ԱԺՄ 11-րդ համագումարը կիրակի եզրափակեց իր աշխատանքը՝ հրապարակելով հետեւյալ հայտարարությունը. «- Մտահոգված երկրում խորացող քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ բարոյահոգեբանական ճգնաժամով, օրեցօր ահագնացող արտագաղթով, – հրատապ համարելով տնտեսության վերականգնման, աշխատատեղերի ստեղծման, կարգուկանոնի հաստատման, օրենքի առջեւ բոլորի հավասար պատասխանատվության խնդիրները, – արձանագրելով, որ խորանում է գործադիր իշխանության երկու բեւեռների պայքարը, քաղաքականության մեջ են ներգրավվում զինված խմբերը, ինչը վտանգում է ՀՀ-ի եւ Արցախի ապագան, – հաշվի առնելով, որ իշխանական համակարգը չի փոխել իր էությունը եւ խոչընդոտ է հանդիսանում երկրի արդյունավետ կառավարմանը, տնտեսության զարգացմանը եւ ժողովրդավարության հաստատմանը, հավատարիմ ԱԺՄ գաղափարական սկզբունքներին ու ծրագրերին, հայտարարում է.
1. Ստեղծված իրավիճակից Հայաստանը կարող է դուրս գալ միայն այն ժամանակ, երբ երկրում իշխանությունները կձեւավորվեն ժողովրդի կողմից, պատասխանատու կլինեն նրա առջեւ եւ կփոփոխվեն նրա կամքով։
2. Առաջնահերթ խնդիր է մնում այնպիսի համակարգային փոփոխությունների իրականացումը, որոնք կնպաստեն կլանային համակարգից ձերբազատմանը եւ անհրաժեշտ պայման կհանդիսանան երկիրը զարգացման ուղի դուրս բերելու համար։
3. Խորացող ճգնաժամը հնարավոր է հաղթահարել միայն միասնական ջանքերով եւ ԱԺՄ-ն կհամագործակցի բոլոր քաղաքական ուժերի եւ հասարակության լայն շերտերի հետ, որոնց գործունեությունը նպատակաուղղված է նշված հիմնախնդիրների իրականացմանը»։