Խորհրդարանում երեկ արծարծված հարցերից առանձնացնենք երկուսը, որից մեկը հետաքրքրական կլինի ժողովրդական ավելի լայն զանգվածների, իսկ մյուսը՝ քաղաքական նեղ շրջանակների համար։
Ժողովրդի ջեռուցման պարագա
«Օրինաց երկիր» կուսակցության անդամներն օրենսդրական նախաձեռնություն էին ներկայացրել «ՀՀ-ում ջեռուցման ժամանակաշրջանում բնակչությանը ջերմային էներգիա մատակարարելու եւ էլեկտրաէներգիայի միասնական սակագին սահմանելու մասին»։ Այս օրինագծի քննարկումը կիսատ մնաց եւ կշարունակվի միայն երկու շաբաթ անց։ Բայց թույլ տանք կանխատեսել, որ սա ձախողման դատապարտված նախաձեռնություն է եւ ոչ միայն կառավարության բացասական եզրակացության պատճառով։ Սակայն նախ նշենք, որ օրինագիծը ներկայացնողը՝ Սերգո Երիցյանը հիշեցրեց, թե այս տարի սակագնի պատճառով Սեւանը, Չարենցավանը եւ այլ քաղաքներ պայմանագիր չկնքեցին։ Եվ սա վտանգավոր է ոչ միայն սոցիալական, այլեւ ընդհանրապես ջեռուցման համակարգից վերջնականապես զրկվելու հեռանկարի առումով։ Օրինագծի էությունը 2001 թվականի հունվարի 1-ից բնակչությանը ջեռուցման դիմաց ավելացված արժեքի հարկից ազատելն է։
Ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Խաչատրյանն այս ձեւակերպումն իրավաբանորեն թերի անվանեց, քանզի բնակիչները չեն ԱԱՀ վճարում, այլ ձեռնարկությունները։ Ուստիեւ, պրն Խաչատրյանի եզրակացությամբ, այս օրինագիծը միայն ձեռնարկությունների լոբբինգի հետեւանք է։ Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Գագիկ Արզումանյանը պարզաբանեց, թե ԱԱՀ-ից ազատումը միայն 11,67%-ով կնվազեցներ սակագինը։ Եվ ընդհանրապես, բացառյալ արտահանումը՝ որեւէ ոլորտի համար ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ սահմանված չէ։ Օրինագծի ընդդիմախոսները պնդում էին, որ այն խորությամբ մշակված չէ, մեխանիզմներ նախատեսված չեն եւ այլն։ Վարդան Խաչատրյանի մատուցմամբ, բնակչության ընդամենը 7-9%-ն է ջեռուցումից օգտվում։ Ուրեմն չի կարելի ասել, թե նախագիծը ժողովրդի լայն խավերի համար որեւէ սոցիալական խնդիր է լուծում։ Գագիկ Արզումանյանը հավելեց, թե այս արտոնության ուղղակի հասցեատերը սոցիալապես անապահովները չեն՝ ջեռուցվող նույն շենքում նաեւ համեմատաբար առավել ապահովներ էլ են բնակվում։ Վարդան Խաչատրյանի համար այս պոպուլիստական օրինագիծը նաեւ կարծես վերջին կաթիլը դարձավ. «8 ամիս շարունակ անընդհատ փորձում ենք բարի, փոխզիջման ֆոն ստեղծել, իրար խաթրի չկպնել, բայց ժողովուրդն է տուժում։ Գաղափարների բախում չկա՛»։ Այս զայրացկոտ պոռթկումից հետո որեւէ մեկը չվիճարկեց նրա պնդումները կամ թվային տվյալները։ «Բախում չկա»,- արձանագրեց Սերգեյ Իսրայելյանը, երբ պարզ դարձավ, որ Վարդան Խաչատրյանին որեւէ մեկը հարց տալու ցանկություն չունի։
Կարդացեք նաև
Բանակցությունների սառեցման պարագա
Արտգործնախարար Վարդան Օսկանյանը հազվադեպ է հայտնվում խորհրդարանում։ Այս անգամ հարցուպատասխանին նրա ներկայությունը մի քանի հարցադրումների առիթ դարձավ։ Նախ, ԱԺ պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը խնդրեց պարզաբանել շրջանառվող լուրերը հակամարտության կարգավորման նոր տարբերակների վերաբերյալ։ Վարդան Օսկանյանը կրկնեց, թե երկու նախագահների հանդիպումների ընթացքում քննարկվել են բազմաթիվ տարբերակներ՝ «տրամաբանականից մինչեւ աբսուրդ, անկախությունից մինչեւ ինքնավարություն», սակայն որեւէ տարբերակ չի ընտրվել որպես բանակցությունների առարկա։ Պրն Օսկանյանը հայտնեց, թե այժմ փորձում են Մինսկի խմբի ներկայացված վերջին առաջարկը (այն է՝ «Ընդհանուր պետությունը») վերջիվերջո ընդունելի դարձնել նաեւ Ադրբեջանի համար։ Վահան Հովհաննիսյանը պարզաբանման կարոտ էր համարում այն լուրերը, թե Ռուսաստանը կոշտացնում է իր դիրքորոշումը եւ այն այլեւս Հայաստանի համար նպաստավոր չի լինելու. «Որքանո՞վ է դա համապատասխանում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ գոյություն ունեցող, այսպես կոչված, մեծ պայմանագրի տրամաբանությանը»։
Նույն «ծիրին մեջ» պրն Հովհաննիսյանին նաեւ հետաքրքրում էր, թե ՆԱՏՕ-ի հետ փոխհարաբերությունները լավացնելու եւ նույնիսկ անդամակցելու վերաբերյալ Պուտինի հայտարարությունները որքանո՞վ են համապատասխանում այդ պայմանագրին ու նմանօրինակ զարգացումների պարագայում ի՞նչ պիտի լինի Հայաստանի կեցվածքը եւ մեծ պայմանագրի ճակատագիրը։ Վարդան Օսկանյանի ներկայացրածով, Ռուսաստանի եւ Հայաստանի փոխհարաբերություններում՝ «Որեւէ փոփոխություն չկա։ Մենք առաջնորդվում ենք դեռեւս մեծ պայմանագրի դրույթներով (…)։ Չկա որեւէ կոշտացում Հայաստանի նկատմամբ ո՛չ Ռուսաստանի եւ կամ որեւէ այլ պետության կողմից»։ Պրն Օսկանյանը գտնում էր, թե Պուտինի հայտարարությունները պետք է դիտարկվեն իրենց համատեքստում եւ ողջունելի են լարվածության մեղմացման եւ տարածաշրջանում փոխլրացման սկզբունքի կիրառման առումով. «Մենք չենք գտնում, որ դեռեւս մոտալուտ է Ռուսաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Այնպես որ, Հայաստանին դեռեւս չի մտահոգում այդ հարցը որեւէ ձեւով կամ չի պարտադրում որեւէ դիրքորոշման հստակեցում»։
Մյասնիկ Մալխասյանի խնդրանքով Վարդան Օսկանյանը նաեւ հայտնեց, թե ինչ փուլում է Ղարաբաղի հարցի լուծումը. «Բանակցություններն ընդհատվել են եւ դրա հիմնական պատճառը, պետք է ասեմ, որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակն է»։ Արտգործնախարարը խոստովանեց, որ ինքն էլ նվազագույնի է հասցրել իր ակտիվությունն արտերկրում։ «Արդեն երրորդ շաբաթն է, որ որեւէ ուղեւորության չեմ գնում»։ Երբեւէ Վարդան Օսկանյանն այսպես անկեղծ ու բաց չէր արտահայտվել։ Նա անհնարին համարեց փոխզիջումային տարբերակի շուրջ քաղաքական ուժերի միջեւ համաձայնության հասնելն այս պայմաններում եւ առավել եւս՝ ժողովրդի դատին որեւէ տարբերակ հանձնելը. «Ուղղակի պետք է ասեմ, որ նման պայմաններում դժվար է գնալ եւ բանակցություններ վարել, ինչ-որ խոստումներ տալ, ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերել։ (…) Եվ այնքան ժամանակ, որ ներքաղաքական իրավիճակը չի բարելավվում՝ ես ուղղակի չեմ տեսնում որեւէ հնարավորություն, որ կարողանանք լուրջ աշխատել այդ ուղղությամբ (…)։ Այնպես որ, իսկապես, հոկտեմբերի 27-ի դեպքերը եւ այսօրվա իրավիճակը թերեւս բացասական են ազդում մեր արտաքին քաղաքականության եւ հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի գործընթացի վրա»։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ