Տնտեսական նոր, Հայաստանի համար չափազանց շահավետ հեռանկարներ բացեց ՀՀ նախագահի այս հենարաններից մեկը: Ըստ պրն Արշակյանի, «Ռ-Բ» դաշինք մտնելուն պես մենք կսկսենք «մեկը մեկին» փոխանակել մեր ծիրանները բելառուսական տրակտորների հետ: Եթե զարգացնենք պատգամավորի բիզնես-պրոյեկտը, ապա մեկ դեղձով հնարավոր կլինի ձեռք բերել մեկ կոմբայն, իսկ մեկ դամբուլով՝ «Բելառուս» դաշնամուր: Մի բան, սակայն, նախատեսված չէ. այդքան տրակտորը, կոմբայնը եւ դաշնամուրը ի՞նչ ենք անելու:
Սեդրակ Սեդրակյանը
Հայտնի բիզնեսմենը անցած շաբաթ տեղեկացրեց հանրությանը, որ բորսայի օրենքները գողական օրենքներից ավելի խիստ են։ Ցավոք, նմանատիպ օրենքներ գործում են նաեւ տնտեսության այլ ոլորտներում: Ավելին՝ վերջերս «օրենքով գողի» եղբայրը կուսակցական «քվոտայով» դարձել է տնտեսական կարեւոր բնագավառների նախարար: Իսկ վառելիքի առեւտրում հաստատ իշխում են «բեսպրեդելներն» ու «կանցավիկները»: /Տերմինաբանությունը ճշտված չէ ԱԺ համապատասխան պատգամավորների հետ/:
Կարդացեք նաև
ԶԼՄ-ները
«Միասնություն»-նախագահ հակամարտության վերջին սրումը, որտեղ, ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի իրավական փաստարկներն ավելի համոզիչ էին, նորից օրակարգի հարց դարձրեց արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները: Զուտ բիզնեսի տեսակետից լրատվամիջոցների համար ավելի ձեռնտու են խորհրդարանական ընտրությունները՝ նախագահի թեկնածուները 10-15 հոգի են, իսկ պատգամավորության հավակնորդները՝ հարյուրավոր: Բայց որպես քաղաքացիներ կցանկանայինք, որ նախագահն ու խորհրդարանը մնային իրենց տեղերում՝ Սահմանադրությամբ նախատեսված ժամկետով: Եվ ամենակարեւորը՝ աշխատեին:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ