Օրենքով գողերի տված խոստումը՝ խոստում է, նրանք ոչ մի պարագայում չեն խախտում տված խոսքը։ Երեւանի ֆոնդային բորսայի նախագահ Սեդրակ Սեդրակյանը գրեթե գողական հայտարարություն արեց՝ ասելով, թե բորսայի օրենքները գողական օրենքներից ավելի խիստ են։ Ճարտարապետների տան նկուղային սրճարանում լիբերալ-դեմոկրատական ակումբի հերթական սեմինարի զեկուցողը, հարցերին պատասխանողը, հաճախ նաեւ հարցեր տվողը պրն Սեդրակյանն էր։
Բորսային վերաբերող բազմաթիվ հետաքրքիր փաստեր ներկայացրեց պրն Սեդրակյանը եւ ձեռքի հետ էլ դժգոհեց, որ Հայաստանում չկա քաղաքական որեւէ ելեւէջ, որը չազդի կապիտալի շուկայի վրա, սրա հետեւանքով տնտեսությունը ետ է գնում, իսկ «այն, ինչի մասին հիմա ասում է Սեդրակյանը, ամբողջ աշխարհը ինտերնետի միջոցով տեսնում է եւ կարդում»։ Այ, օրինակ, եթե երեկ մենք նստած լինեինք ոչ թե ցուրտ նկուղային սովորական սրճարանում, այլ «Ինտերնետ-կաֆեում», այդ կնշանակեր, թե նստած ենք բորսայում եւ բորսային գործարքներ ենք կնքում։ Սեդրակ Սեդրակյանի կարծիքով, «բյուջեն պետք էր միանգամից ընդունել եւ անցնել գործի, որտե՞ղ է լսված, որ հունվարը թողնվի մյուս տարվա վրա»։ Զեկուցողը երբեմն հռետորական հարցեր էր տալիս, օրինակ՝ «ո՞ւր է սա, ո՞ւր է նա, ո՞ւր է վարչապետը»։ «Իրոք, ո՞ւր է վարչապետը»,- թեպետ հարցն իրեն չէր ուղղված, բայց հարցը երկրորդեց էքս-վարչապետ Հրանտ Բագրատյանը։
Ի դեպ, ոչ ոք հարցին չպատասխանեց, ծիծաղեցին միայն։ Ելույթ ունեցողներից Վիգեն Խաչատրյանը այնքան էլ համաձայն չէր որոշ մտքերի, որ արտահայտեց հիմնական զեկուցողը։ Պրն Խաչատրյանի կարծիքով, «մինչեւ քաղաքական լուծումները ճիշտ չգտնվեն, տնտեսությունը հեռանկար չի կարող ունենալ»։ Պրն Խաչատրյանը համաձայն չէր նաեւ, երբ Սեդրակ Սեդրակյանը հայտարարեց, թե երեւի բոլոր գործարարներին համոզի մտնել մի կուսակցության մեջ կամ էլ բոլորովին նոր կուսակցություն ստեղծել։ Վիգեն Խաչատրյանի կարծիքով «երբեք Հայաստանի բիզնեսմենները մեկ կուսակցության մեջ չեն մտնի եւ դրա կարիքն էլ չկա։ Պարզապես նրանք պետք է դուրս գան իշխանության կուսակցությունից։ Այնպես որ, դուրս եկեք այդ կուսակցությունից,- հորդորեց Վիգեն Խաչատրյանը եւ կոչ արեց,- ճորտատիրական վիճակից դուրս եկեք եւ ձեզ երկրի տեր զգացեք»։
Թերեւս երկրի տեր զգալու հակում առայժմ չի դրսեւորվում, պարզապես Սեդրակ Սեդրակյանը շատ է ուզում, որ բորսայի մասին օրենքն ընդունվի (կողքիս նստած գործընկերս այս պահին ասաց. «Իր մասին օրենք է ուզում»)։ Այդ օրենքը դեռ 95-ին պետք է ընդունվեր, բայց օրենքը գնաց ԱԺ, եկավ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտ, արանքում՝ վարչապետ Հրանտ Բագրատյանի, եւ չընդունվեց. «Եթե Արա Սահակյանը 95-ին բորսայի մասին օրենքն ընդուներ», այժմ Սեդրակ Սեդրակյանն այսքան չէր նեղվի եւ չէր առաջարկի դրա փոխարեն 5 մանր եւ միջին այլ օրենքներ ընդունել։ Կլոր սեղանի մասնակից Արա Սահակյանն այս մեղադրանքին չպատասխանեց, ավելի ճիշտ՝ ժպտաց միայն։ Երեւանի ֆոնդային բորսան այսօր տնօրինում է երկրի ապրանքաշրջանառության 2%-ը միայն, իսկ դա նրանից է, որ մենք՝ հայերս, բորսայից ոչինչ չենք հասկանում եւ չգիտենք՝ դա ինչով է ուտվում։ Եվ քանի որ չենք հասկանում, ըստ պրն Սեդրակյանի, դրա համար էլ զարմանում ենք, որ Երեւանի ֆոնդային բորսայում 95 ընկերություն կարելի է գնել եւ վաճառել. «Պարոնայք, դուք թվերը պետք է ընդունեք հարաբերական»,- խորհուրդ էր տալիս Սեդրակ Սեդրակյանը։ Բառացիորեն այս միտքը պրն Սեդրակյանը չասաց, բայց ենթատեքստում դա կար։ Լիբերալ-դեմոկրատական ակումբի հանդիպումներին լուրջ-մասնագիտական վերլուծություններից բացի նաեւ տեղ-տեղ համով կատակներ են անում եւ թեյ են խմում։
Կարդացեք նաև
Մեր հարցին, թե ովքեր են քաղաքական գործիչներից բորսայից հասկանում կամ այցելում բորսա, Սեդրակյանը պատասխանելիս թվարկեց միայն էքս-վարչապետների անունները։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ