Էներգետիկ 4 բաշխիչ ցանցերը սեփականաշնորհման ցանկից հանելու հարցով արտահերթ նիստ հրավիրելու համար հավաքված 52 ստորագրություններն ի դերեւ ելան։ Պատճառը կազմակերպիչների անփութությունն էր՝ նախաձեռնության վերնագրում ճշգրիտ չէր նշվել արտահերթ նիստ գումարելու պահանջը։
Խորեն Սարգսյանը երեկ առաջարկեց էլեկտրոնային քվեարկության միջոցով լուծել ժ. 18-ին արտահերթ նիստ հրավիրելու հարցը։ Բայց այս քվեարկությունն էլ չհասցրին (կամ չցանկացան) կատարել։ Խորեն Սարգսյանը մեզ պատմեց, թե ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանն իրեն խոստացել է այդ հարցը քվեարկության դնել 16.30-ին։ Բայց անգամ լրագրողները գիտեին, որ հերթական եռօրյայի վերջին նիստը նախասահմանված է կառավարության հետ հարցուպատասխանի համար եւ որեւէ քվեարկություն չի լինի։ Չնայած, եթե բյուջեն ընդմիջման ժամին ընդունվեց՝ չէինք բացառում, որ էլի ապօրինի քվեարկություն լինի։ Բարեբախտաբար, այս անգամ կանոնակարգը չխախտեցին։ Երեւի դեր ունեցավ նաեւ այն, որ մինչ 16.30-ը «Միասնություն» խմբակցությունը նիստ արեց եւ, ի շարս նախագահի հեռուստաելույթին իրենց հակաքայլերի, Ջհանգիրյանի ասուլիսի եւ նման հարցերի՝ անդրադարձան նաեւ բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման խնդրին։
Նիստից հետո ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանից հետաքրքրվեցինք, թե ի վերջո ինչպե՞ս է քվեարկելու «Միասնությունը»՝ հօգո՞ւտ, թե՞ ընդդեմ արտահերթ նիստի հրավիրման։ Նա հիշեցրեց, որ դաշինքը բազմիցս հայտարարել է, թե դեմ են բաշխիչ ցանցերը սեփականաշնորհման ցանկից հանելուն. «Միասնությունը» կողմ է, որ հարցը համակողմանիորեն քննարկվի, եւ այնպիսի որոշում ընդունվի, որն օգտակար կլինի մեր պետության համար։ Սակայն անվերապահ հանելու առկա նախաձեռնությունը դաշինքը չի ընդունում։ Կողմ չենք լինելու արտահերթ նիստին, քանի որ այն միայն՝ ցուցակից բաշխիչ ցանցերը հանելու խնդրով է հրավիրվելու»։ Չնայած պրն Թորոսյանը ողջ «Միասնության» անունից էր խոսում, բայց հայտնի է, որ ՀԺԿ-ի դիրքորոշումն այս հարցում տարբեր է եւ նրանց քաղխորհուրդն անգամ որոշել էր միանալ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը։
Մեր այս հիշեցմանն ի պատասխան Տիգրան Թորոսյանն ասաց, թե «ՀԺԿ-ի որոշ պատգամավորներ էին միայն ստորագրել այդ փաստաթղթի տակ»։
Կարդացեք նաև
Ա. Ի.