Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԹՌՉԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Մարտ 11,2000 00:00
ajm

Այսպիսի անեկդոտ կա. «Զվարթնոց» օդանավակայանում փակցված է ցուցանակ՝ «Վերջին գնացողը թող լույսն անջատի» մակագրությամբ»։ Այս անեկդոտը երեկ մեկնարկած ԱԺՄ 11-րդ համագումարին պատմեց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը։

Համագումարին ներկա էին բազմաթիվ քաղաքական գործիչներ, բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը։ Կառավարությունից եկել էր միայն Դավիթ Վարդանյանը։ ԱԺՄ նախագահն իր ելույթում հիշեցրեց, թե ինչպես էին իրենք առաջարկում 6 ամսով դադարեցնել միջիշխանական պայքարը, ձեւավորել նոր կառավարություն. «Սակայն ձեւավորվում է նոր կառավարություն, իշխանության վերահսկիչ փաթեթը մնում է «Միասնության» ձեռքում»։

Ստեղծված ճգնաժամից դուրս գալու համար, ըստ պրն Մանուկյանի, անհրաժեշտ է վստահության մթնոլորտ, հավասար պայմաններ բոլորի համար եւ ազատ, արդար ընտրություններ։ Նախարար Դավիթ Վարդանյանը (ԱԺՄ) իր ներկայությունը հայրենի կառավարությունում բացատրեց «ընդհանուր պրոցեսներից դուրս չմնալու» մտահոգությամբ։ Ապա անհանգստացավ, որ եթե այսպես շարունակվի, կկորցնենք ոչ միայն Ղարաբաղը, այլեւ Զանգեզուրը. «Մեր հույսը հիմա այն է, որ Ադրբեջանում ավելի վատ լինի»։

Վովա Հախվերդյանն իր ելույթի ընթացքում երկար ժամանակ ուշքի չէր գալիս՝ պատմելով իր տպավորությունները՝ տեսնելով «անգամ հանցագործ աշխարհին» անհայտ ԱԺ նախագահին՝ իր 6 թիկնապահներով։ Ապա սահուն անցում արեց զինդատախազ Գ. Ջհանգիրյանին։ Եթե, ըստ Հախվերդյանի, ԱԺ նախագահը պատահական մարդ է, ապա Գագիկ Ջհանգիրյանն անլուրջ մարդ է, որը տապալեց 95 թվականի ընտրությունները, «կատարեց ծանր հանցագործություն, հիմա էլ ասուլիս է տալիս. ի՜նչ պիտի ասի»։ Թիկնապահների թեման պրն Հախվերդյանին ոչ մի կերպ հանգիստ չէր տալիս. «Ինչի՜ց եք վախենում։ Էդպես է, մաֆիոզը վախենում է, գիշերը չի կարողանում քնել։ Անգամ անկողին թիկնապահներով է մտնում»։ Մեծ հռետոր Վովա Հախվերդյանը երախտագիտությամբ լի հայացքը հառելով ՀՅԴ անդամ Ռուբեն Հակոբյանին, բոլորին անհասկանալի մի հուշ պատմեց, թե ինչպես նա «ծառի տակ թուղթը վերցրեց, պատռեց եւ չպպացրեց էրեսին»։

«Հայաստանին սպառնացող վտանգներից մեկը «Երկրապահների միություն» կոչված քաղաքական, ռազմականացված միավորումն է»,- ելույթ ունեցավ եւ արձանագրեց ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը։ Պրն Ղազարյանը ճշտեց, որ խոսքը 95-ից հետո ստեղծված երկրապահների մասին է, «որոնց մոբիլիզացրել էր Վազգեն Սարգսյանը՝ ընտրությունները խեղաթյուրելու նպատակով»։ Ըստ ակադեմիկոսի՝ այդ նույն երկրապահները՝ «լծվելով Դեմիրճյանի ֆուրգոնը, լցվեցին ԱԺ»։ Ու եթե հանրապետության նախագահը շարունակի իր լեթարգիկ քունը եւ դիտորդի կարգավիճակը, երկիրը շուտով կդատարկվի։ Հռետորին անհասկանալի էր, թե ինչու է մեր ժողովուրդը խեղճացել «մի խումբ բախտախնդիրների, հանցագործների ոհմակի առաջ»։ Նա առաջարկեց ստեղծել Ազգային փրկության դաշինք։ Վերհիշելով 91-ին Գերագույն խորհրդի ընտրությունները՝ պրն Ղազարյանն ասաց, որ այդ ժամանակ ոչ մի Փայլակի մտքով չէր անցնի մասնակցել ընտրություններին։ Իսկ այսօր ցանկացած մինի եւ միկրոփայլակ հաղթում է արժանավորին եւ մտնում ԱԺ՝ իր անձեռնմխելիությունն ապահովելու։

ԱԺՄ-ից ամենասկզբունքայինն, ինչպես միշտ, Վահե Վարսանյանն էր. «Եթե մենք (ԱԺՄ-ն) փաստում է, որ իշխանության կլանային համակարգն ավելի է կատարելագործված եւ որ մի մասը հոշոտվում է, հաղթողներն ավելի ուժեղ դիրքում են հայտնվում կամ նոր կլաններ են ստեղծում, ապա պետք է նաեւ փաստենք, որ ԱԺՄ-ն՝ մտնելով այս տիպի իշխանության մեջ, ընդ որում՝ երկրորդական դերով, ուրեմն՝ 8 տարվա իր պայքարը եւ ժողովրդի մոտ իր վստահությունը հավասարեցնում է զրոյի»։ Վահե Վարսանյանը հիշեց, թե ինչպես էր Դավիթ Վարդանյանը ժամանակին ոգեւորում իրեն, թե «այս տիպի իշխանությունների հետ համագործակցելը կամ դրա մեջ մտնելը իմ սկզբունքներին դեմ է, ես ավելի շուտ դուրս կգամ քաղաքականությունից»։ «Մենք նրա համար չէինք բանտ նստում, պայքարում, որ այս ձեւով մտնենք այս անմեղսունակ իշխանության մեջ»,- եզրափակեց ելույթը պրն Վարսանյանը։ Նրա ելույթից առաջ նախարար Դ. Վարդանյանն արդեն հասցրել էր շտապ գործերով հեռանալ։

Այսօր եւ վաղը ԱԺՄ 11-րդ համագումարը կշարունակվի։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031