Ֆրանսիացիները պատրաստվո՞ւմ են դատի տալ հայերին
Ֆրանսիական ժողովրդական մի երգ կա, որտեղ անընդհատ կրկնվում են նյութիս վերնագիր դարձած այս խոսքերը։ Այս երգը երգում են քեֆը լավ մարդիկ եւ երգի ընթացքում անընդհատ թխկթխկացնում են գինու գավաթները ու կրկնում. «Ճաշակենք՝ այո, այո, ճաշակենք՝ ոչ, ոչ, ոչ։ Ճաշակենք, եթե գինին լավն է»։
Երեւանի կոնյակի գործարանի «Բրենդի» դարձած կոնյակի շուրջը վերջին օրերին աղմուկը մեծանում է։ Երեւանի «գինին» իրոք լավն է։ Չի բացառվում, որ «գինովցած» դատական (այն էլ՝ միջազգային) լուրջ իրադարձության ականատեսը կդառնանք շուտով։ Գործարանի սեփականաշնորհման շուրջ վեճերն ու ասեկոսեները դեռ չեն լռել, եւ արդեն սկսվել են հայ-ֆրանսիական պայմանագրի որոշ կետերի ոտնահարման մասին խոսակցությունները։ Գործն այն աստիճան շիկացած է, որ ֆրանսիական կողմը, կարծես թե այլ ճանապարհ չի տեսնում, բացի՝ պայմանագրի կետերը չհարգող հայկական կողմին դատի տալը։ Վերջերս թերթերից մեկին տված հարցազրույցում Երեւանի կոնյակի գործարանի նախագահ եւ գլխավոր տնօրեն Պիեռ Լառեչը, ի թիվս այլ բաների, ասել էր նաեւ հետեւյալը. «Այնպես է ստացվում, որ Հայաստանի կառավարությունը չի հետեւում մեր համաձայնագրի պայմաններին։ Ես չեմ ուզում վատ բան ասել Հայաստանի կամ Հայաստանի կառավարության մասին, բայց արդեն երեք ամիս է, ինչ մենք տեղեկացրել ենք կատարվածի մասին, բայց առ այսօր ոչ մի արձագանք չենք ստացել»։ Իսկ ի՞նչ է կատարվել։
Ըստ էության, ֆրանսիացիները դժգոհություններ ունեն արտաքին եւ ներքին շուկայի բարձիթողի վիճակից։ Ավելի ճիշտ՝ ոչ թե բարձիթողի, այլ՝ որոշակի կլանային քաղաքականության։ Նախ՝ արտաքին շուկայի մասին։ Հայաստանը երեք պետական գործարան ունի՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում եւ Սարատովում։ 1998-ի հունիսին, երբ Հայաստանը կոնյակը վաճառեց ֆրանսիացիներին, վաճառքի պայմանագրում համապատասխան կետ կար առ այն, որ Հայաստանի կառավարությունը որեւէ մրցակցության չի դիմի, այսինքն՝ այն երեք գործարանները, որ հայկական կոնյակ էին արտադրում, այլեւս չեն կարող այդ բանն անել, առավել եւս՝ նույն շշերով, նույն ձեւավորմամբ, նույն անունով։ Մի կողմից՝ Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի եւ Սարատովի կոնյակի գործարանները ՀՀ կառավարության սեփականությունն են եւ նրանք արտադրում են «Նաիրի», «Վասպուրական», «Ախթամար», «Դվին» եւ «Արարատ»։ Մյուս կողմից, ըստ 98-ին ստորագրված պայմանագրի, նույն անունով, նույն դիզայնով կոնյակ Երեւանի կոնյակի գործարանից բացի ոչ մի պետական գործարան իրավունք չունի արտադրել։ Պայմանագրի կետերը խախտվում էին շարունակաբար, ֆրանսիացիները մի քանի անգամ դիմել են ՀՀ կառավարությանը, սկսած Վլադիմիր Մովսիսյանից, մինչեւ Արմեն Դարբինյան եւ Գագիկ Շահբազյան։ Վերջիններս (գործարանի մեր ծանոթ աշխատակցի վկայությամբ) «ամեն անգամ դեմք են անում, թե հարցով լրջորեն զբաղվում են»։
Կարդացեք նաև
Սակայն, հարցով իրոք լրջորեն զբաղվելու փոխարեն, ՀՀ կառավարությունը 1999 թվականին, երբ Հայաստան է ժամանում պարոն Լուժկովը, վերջինիս հետ պայմանագիր է ստորագրում այն մասին, որ համատեղ շինարարության ավարտից հետո Մոսկվայի «Բիրյուլովո» գործարանը կոնյակ կարտադրի։ Եվ սա այն դեպքում, երբ 98-ին Երեւանի կոնյակի գործարանը ոտից-գլուխ վաճառվել էր «Պեռնո Ռիկար»-ին։ Այս պահի դրությամբ ֆրանսիացիները, սպասելով համապատասխան վերաբերմունքի, կրճատել են գործարանի արտադրանքի ծավալները եւ ներդրումները։ Իսկ ներքին շուկայում ի՞նչ խաղեր են։ Ամենեւին՝ ոչ թաքուն։ Մտեք ցանկացած խանութ եւ տոնավաճառ։ Կոնյակի բազմաթիվ տեսակներ ճաշակով եւ անճաշակ շշերի մեջ, ու բոլորն էլ իբրեւ թե կոնյակի գործարանի արտադրանք։ Այստեղ եւս խնդիրը բարդ է, պարզապես պետք է հիշել, թե ովքեր են կոնյակի (սպիրտի) գլխավոր մագնատները հանրապետությունում։ Իսկ «Պեռնո Ռիկար»-ը միջազգային դատական փորձ ունի։ Վերջերս ֆիրման մեծ վեճ ունեցավ «Հավանա կլուբ»-ի հետ, շարունակվում է նաեւ «Բակկարդի» ֆիրմայի հետ վեճը։
«Կլոր սեղանի հեծյալներ» արտահայտությունը կարելի է նաեւ «կլոր սեղանի ասպետներ» թարգմանել։ Թարգմանությունը կախված է նրանից, թե ո՞ւմ նկատի ունես։
Մ. ԵՍԱՅԱՆ