Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԻՆՏՐԻԳԱՑԱՎ ԵՎ ՏԸԶԶ

Մարտ 14,2000 00:00
intrig

Կարծես թե երկրի պետական այրերը բան ու գործ չունեն եւ պարապությունից նոր խաղ են հնարել՝ ինտրիգ-ինտրիգ են խաղում, թիկունքից իրար են հարվածում եւ «տըզզ» են գոռում։ Օրը երկուշաբթի էր հերիք չի, դեռ ամսաթիվն էլ 13-ն էր։ Երկու ծանոթ փաստ կողք կողքի։ Մնում էր մի սեւ կատու հայտնվեր ու բոլորին սրտաճաք աներ։

«Միասնություն» խմբակցության անդամները երեկ մի տեսակ խորհրդավոր-սպասողական վիճակում էին։ Կամ սեւ կատվին էին սպասում, կամ էլ ուրիշ անակնկալի։ Խմբակցության նախագահը եւ փոխնախագահը ժամերով առանձնացել էին եւ գրեթե ոչ մի հեռախոսազանգի չէին պատասխանում։ Անզեն աչքով էլ կարելի էր տեսնել, որ հարաբերական անդորր է՝ կարեւոր իրադարձությունից առաջ։ Իսկ իրադարձություններից մեկն այն էր, որ սպասվում էր վարչապետ Արամ Սարգսյանի այցը խորհրդարան եւ հանդիպումը «Միասնություն» դաշինքի եւ «Կայունություն» պատգամավորական խմբի հետ։ Ինչի՞ համար էր գալու վարչապետը։ Այս պարագայում ստիպված ենք միայն կասկածներ հայտնել, քանի որ ոչ մի քաղաքական ուժ այս պահին չի ուզում որեւէ պատասխանատվություն վերցնել իր վրա եւ լրատվությունն ապահովել ձգտող լրագրողների հարցերին նորմալ եւ հասկանալի պատասխաններ տալ։ Ոմանք կտրուկ հրաժարվում են խոսել, մյուսները՝ քթի տակ են խոսում, երրորդներն էլ՝ այն կարծիքին են, որ երկիրն արդեն քանդվել է, էլ ի՞նչ խոսեն։ Ուստի ստիպված ենք միայն կասկածել։

Կասկած թիվ մեկ. վարչապետը գալիս էր արտահերթ նիստ հրավիրելու պահանջով։ Եթե իրոք այդպես է, ուրեմն մի քանի օրենսդրական նախագծեր (ասենք՝ պաշտպանության նախարարության վերաբերյալ) շտապ օրենք դարձնելու խնդիր կար։ Կարող էր նաեւ այլ կասկած լինել, ասենք՝ կասկած երկուսը, երբ վարչապետը գալիս է խորհրդարանային մեծամասնությանը ինչ-ինչ հարցերում համոզելու, առանց արտահերթի առաջարկի, պարզապես tՍte a tՍte-ի մակարդակով։

Չի բացառվում նաեւ երրորդ կասկածը, որն ինչ-որ չափով կարող է կապված լինել երկրորդ կասկածի հետ։ Ընդունենք՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մի քիչ ավելի կայունացրել է իր դիրքերը, վարչապետամերձ շրջանակներին անհանգստացնում է, եւ վարչապետը գալիս է խորհրդարանային մեծամասնության մոտ։ Սակայն վարչապետը չեկավ։

Ըստ չճշտված լուրերի, այդ նույն ժամանակ Արամ Սարգսյանը հրավիրվել էր նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտ։ Ի դեպ, Անդրանիկ Մարգարյանը (դարձյալ ըստ չճշտված լուրերի) նախագահի մոտ է եղել վարչապետի հետ։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ ոչ վարչապետը, ոչ էլ Անդրանիկ Մարգարյանը նախագահի մոտ չեն եղել, այլ՝ կառավարության շենքում։ Առնվազն տարօրինակ է, որ նախարար Սմբատ Այվազյանը, քաղաքապետ Ալբերտ Բազեյանը, նաեւ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը այս «չճշտված լուրերից» անտեղյակ՝ խորհրդարանի շենքում խելոք-խելոք սպասել են վարչապետի հայտնությանը։ Ժողովրդավարության՝ չգիտեմ, բայց որ այսպես շարունակվի՝ ինտրիգների գծով աշխարհի պետությունների շարքում առաջին տեղը այս պետության համար ապահովված է։ Օրվա երկրորդ կեսից հետո ՀԱՀ-ի գործադիր տնօրենը հրաժարական տվեց։

Դրանից առաջ «Առավոտին» տված հարցազրույցում «Միասնություն» խմբակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանը՝ պատասխանելով դաշինքի հայտարարության մեջ շեշտված հրաժարականների վերաբերյալ հարցին, ասաց. «Բանակցություններ են ընթանում հանրապետության նախագահի հետ, մոտ ժամանակս կտեսնենք, թե ի՞նչ արդյունք կտա։ Իմ կարծիքով խնդիրներ են բարձրացված, որոնք մինչ այդ էլ լուծման կարոտ են։ Համոզված եմ, որ մենք որեւէ լուծում կգտնենք»։ Ակնհայտորեն, երեկվա օրը կարեւոր էր, նաեւ նրանով, որ հավանաբար նախագահ Քոչարյանը եւ «Միասնությունը» կոմպրոմիսային տարբերակներ էին փնտրում։ Կարծես թե տարբերակներից մեկը գտնվել է հանձին Տիգրան Նաղդալյանի հրաժարականի։

Հետաքրքիր է, որ ՀՀ նախագահ-«Միասնություն» խմբակցություն բանակցությունները ոչ թե կլոր սեղանի շուրջ են տեղի ունենում, այլ, ինչպես Անդրանիկ Մարգարյանը վկայեց. «Ճիշտն ասած, դրանք ոչ թե աշխատանքային բանակցություններ են, այլ հեռախոսային»։ Եթե հեռախոսային բանակցություններն են արդյունք տալիս, ուրեմն շփման ի՜նչ եզրեր կարելի էր գտնել անհեռախոս բանակցություններից։ Մի բան ակնհայտ է. որքան մայիսը մոտենում է, քաղաքական կրքերն ավելի են շիկանում նույնիսկ նրանց մեջ, ովքեր քաղաքականապես անկարող են։ Բայց այս երեւույթն ավելի շատ վտանգավոր է, քան անվտանգ։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031