Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱԲԱՅԱՆԻ ՄԱՍԻՆ ԵՎ ՆՐԱ ՇՈՒՐՋ

Մարտ 10,2000 00:00
samvel babayan

Մեր թերթի երեկվա համարում հրապարակել էինք լուր, որ նախագահ Քոչարյանն առաջարկել է գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանին Հայաստանի զինված ուժերի առաջին կորպուսի հրամանատարի պաշտոնը։ Լուրը տպագրելուց առաջ «Առավոտը» փորձել էր կապվել պրն Բաբայանի հետ, սակայն նրա մերձավորները գեներալի կոորդինատները մեզ չտրամադրեցին։

Երեկ մեզ հաջողվեց զրուցել Սամվել Բաբայանի անձնական ներկայացուցչի հետ, որը Բաբայանի անունից ասաց հետեւյալը. «Նախ՝ լուրը ամբողջությամբ ապատեղեկատվություն է։ Սամվել Բաբայանին նման առաջարկություն՝ գլխավորել ԶՈՒ առաջին կորպուսը, չի եղել։ Լուրը վերնագրված էր «Հեռահար նպատակներ»։ Այո՛, ակնհայտ է, որ հետապնդվում են հեռահար նպատակներ։ Ով «Առավոտին» է տրամադրել այդ ապատեղեկատվությունը, թող նա էլ բացատրի իր հեռահար նպատակները»։ Սամվել Բաբայանը լրատվությունը հաղորդողին հարց է ուղղել՝ արդյո՞ք նա կորպուսի հրամանատարի պաշտոնը բարձր չի տեսնում իր համար. միգուցե առաջարկեր սկսել բատալյոնի՞ց։ Պրն Բաբայանը «Նրանք մարտնչում են հանուն հայրենիքի» լուրի կապակցությամբ (ուր ասված էր, թե առնվազն 500 զինյալներ են պատրաստ ԼՂՀ-ից տեղափոխվել Հայաստան՝ Ռ. Քոչարյանին «Երկրապահից» պաշտպանելու նպատակով) ճշտել է, որ այդ լուրը իր հետ որեւէ կապ չունի եւ որ դրա իսկությունը պետք է ճշտել Ղարաբաղի պաշտոնական աղբյուրներից։

Մենք հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք նման լուրերի տարածման հիմքը ամիսներ առաջ Բաբայանի՝ «Առավոտի» թղթակցին տված հարցազրույցը չէ՞, ուր նա չժխտեց, որ անհրաժեշտության դեպքում կարող է զորք մտցնել Հայաստան։ Բաբայանի անձնական ներկայացուցիչը չհերքեց ասվածը, սակայն խնդրեց միտքը չկտրել հարցազրույցի ընդհանուր կոնտեքստից եւ շահարկել։

«Առավոտի» այսօրվա համարում տպագրվել է հոկտեմբերի 27-ի գործով ձերբակալված ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանի հայտարարությունից մի հատված, ուր փաստաբանը՝ վկայակոչելով իր պաշտպանյալի պատմածները, ասում է. «…Մ. Մովսիսյանը որոշ ժամանակ անց զգացել է, որ մի ակնոցավոր բարձրահասակ տղա բաց ձեռքով հարվածում է կրծքավանդակին, ծնոտին եւ պահանջում, որ ինքը՝ Մուշեղը, հայտարարի, որ Սամվել Բաբայանն իրեն նամակ է տվել»։ Բաբայանի ներկայացուցիչն այս կապակցությամբ հիշեցրեց գեներալի՝ այս առիթով ամիսներ առաջ ասված միտքը, որ եթե քննչական մարմինները կամ պաշտոնական որեւէ մարմին Սամվել Բաբայանի ձեռագրով եւ ստորագրությամբ, որեւէ թեմայով գրված եւ որեւէ մեկին ուղղված նամակ կարողանան ցույց տալ, այդ դեպքում Բաբայանը պատրաստ է իր վրա վերցնել ոչ միայն հոկտեմբերի 27-ի սպանությունները, այլեւ Քենեդու սպանությունը։

Ըստ որոշ տվյալների՝ դեռեւս նախաքննությունը չի ժխտել հոկտեմբերի 27-ի դեպքերի ղարաբաղյան հետքերը։ Սակայն մինչ օրս Ս. Բաբայանին քննչական խումբը հարցաքննության չի կանչել։

Մեր հարցին՝ բացառո՞ւմ է Բաբայանը, որ նախագահը կարող է իրեն նման առաջարկ անել եւ եթե նման բան առաջարկի, Բաբայանը կմերժի՞, նրա ներկայացուցիչը պատասխանեց, որ նախագահը զինվորական, քաղաքական կյանքում ճշտել է գեներալի դերը, երբ անձամբ հրամանագիր է ստորագրել՝ նրան հեռացնելով ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից։ «Քոչարյանը Բաբայանի հետ վերջին շրջանում չի՞ հանդիպել կամ հեռախոսազրույց չի՞ ունեցել գեներալի հետ»,- հետաքրքրվեցինք մենք։ Պարզվեց, որ «Գեներալն այս օրերին սովորական քաղաքացի է, եւ, չեմ կարծում, որ նախագահը Հայաստանի համար լարված այս վիճակում ժամանակ ունի հանդիպել կամ հեռախոսազրույց ունենալ շարքային մի քաղաքացու հետ»։

Ի դեպ, Բաբայանը չի պատրաստվում ո՛չ ԼՂՀ-ում, ո՛չ Հայաստանում զբաղեցնել նշանակովի պաշտոններ։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031