ԱԺՄ 11-րդ համագումարն իր ներկայությամբ պատվել էր ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը։ Ճիշտ է, պրն Խաչատրյանը երկար չդիմացավ եւ շուտ գնաց։ Նրա հեռանալուց հետո պարզվեց, որ պրն Խաչատրյանի ներկայությունից բավական ազդվել էր ԱԺՄ-ական Վովա Գասպարյանը։ Ելույթի «բուն բովանդակությանն» անցնելուց առաջ, պրն Գասպարյանը տարակուսած դիմեց դահլիճին. «Չգիտեմ՝ դուք ոնց, բայց ինձ համար անհասկանալի էր. ԱԺ նոր նախագահը, որը մինչեւ վերջերս հայտնի չէր ո՛չ քաղաքական շրջանակներին, ո՛չ հանցագործ աշխարհին, 6 թիկնապահներով եկա՜վ, գնա՜ց. ումի՞ց էր վախենում։ Մենք էլ չտեսնելու ենք տալիս»։ Իր 6 թիկնապահների ուղեկցությամբ ԱԺ նախագահի հեռանալու պահին «Առավոտը» նրանից խնդրեց ներկայացնել իր տեսակետը «Միասնության» հայտարարության հիմնավորումների վերաբերյալ. «Ես այստեղ չեմ եղել։ Ինչպես գիտեք, մասնակցում էի Սանկտ Պետերբուրգի միջպառլամենտական վեհաժողովին։ Քննարկումներին այստեղ չեմ եղել, այդ պատճառով ձեզ լիիրավ պատասխան չեմ տա։ Բայց ամեն պարագայում, յուրաքանչյուր հայտարարության, քաղաքական խնդիրներ լուծելիս պարտավոր ենք վեր կանգնել մեզնից, հասկանալ, որ մենք պետական այրեր ենք»։
Մեր այն դիտարկմանն ի պատասխան, թե այնպիսի մթնոլորտ է, որ կա՛մ մինչեւ մայիսի 30-ը նախագահին կստիպեն հրաժարական տալ, կա՛մ մայիսի 30-ից հետո նախագահը կցրի խորհրդարանը, Արմեն Խաչատրյանը պատասխանեց, որ ինքը՝ որպես ԱԺ նախագահ, ամեն ինչ կանի, որ քաղաքական ուժերի պայքարը, նրանց գործողությունները լինեն նախեւառաջ սահմանադրական։ Նախագահի լիազորությունների փաստացի սահմանափակման եւ նրան անգլիական թագուհու կարգավիճակում թողնելուն, պրն Խաչատրյանը համաձայն չէր. «Նախագահն ունի բազում սահմանադրական հնարավորություններ։ Իհարկե, միշտ առանձնանալը կամ դիտորդի կարգավիճակում լինելը նորմալ չեմ համարում։ Ամեն մեկս՝ մանավանդ երկրի նախագահը, ԱԺ նախագահը, վարչապետը պիտի իր հզոր ներդրումն ունենա գոնե մթնոլորտ ձեւավորելու գործում»։
Լ. Ա.