Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍԻՄԲԻՐՍԿԸ ՎԵՐՑՎԱԾ Է, ՄՆԱՑ ՍԱՄԱՐԱՆ, ԹԱՆԿԱԳԻ՛Ն ՎԼԱԴԻՄԻՐ ԻԼՅԻՉ

Մարտ 14,2000 00:00
tigran naghdalyan

Թեեւ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՀԱՀ-ին տված իր հարցազրույցում հասկացնել տվեց, որ «Միասնության» հայտարարությունը գրագետ եւ լավ մտածված չէր, հայտարարություն անելու պահը նրբանկատորեն չէր ընտրված, հրաժարականների պահանջները հիմնավոր ու լուրջ չէին, այդուհանդերձ հայտնի էր, որ նախագահը գոնե մասամբ ստիպված է բավարարել դաշինքի պահանջը։

Եվ, ահա, երեկ Ազգային հեռուստատեսության գլխավոր տնօրեն Տիգրան Նաղդալյանը ՀԱՀ ՊՓԲԸ հիմնադրի լիազոր ներկայացուցիչներին ներկայացրեց իր հրաժարականի դիմումը։ Դիմումի տեքստը պրն Նաղդալյանը հիշում էր համարյա բերանացի եւ «Առավոտի» խնդրանքով այն ներկայացրեց. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում ներքաղաքական սրված զարգացումների առնչությամբ հաճախ է շրջանառվում իմ անունը, միանշանակ մերժելով ներկայացված բոլոր մեղադրանքները, այսուհանդերձ, չցանկանալով խոչընդոտ դիտվել հանրապետությունում հնարավոր կայունության հաստատման ճանապարհին, խնդրում եմ ինձ ազատել զբաղեցրած պաշտոնից»։

Հիշենք, որ «Միասնության» հայտարարությունից անմիջապես հետո պրն Նաղդալյանն «Առավոտին» հայտնել էր, որ հրաժարական տալու մտադրություն չունի։ Եվ հետո, երկիրն ապակայունացնելու եւ նախաքննության աշխատանքները խոչընդոտելու մեղադրանքները պրն Նաղդալյանի հասցեին հնչում էին դեռեւս հոկտեմբերի 27-ից հետո։ Մեր հարցին՝ արդյո՞ք իր հրաժարականով նա չի կատարում «Միասնություն» դաշինքի պահանջը՝ այդպիսով իր վրա վերցնելով ներկայացված մեղադրանքները, պրն Նաղդալյանը պարզաբանեց, որ հոկտեմբերի 27-ից հետո իր հասցեին հնչող մեղադրանքները խոսակցությունների մակարդակի էին, եւ առաջին անգամ է, որ իր դեմ դժգոհությունները հայտարարության տեսք են ընդունել։ «Իմ հրաժարականն անմիջապես չհետեւեց հայտարարությանը՝ հաստատելու համար, որ դա անհիմն պահանջ էր։ Իմ հրաժարականը հայտարարության ճնշման տակ չի եղել»։ Իսկ այն, որ հրաժարականը ներկայացվեց «Ես հրաժարականի մտադրություն չունեմ» ասելուց երկու շաբաթ անց, Տիգրան Նաղդալյանն այս կերպ հիմնավորեց. «Հայտարարությունից հետո երկու շաբաթ ճնշումը պահպանվում էր, հրաժարական չէի տալիս։ Հիմա ճնշում չկա։ Այսպիսով՝ կրկնում եմ, հրաժարականս հայտարարությունով չէ պայմանավորված»։

«Առավոտը» փորձեց «Միասնություն» դաշինքի ղեկավար Անդրանիկ Մարգարյանից ճշտել՝ դաշինքը շարունակելո՞ւ է պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը, թե՞ առժամանակ կբավարարվի պրն Նաղդալյանի հրաժարականով։

Ժամը 21-ի մատույցներում կապվեցինք պրն Մարգարյանի հետ, սակայն պարզվեց, որ նա առաջինը մեզանից է լսում բաղձալի լուրը։ Դաշինքի հետագա քայլերի մասին պրն Մարգարյանը խոստացավ խոսել իրադարձությունը Դաշինքով քննարկելուց հետո։ Իր ասելով՝ պրն Նաղդալյանը հրաժարականի որոշման մասին չի խորհրդակցել հանրապետության նախագահի հետ, եւ նախագահը՝ իմանալով հրաժարականի մասին, «Կարծում եմ՝ հանկարծակիի է եկել»։ «Առավոտը» նախագահի վերաբերմունքը ճշտելու նպատակով դիմեց նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանին, ըստ որի՝ «Նախագահը հրաժարականի մասին իմացել է այն ներկայացվելուց հետո (հրաժարականը, գիտեք, նախագահին չի ներկայացվել), եւ որեւէ արձագանք դեռ չկա»։

Պրն Նաղդալյանին մխիթարում է այն հանգամանքը, որ իր հրաժարականը կընդունի պատկան մարմինը եւ այն գոնե իրավական, օրինական հիմք կունենա։ Իսկ թե ինչով է զբաղվելու ՀԱՀ գլխավոր տնօրենը հրաժարականից հետո, Տիգրան Նաղդալյանը հուսադրեց. «Նախ՝ մի լավ կհանգստանամ, եւ հետո այնքա՜ն զբաղվելու բան կա»։ Սերժ Սարգսյանի հետ պրն Նաղդալյանը հայտարարությունից հետո մեկ անգամ է հանդիպել եւ չի կարծում, որ նա էլ կհետեւի իր օրինակին եւ հրաժարական կտա. «Իմ առնչությամբ գոնե ինչ-որ բան հասկանալի էր, սակայն Սերժ Սարգսյանի կապակցությամբ խելքին մոտ հիմնավորում չկար»։ Պրն Նաղդալյանը չհերքեց, որ իր հրաժարականին կհետեւի նաեւ «իր թիմի» հրաժարականը, թեեւ նշեց. «Տակավին փորձում եմ հարթել վիճակը, բայց հրաժարականներ կլինեն»։

Իսկ մինչ լիազոր ներկայացուցիչների որոշումը՝ ընդունե՞լ նրա հրաժարականի դիմումը, թե՞ ոչ (վերջինը համարյա անհնար տարբերակ է), պրն Նաղդալյանը շարունակում է ապակայունացնել երկրի ներքաղաքական վիճակը՝ զուգահեռ խոչընդոտելով նաեւ ԼՂՀ հարցի շուտափույթ եւ արդարացի լուծմանը։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Հ. Գ. Ինչ վերաբերում է ՀԱՀ-ի նոր գործադիր տնօրենի թեկնածությանը, ապա ինչպես «Առավոտին» ասել էր «Միասնության» ղեկավար Ա. Մարգարյանը՝ «Դա տեխնիկական հարց է, «Միասնությունը» կառաջադրի իր թեկնածուին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031