Մեկ շաբաթ շարունակ «Միասնության» բոլոր գործիչներն ակնարկում էին, թե զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի ասուլիսում շատ հարցականների պատասխաններ կտրվեն, ինչ-ինչ բացահայտումներ կլինեն։ Կարելի է նշել, որ սպասելիքներն այս առումով ի դերեւ ելան։
«… ինձ վրա հույս չդնեք»
Իր խոսքի նախաբանում արդեն Գագիկ Ջհանգիրյանը նշեց. «Նախ՝ մեկ վերապահում, գուցե թե եւ շատերին հիասթափեցնող։ Քաղաքական մերկացումներ չեն լինելու»։ Այսպես, «Առավոտի» հարցին, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանը որեւէ կերպ խոչընդոտո՞ւմ է նախաքննական մարմնի աշխատանքներին, հետեւեց այս մանվածապատ պատասխանը. «Նախագահի կողմից նախաքննությանը ուղղակի խոչընդոտելու որեւէ հանգամանքի մասին ես չհայտնեցի։ Այդպիսի փաստ չվկայակոչեցի»։ Ավելի վաղ պրն Ջհանգիրյանն ասել էր. «Քննչական խմբին ուղղորդելու, խոչընդոտելու փորձեր եղել են նաեւ մինչեւ վերջին դեպքերը։ Ինչո՞վ քննությունն ուղղորդելու փորձ չէ, երբ բարձրաստիճան պաշտոնյաները եւ կուսակցության ղեկավարները հրապարակավ կարծիք են հայտնում, որ հանցագործությունը կատարել են միայն այդ հինգը եւ քննչական խումբը դրսում իզուր է մարդ որոնում»։
Հիշեցնենք, որ համահունչ տեսակետ է արտահայտել նաեւ ամենաբարձրաստիճան պաշտոնյան։ Մինչ այս ասուլիսը բազմաթիվ լուրեր էին շրջում, թե Ջհանգիրյանի բացահայտումները վերաբերելու են Սերժ Սարգսյանին եւ Տիգրան Նաղդալյանին։ Քիչ է ասել, որ դրանք չհետեւեցին, ավելին՝ զինդատախազը բացասաբար էր պատասխանում նրանց հասցեին ակնարկներ պարունակող հարցերին իսկ։ Այսպես, «Առավոտի» այն հարցին, թե ԱԱՆ-ի մի բաժնի ղեկավարն աչք է փակել Նաիրի Հունանյանին վերաբերող տեղեկատվության հարցում՝ ավելի բարձր ղեկավարի կողմից ուղղորդվելո՞ւ, թե՞ անփութության հետեւանքով, պրն Ջհանգիրյանն առավել հստակեցրեց, թե խոսքը միայն պաշտոնեական անփութության մասին է. «Չի հանձնարարել ստուգել ստացված տեղեկատվությունը։ Ասեմ նաեւ, որ այդ տեղեկատվությունը վերաբերում է Նաիրի Հունանյանի կողմից ազգային կուսակցություն ստեղծելու փաստին»։
Կարդացեք նաև
«Երկրապահի» թղթակցի հարցին, թե արդյոք ԱԱՆ-ի այդ պաշտոնատարն այսօր է՞լ աշխատում է եւ «շա՞տ պաշտոնատար անձ չի», զինդատախազն այսպես արձագանքեց. «Ոչ։ Ձեր էդ իմացած շատ պաշտոնատար անձը չի։ Նույնիսկ նրա պաշտոնն իջեցրել են ծառայական քննության արդյունքներով»։ «Առավոտը» խնդրեց նաեւ պարզաբանել, թե իրականությանը համապատասխանո՞ւմ է «Ազգի» այն հրապարակումը, թե զենքերն ԱԺ են մտցվել շարժական հեռուստակայանների միջոցով եւ բացասական պատասխան հետեւեց. «Զենքերն ԱԺ տարել են իրենց հետ»։ Մինչդեռ մինչ ասուլիսը լուրեր կային, թե Ջհանգիրյանը նման տեղեկատվություն է հրապարակելու։
«Քննության որոշ տվյալներ»
Գագիկ Ջհանգիրյանը նախաբանում խոստացել էր. «Տուրք տալով ձեր «դժգոհություններին», թե զինվորական դատախազը մեզ ընդհանրապես ոչինչ չի ասում, այսօր ձեր եւ հետեւաբար՝ հանրության դատին եմ ներկայացնելու քննության որոշ տվյալներ»։ Զինդատախազը տեղեկացրեց, թե վարկածների մեծ մասը հերքվել է։ Ավելի ուշ, «Առավոտի» հարցին ի պատասխան նշեց, որ մի քանի հիմնական վարկածներ կան։ Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրեց քննչական խմբի որոշ եզրակացություններ հետեւյալ հարցադրումների շուրջ. Նաիրի Հունանյանի խումբը մենա՞կ է գործել, թե՞ նրանց գործողություններն ուղղորդված կամ ծրագրված են եղել դրսից։ Նրանք պիտի օժանդակությո՞ւն ստանային։ Այս հանցագործությամբ քաղաքական, իշխանափոխության նպատակներ հետապնդվե՞լ են, թե՞ ոչ. «Նաիրի Հունանյանն ԱԺ դահլիճում գործունեության մշակված հստակ ծրագիր է ունեցել։ Եվ իր ցուցմունքների համաձայն, իրեն խոստացված է եղել այդ ծրագրի իրականացումը։ Նա ԱԺ շենքի շուրջ հավաքվելու կոչով պետք է դիմեր ժողովրդին (որը եւ արեց անմիջապես- Ա. Ի.)։ Պետք է դահլիճ հրավիրեր հանրապետության նախագահին, որը ճնշման տակ նրան պետք է նշանակեր ժամանակավոր կառավարության ղեկավար։ Ձեռքի տակ պատրաստ ունեցել է այն օրենքների եւ որոշումների նախագծերը, որոնք պետք է ընդուներ ԱԺ-ն (…)։
Դեպքից հետո մի քանի ժամ Նաիրին եւ իր համախոհները հստակ սպասել են դրսից ինչ-որ ուժերի օժանդակության, հանձնվելու միտումները նրանց մոտ դրսեւորվել են միայն այդ սպասումները չարդարանալուց հետո։ Եթե ոչ մի ուժ չէր ուղղորդում կամ աջակցում Նաիրի Հունանյանին, ապա նա ո՞ւմ պատվերով էր կանխամտածված սպանում նաեւ Կարեն Դեմիրճյանին (…)։ Ուրեմն, իրոք այս հանցագործությամբ իշխանությունը զավթելու խնդիր էր լուծվում»։
«Նորաթերթի» հարցին ի պատասխան պրն Ջհանգիրյանն ասաց, թե այս ոճրագործության պատվիրատուն առայժմ պարզված չէ։
«3 չալաղաջ եւ 2 քյաբաբ»
Փաստաբաններ Ռուբեն Ռշտունին եւ Ռուբեն Սահակյանը հայտարարել էին, թե առանց իրենց մասնակցության են քննչական գործողություններ կատարվում իրենց պաշտպանյալների հետ. «Անիմաստ է մեղադրյալի հետ քննչական գործողություն կատարել առանց նրա պաշտպանի, քանի որ այդ գործողության արդյունքներն ապացուցողական ուժ չեն կարող ունենալ»։ Հարություն Հարությունյանի եւ Կրոմվել Գրիգորյանի այն պնդումների առնչությամբ, թե իրենց սուրճի մեջ դեղամիջոց են խառնել, պրն Ջհանգիրյանն ասաց, թե նման ու նաեւ ծեծի դեպքերի վերաբերյալ կասկածներ ունեցողները թող միջնորդեն, որ համապատասխան փորձաքննություն նշանակվի ու մասնագիտական զննություն անցկացվի։ Իսկ որոշակիորեն Հարություն Հարությունյանի վերաբերյալ հիշեցրեց, թե նա երեք օր հացադուլի մեջ էր, մինչ մարտի 6-ին զինդատախազություն բերվելը, որտեղ քննիչների հետ ճաշել էր. «3 հատ չալաղաջ է կերել, 2 քյաբաբ»։
Ակնարկի իմաստը հետեւյալն էր, թե երեք օր սոված մնացած մարդն այսպես ճաշելուց հետո պիտի իրեն վատ զգար։ Սակայն իր դիմում-բացարկում Հարություն Հարությունյանը նշել էր, թե մինչ զինդատախազություն գնալը նախաճաշել էր «քաղցրաջրով եւ կարագով», այսինքն՝ սահմանված կարգով էր դուրս եկել հացադուլից։
«Հայոց աշխարհի» թղթակցի հարցին ի պատասխան զինդատախազը մանրամասնեց, թե նախաքննության որ տվյալներն էին ասուլիսում հրապարակել փաստաբանները. «Նախ, թե որ դատավորն է տվել այսինչ գաղտնալսման թույլտվությունը։ Երկրորդ՝ քննչական գաղտնիք է, թե ինչ ձեւով եւ ինչ տեղում է կատարվել մեկ այլ գաղտնալսում»։ «Հայաստան» թերթի թղթակցուհին հետաքրքրվեց, թե արդյոք մտադի՞ր են փաստաբաններին պատասխանատվության ենթարկել նախաքննության գաղտնիքները հրապարակելու համար. «Եթե ես այդ փաստով քրեական գործ հարուցեմ՝ մի նոր աղմուկ է բարձրանալու, որ հետապնդում եմ պաշտպաններին։ Մենք այդ հարցը կքննարկենք»։
«Հայկական ժամանակի» թղթակցուհու արձանագրմանը, թե փաստաբանների ասուլիսն ավելի համոզիչ էր, պրն Ջհանգիրյանն այսպես արձագանքեց. «Դե, բնական է, որովհետեւ փաստաբանը վճարվում է՝ ում շահերը պաշտպանում է եւ այդ մարդու ասածներին հավատում են (…)։ Հատկապես Ռուբեն Ռշտունին եւ Ռուբեն Սահակյանը վատ չեն վարձատրվում»։
«Կույրի համար էլ տեսանելի է…»
Ենթավերնագրում մեջբերված այս խոսքի շարունակությունն էր, թե տեսանելի է՝ ով եւ ինչ նպատակով է կազմակերպում ՀԱՀ-ի քարոզարշավը զինդատախազության դեմ։ ՀԱՀ-ի երկու թղթակիցներն ասուլիսում իսկ հակահարված տվեցին, թե փաստաբանների ասուլիսին պատասխանելու մի քանի տարբերակ կար՝ կարող էր դատախազության լրատվական ծառայությունն արձագանքել, կարող էին հեռուստատեսությամբ նույնչափ ժամանակ պահանջել եւ այլն. «Բայց Դուք գնացիք «Երկրապահի» եւ «Միասնության» մոտ ու հարցը քաղաքականացրիք»։
Սրան ի պատասխան պրն Ջհանգիրյանը միայն նշեց, թե իր անձնական պատասխանը համարժեք էր փաստաբանների ելույթին։ «Հայլուրի» թղթակիցը խնդրեց մանրամասնել, թե ՀԱՀ-ով փաստաբանների ասուլիսի լուսաբանմամբ նախաքննական մարմնի գործունեությանը խոչընդոտելն ինչպե՞ս է դրսեւորվել. «Գտնում եմ, որ դա կարող է քննչական, օպերատիվ խմբերի անդամների կողմից ընդունվել որպես խոչընդոտ կամ արգելք»։ Սա էր Ջհանգիրյանի ըստ էության պատասխանը։
ՀԱՀ-ի մյուս թղթակիցը հիշեցրեց «Միասնության» ասուլիսի ընթացքում զինդատախազի այն միտքը, թե «ցանկացած հրապարակում՝ այդ թվում նաեւ պետական լրատվամիջոցներով, բնական է՝ ճնշում է քննչական խմբին» եւ ասաց, թե ավելի տրամաբանակա՞ն չէ նախաքննության վարույթը զիջել մեկին, որը չի ճնշվում հրապարակումներից, որոնք անընդհատ լինելու են. «Այսինքն պետք է աշխատել բաց հասարակության պայմաններում»։ Գագիկ Ջհանգիրյանը խոստացավ, թե անպայման կլսի այս խորհուրդները։
Մնաց մեկ-երկու ամիս
Զինվորական դատախազը հայտնեց, թե նախաքննությունն այժմ գտնվում է մեղադրանքների ծավալի ճշգրտման փուլում։ «Առավոտի» հարցին՝ քանի որ հոկտեմբերի 27-ի գործը շարունակական լարվածության մեջ է պահում Հայաստանը՝ կարելի՞ է գոնե կանխատեսել, թե մոտավորապես երբ կավարտվի նախաքննությունը՝ Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, մեկ-երկու ամիս դեռ անհրաժեշտ է»։ Եզրակացնե՞նք, որ նախաքննությունը կավարտվի մինչեւ մայիսի 30-ը։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ