Նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը պատասխանում է «Առավոտի» հարցերին։
-Ազգային հեռուստատեսությանը ՀՀ նախագահի հարցազրույցից հետո հնչեցին մեղադրանքներ, որ նախագահը հրաժարվել է իր նախընտրական ծրագրից եւ պատասխանատվությունից երկրի նկատմամբ, հրաժարվել է դժվար պահերին իրեն սատարած «Միասնություն» դաշինքից, փորձում է պառակտել այն եւ ընդհանրապես փորձում է սրել իրավիճակը։ Ինչպե՞ս կմեկնաբանեիք նման մեղադրանքները։
– ՀՀ նախագահի արձագանքը համարժեք էր մարտի 3-ի հայտարարությանը եւ հնարավորին չափ մեղմ, մինչդեռ նախագահի հարցազրույցին հետեւած շատ ելույթներ ըստ էության չէին եւ քննադատության չեն դիմանում նրանցում հիշատակվող փաստերի եւ տրամաբանության տեսակետից։ Չեմ կարծում, որ իմաստ ունի լեզվակռիվ սկսել եւ ուժերը վատնել հայտարարությունների վրա։ Պետք է գործ անել եւ փորձել բարելավել տնտեսական իրավիճակը։
– Վարչապետ Արամ Սարգսյանը հայտարարել է, որ բոլոր հարցերում էլ տարաձայնություններ ունի նախագահի հետ։ Չէի՞ք պարզաբանի, թե որոնք են այդ տարաձայնությունները։
Կարդացեք նաև
– Քանի որ որեւէ սկզբունքային հարցում ինձ նման տարաձայնություն հայտնի չէ, եւ դա վարչապետի հայտարարությունն է, ճիշտ կլիներ պրն Սարգսյանից ճշտել, թե որոնք են դրանք։
– Կարելի՞ է արձանագրել, որ «Միասնությունը» դադարել է նախագահի հենարանը լինելուց եւ եթե՝ այո, նախագահն ինչպե՞ս է պատկերացնում իր նախընտրական ծրագրերի իրականացումը։
– Կարեւոր է, որ խորհրդարանական մեծամասնությունն առաջին հերթին լինի կառավարության հենարանը, քանի որ վերջինս է Ազգային ժողովի հետ մշտապես աշխատում, հանդես է գալիս օրենսդրական նախաձեռնություններով։ Ինչ վերաբերում է նախագահին, ապա նա պատրաստ է «Միասնություն» դաշինքի հետ սերտ, համակողմանի եւ բովանդակալից համագործակցության, սակայն նրա համար անընդունելի է վերջնագրերի լեզուն։
Ա. Ի.