Երեկ կառավարության նիստում պետք է քննարկվեր Ազգային հեռուստատեսության, Ազգային ռադիոյի եւ Արմենպրես գործակալության լիազոր ներկայացուցիչների խորհուրդների կազմի փոփոխությունները։ Սակայն այդ նախագծերը նիստից առաջ հանվեցին օրակարգից։ Պատճառները «Առավոտը» խնդրեց մեկնաբանել նախագծերի հեղինակ, տեղեկատվության եւ գրահրատակչության վարչության պետ Տիգրան Հակոբյանին։
– Բազմիցս հայտարարել եմ, որ այդ երեք ձեռնարկությունների բնականոն աշխատանքները կազմակերպելու համար անհրաժեշտ է վերանայել երկար ժամանակ չգործող խորհուրդների կազմը։ Եվ վարչապետի հանձնարարականի համաձայն, որոշումների նախագծերով արդեն երկրորդ անգամ (առաջինը դեկտեմբերին) դիմում եմ կառավարությանը։ Այսօր նախագծերը օրակարգից հանվեցին ՀՀ նախագահի առարկությունների պատճառով, որոնք ներկայացվեցին նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմեն Գեւորգյանի կողմից։ Եվ վարչապետն արդեն երկրորդ անգամ որոշում կայացրեց հանել օրակարգից այդ հարցը եւ տեղափոխել հաջորդ նիստ։
– Իսկ վարչապետը իրավունք ունե՞ր անտեսել այդ առարկությունները եւ քննարկման դնել նախագծերը։
– Այո, սակայն կառավարության որոշումներն ի վերջո վավերացնում է երկրի ղեկավարը, վերջին խոսքը ՀՀ նախագահինն է, եւ նա կարող էր չվավերացնել որոշումները։
Կարդացեք նաև
– Նշանակո՞ւմ է արդյոք դա, որ վարչապետը խուսափում է պնդել իր կարծիքը եւ հասկանալով այդ փոփոխությունների անհրաժեշտությունը այնուամենայնիվ վճռականություն չի դրսեւորում։
– Ոչ, այդ կարծիքին չեմ։ Դա խոսում է ոչ թե վարչապետի թուլության, այլ նախագահական համակարգի հանդեպ իր հարգանքի մասին։ Ցավոք, այս խնդիրը քաղաքականացվեց եւ լուծումների որոնումը իմ լիազորություններից դուրս է։ Ինձ մնում է միայն պնդել, որ առանց խորհուրդների նոր կազմի հաստատման եւ գործունեության մենք բոլորս (վարչությունը, ՀԱՀ-ը, ՀԱՌ-ը, Արմենպրեսը) կշարունակենք աշխատել Հայաստանում ընդունված օրենքների բազմաթիվ խախտումներով։