա»։ Որո՞նք են այդ ուժերը, ըստ պրն Սարգսյանի, դրանք այն ուժերն են, «ովքեր կազմակերպեցին դատապաշտպանների ասուլիսը։ Փաստաբանին մինչեւ փող չտաս չի խոսի, նա իր փողի խաթեր ինչ կուզի կասի»։ Մեր հարցին, արդյոք այս պահին նախագահի դիրքերն ավելի ուժեղ չե՞ն, Խորեն Սարգսյանը պատասխանեց. «Ոչ, չեմ կարծում, եթե մենք գտանք, որ մեկը ուժեղ է, ուրեմն հանրապետությունը կորցնում ենք։ Ես գտնում եմ, որ ոչ մեկն էլ ուժեղ չի։ Ուժն ինչո՞վ է՝ ժողովրդի ծանր վիճակում մեկը մեկի վրա մա՞րդ է տանում։ Սա արդեն դառնում է տղայական կռիվ, թիմի կռիվ։ Կամ պետք է նստեն իրար հետ լեզու գտնեն, կամ պետք է հեռանան»։

Իսկ ի՞նչ կասի Խորեն Թռչունիչն այն մասին, եթե նախագահը մայիսից հետո ինքը ցրի խորհրդարանը. «Տո, եթե ցրելու է, պետք է վաղուց ցրեր։ Ես խորհրդարանի վրա եմ զարմանում։ Ինչո՞ւ խորհրդարանը որեւէ նիստ չի հրավիրել, որ տեսնենք, թե էս հանրապետությունում ի՞նչ է կատարվում։ Ժողովուրդն ընտրել է, բերել- նստեցրել այստեղ, բերաններս կապած։ Մինչեւ ե՞րբ։ Սրանից մեր տունն է քանդվում։ Եթե ազգային ժողովն այսօր մեր տանը տեր չի կանգնում, էդ ազգային ժողովը մի կոպեկի արժեք չունի»։

Հետաքրքիր է, սեփական անձեռնմխելիությունն ապահովելու նպատակով խորհրդարան ժամանածները կիսո՞ւմ են կոմունիստ Խորեն Սարգսյանի վերջին տեսակետը։

Զրուցեց

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031