Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՍԿԵ ՄԻՋԻՆԸ. ԱՅՍԻՆՔՆ՝ ՀԻԲՐԻԴ

Մարտ 14,2000 00:00
haytararutyun

Մարտի 12-ին ավարտված ԱԺՄ 11-րդ համագումարը իր աշխատանքները եզրափակեց կուսակցության հայտարարությամբ (տես՝ հարակից սյունը)։ Այս հայտարարությունը, սակայն, միակը չէր. հայտարարությունների նախագծեր էին ներկայացրել նաեւ ԱԺՄ անդամներ Վահե Վարսանյանն ու Ֆիլարետ Բերիկյանը։

Վ. Վարսանյանի հայտարարությունն ասում էր, որ «ԱԺՄ 10-րդ համագումարից հետո ընկած ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները եւս մեկ անգամ փաստում են, որ պետության կառավարման հարցերը, ինչպես եւ նախկինում, շարունակվում են լուծվել ներիշխանական ինտրիգներով։ Շարունակվում է ժողովրդի սոցիալական վիճակի սրընթաց անկումը։ Ներկայիս երկգլխանի իշխանությունների քաղաքականությունն ավելի է խորացնում այդ գործընթացները։ Կառավարության կազմավորումը շարունակում է մնալ միջկլանային պայքարի արդյունք։ Ռեժիմի էությունը նոր մարդկանց ներգրավմամբ չի փոխվում։ Իշխանության կողմից համագործակցության կոչերը լոկ շղարշ են՝ իրենց իրական նկրտումները թաքցնելու համար։ Երկիրը ճգնաժամին հասցրած վարկաբեկված մարդիկ շարունակում են մնալ պաշտոններում։ Իշխանության երկու թեւերը մտել են բացահայտ առճակատման փուլ, որի հանգուցալուծումը բերելու է հաղթող թեւի կողմից իշխանությանն ամբողջապես տիրանալուն։

ԱԺՄ-ն իր վճռականությունն է հայտնում ժողովրդի միջոցով օր առաջ ազատվել չարիք դարձած իշխանությունից, քանդել ռազմաֆեոդալական, կլանային համակարգը, պատասխանատվության ենթարկել հանցագործություն կատարած պաշտոնյաներին, կատարել համակարգի արմատական փոփոխություն»։ Նման կտրուկ հայտարարությունն արդեն զգուշավոր եւ կառավարությունում իր մարդն ունեցող ԱԺՄ-ն չէր կարող ընդունել։ Չէր կարող ընդունվել նաեւ ԱԺ պատգամավոր Ֆիլարետ Բերիկյանի փափուկ ու անդեմ, տեղ-տեղ Լեոպոլդ կատվի հայտնի կոչը հիշեցնող հայտարարության նախագիծը. «ԱԺՄ-ն հայտարարում է, որ երկրի համար ստեղծված վտանգավոր վիճակից հնարավոր է դուրս գալ միասնականորեն եւ պատրաստ է քաղաքական ուժերի, ազգային եւ պետական կառույցների հետ համատեղ մշակել եւ իրագործել անհրաժեշտ հրատապ ծրագրեր»։

Ընտրվեց հայտարարության «հիբրիդ» տարբերակը (սա Ֆ. Բերիկյանի բնորոշումն է)։ Համագումարի վերջին օրը ելույթ ունեցան նաեւ շարքային ԱԺՄ-ականներ, որոնց մեծ մասը կուսակցության աշխատանքից գոհ չէր։ Մասնավորապես, Անահիտ Թադեւոսյանը հայտնեց, որ 98-ի ընտրություններից հետո ԱԺՄ-ն ներկուսակցական ճգնաժամ է ապրում։ Իսկ 99-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունից հետո կուսակցությունը կտրվել է ժողովրդից։ Սակայն ամեն ինչ առջեւում է. ըստ Անահիտ Թադեւոսյանի՝ 3 ամիս հետո, երբ երկրում անիշխանություն կտիրի, չի լինի մի կուսակցություն, որը պատրաստ կլինի իր վրա վերցնել պատասխանատվությունը։ Ու այդ ժամանակ միայն ԱԺՄ-ն է, որ կկարողանա իշխանությունը վերցնել։ Իսկ մինչ այդ Ա. Թադեւոսյանն առաջարկեց (կյանքի բոլոր դեպքերի համար- Լ. Ա.) ստեղծել ստվերային կառավարություն եւ կադրերի բանկ։

Մի կադր արդեն ԱԺՄ-ն ունի, այն էլ ոչ ստվերային կառավարությունում։ Սակայն ԱԺՄ շարքային անդամներին, ինչպես համոզվում ենք, սույն փաստն ամենեւին չի մխիթարում։

Լ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031