Վանո Սիրադեղյանը «Ա1+»-ին տված հարցազրույցում պնդել էր, թե նոյեմբերից մինչեւ փետրվար ԱԱՆ-ի մեկուսարանում ինչ-որ մարդիկ փորձել են հոկտեմբերի 27-ի գործով կալանավորվածներից մահվան սպառնալիքով ցուցմունք կորզել, թե իրենք կապ են ունեցել նախկին իշխանությունների հետ։ Գագիկ Ջհանգիրյանը երեկ փաստացի հաստատեց այս պնդման ճշմարտացիությունը. «Քրեական գործով մենք այդպիսի ահազանգ ունենք։ Այժմ ստուգվում է այդ ահազանգի հիմնավորվածությունը»։
ՎԱՏ ԼՈՒՐ
ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչական արտադրական պետական ձեռնարկության կոլեկտիվը խիստ անհանգստացած է. շուրջ վեց տասնամյակի հիանալի ավանդույթներ ունեցող «Գիտություն» հրատարակչությունը, ՀՀ ԳԱԱ պրեզիդենտ Ֆ.Սարգսյանի որոշմամբ պատրաստվում է հանձնվել արտասահմանյան ինչ-որ «Փրինթինֆո» կազմակերպության տնօրինությանը եւ օգտագործմանը։ Հրատարակչության աշխատակիցները վրդովված են հատկապես այն բանի համար, որ այդ ամենը կազմակերպվում է գաղտնի, առանց իրենց գիտության եւ մասնակցության։ «Մի՞թե ակադեմիային պետք չէ հրատարակչություն», «Որտե՞ղ պետք է տպագրվեն մեր գիտական աշխատությունները», «Ինչո՞վ պետք է զբաղվենք հրատարակչությունը փակվելուց հետո»,- տարակուսում են նրանք։