Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողների հակադիր տեսակետներ

Մարտ 09,2000 00:00
zlm

Մարտի 7-ին, ինչպես հայտնի է, Հայաստանի ժուռնալիստների միությունում տեղի ունեցած հավաքի ժամանակ ընդունվել է հայտարարություն, որով Հայաստանի ժուռնալիստների միությունը, Երեւանի մամուլի ակումբը, Մամուլի ազգային ակումբը եւ Հայաստանի ԶԼՄ-ների ընկերակցությունը մտահոգություն էին հայտնել «Միասնություն» դաշինքի մարտի 3-ի հայտարարության առթիվ՝ «այն գնահատելով իբրեւ խոսքի ազատության դեմ ոտնձգության փորձ»: Այդ հարցի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացնում նշված հավաքին չմասնակցած ԶԼՄ-ների ղեկավարներն ու ներկայացուցիչները:

«Պրոմեթեւս» հեռուստաընկերության «Լրաբեր» լրատվական ծառայության տնօրեն Արամ Սաֆարյանը համաձայն չէր, որ «Միասնություն» դաշինքի հայտարարությունը մամուլի ազատության սահմանափակման փորձ է: Նա «Պրոմեթեւսի» անունից ասաց, որ իրենք մամուլի դաշտում ստեղծված իրավիճակը քննարկել են եւ այն եզրակացությանն են հանգել, որ լրատվության խնդիրը միանշանակ անաչառ լինելն է: «Այն պահերին, երբ տեղեկատվության մեջ փորձում են քարոզչության տարրեր մտցնել, կամա թե ակամա հայտնվում են վտանգավոր վիճակում՝ սկսում են ոչ թե լուսաբանել քաղաքական պայքարը, այլ ներքաշվում են այդ քաղաքական պայքարի մեջ՝ անխուսափելիորեն զրկվելով անաչառ լինելու իրավունքից»:

Լրագրող Արմեն Բաղդասարյանը նշեց. «Իմ կարծիքով դա խոսքի ազատության սահմանափակման փորձ չէր, թեկուզ այն պատճառով, որ աշխարհում չկա մի երկիր, որտեղ գրաքննություն սահմանվի պետական լրատվամիջոցի վրա՝ սովորաբար դա արվում է ընդդիմադիր մամուլի հանդեպ, ինչպես որ մեզանում արվում էր «Հայկական ժամանակի» խմբագրի նկատմամբ, թերթեր ու հաղորդումներ էին փակվում եւ այլն: Սակայն կարեւորը հետեւյալն է. Հայաստանում գոյություն ունի լրագրողամերձ մի շրջանակ, որն անընդհատ հավակնում է մամուլի անունից հանդես գալու դերին, առիթներ է որոնում մարդու իրավունքներից խոսելու համար: Սակայն ոչ նրանք կապ ունեն իրական մամուլի հետ, ոչ էլ նրանց արածը կապ ունի խոսքի ազատությունը պաշտպանելու հետ»:

Ըստ «Չորրորդ իշխանության» խմբագիր Շողեր Մաթեւոսյանի՝ Ժուռնալիստների միությունում տեղի ունեցած հավաքին մասնակցած լրագրողների մեծ մասին իբրեւ լրագրող չի ճանաչում. «Ինչպես կարող է դա լրագրողների հավաք կոչվել, եթե այնտեղ ներկայացված չէր լրագրողական ողջ կազմը»: Տկն Մաթեւոսյանն ավելացրեց. «Նախ, երբ տարիուկես առաջ մեր թերթը փակվեց, այդ հավաքի մասնակիցներից որեւէ մեկը դրանով չհետաքրքրվեց: Երկրորդ՝ Տիգրան Նաղդալյանին որպես լրագրողի մեծ հաճույքով կպաշտպանեի, եթե նա պաշտպանած լիներ, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանին, Արմեն Բաղդասարյանին «Պրոմեթեւսից» հանելիս, լուսաբանած լիներ Աշոտ Բլեյանի դատավարությունը, աշխատանքից հեռացրած չլիներ Հակոբ Ռուբինյանին»:

«Որպես հեռուստալրագրող, գնահատում եմ որոշ գործընկերներիս պատրաստակամությունը՝ լրագրողների իրավունքը եւ խոսքի ազատությունը պաշտպանելու համար,- ասաց լրագրող Հակոբ Ռուբինյանը,- սակայն եւ՛ Ժուռնալիստների միության ղեկավարը, եւ՛ Երեւանի մամուլի ակումբը տասնյակ այլ առիթներ կարող էին օգտագործել սեփական սկզբունքների արտահայտման համար»: Որպես ասվածի օրինակ նա բերեց, մասնավորապես, իրեն ազգային հեռուստատեսությունից հեռացնելը միայն այն պատճառով, որ իր հեղինակած «Այսօր» հաղորդման հյուրերն էին լինում քաղաքական տարբեր հայացքներ կրող գործիչներ, կամ՝ այդ ճնշումների հետեւանքով իր հաղորդման արգելումը «Պրոմեթեւս» հեռուստաընկերությունում: «Իսկ Տիգրան Նաղդալյանին պաշտպանողներին խորհուրդ կտայի իրենց քաղաքական նպատակների համար չօգտագործել խոսքի ազատության գաղափարները»:

«Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի կարծիքով, «Հայաստանում մամուլի ազատության հետ կապված խնդիրներ վերջին տարիներին միշտ էլ եղել են, սակայն զարմանալի է, որ շատ լրագրողներ դրանք նկատեցին միայն «Միասնություն» դաշինքի հայտարարությունից հետո: Այսօրվա վիճակի համար հենց մամուլն է պատասխանատու. ի վերջո հիշենք, որ լրագրողական հայտնի մի կազմակերպություն հաճախակի ասուլիսներ էր անում եւ փորձում էր ապացուցել, որ Հայաստանում խոսքի ազատության պրոբլեմ չկա, մինչդեռ այդ կազմակերպությունն այսօր հակառակ կարծիքն է հայտնում: Ինչ է, դաշինքի հայտարարությունի՞ց պետք է հասկանային, որ մամուլի ազատության ոլորտում ամեն ինչ լավ չէ: Եթե իսկապես այդ հայտարարությունից հետո են դա հասկացել, ապա դրանում ես տեսնում եմ կոնյունկտուրային շարժառիթներ»:

ԱՐՄԵՆՊՐԵՍ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031