Լրահոս
Օրվա լրահոսը

Անվերջ վերադարձ

Մարտ 08,2000 00:00
Toto

Վերջին իրադարձություններին անմիջապես հետեւած հանրապետության նախագահի մարտի 6-ի հրամանագիրը՝ «Հայաստանի Հանրապետության բարձրագույն զինվորական պաշտոնների մասին» հակասական կարծիքների եւ որոշ օղակներում անգամ անհանգստության տեղիք տվեց։ Հրամանագիրը հիմնված է ՀՀ Սահմանադրության 55 հոդվածի 12-րդ եւ 16-րդ կետերի վրա, ուր ասված է. «Հանրապետության նախագահը զինված ուժերի գլխավոր հրամանատարն է, նա նշանակում է զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմը»։ Ապա՝ նախագահը պարգեւատրում է ՀՀ շքանշաններով (ինչում համոզվելու առիթներ նախագահը համարյա ամեն օր ընձեռում է- Լ. Ա.), շնորհում է բարձրագույն զինվորական եւ պատվավոր կոչումներ, բարձրագույն դիվանագիտական եւ այլ դասային աստիճաններ։

Հրամանագիրը մեկնաբանելու խնդրանքով «Առավոտի» թղթակիցը դիմել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին, սակայն վերջինս հրաժարվել է այն մեկնաբանել։ Զրուցեցինք զինվորականության բարձրաստիճան ղեկավարներից մեկի հետ, որը խնդրեց իր անունը չհրապարակել։ Ըստ նրա՝ նախագահն օգտվել է Սահմանադրությամբ իրեն ընձեռված լիազորությունից։ Մեր աղբյուրի ինֆորմացիայի համաձայն՝ պաշտպանության նախարարության կառուցվածքային հրամանագրում ասված է, որ բարձրագույն սպայակազմի նշանակումները կատարվում են նախարարի կողմից։ Նման հրամանագիր ժամանակին ստորագրել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին վստահելով զինված ուժերի բարձրագույն սպաների նշանակումն ու ազատումը պաշտոններից։

Տեր-Պետրոսյանի «օրոք» պաշտպանության նախարարը բարձրագույն սպային պաշտոն տալիս կամ պաշտոնանկ անելիս պետք է ստանալ կառավարության, այսինքն՝ վարչապետի համաձայնությունը։ Թեեւ Սահմանադրությամբ այդ իրավունքը վերապահված է նախագահին։ 2000 թվականի մարտի 6-ի իր հրամանագրով նախագահ Քոչարյանը, փաստորեն, պաշտպանության նախարարից «հետ է վերցրել» սահմանադրական իր այս լիազորությունը։ Հրամանագիրը, փաստորեն, ըստ մեր աղբյուրի, օրինական է՝ թեեւ ակնհայտ է, որ նախագահն այս քայլին գնալով՝ որոշակի անվստահություն է հայտնել պաշտպանության նախարարին եւ փորձել այս կերպ ամրապնդել իր դիրքերը։

Ըստ մեկ այլ աղբյուրի՝ այս հրամանագիրը պարզապես հիշեցում է ոմանց, որ չմոռանան՝ ով է, ի վերջո, զորքերի գլխավոր հրամանատարը։ Ազգային ժողովում, սակայն, հրամանագիրը հալած յուղի տեղ չեն ընդունել։ Մասնավորապես, ԱԺ իրավաբանական վարչության պետ Վլադիմիր Նազարյանը կասկածի տակ է դրել հրամանագրի օրինականությունը։ Ըստ պրն Նազարյանի՝ «նախագահի մարտի 6-ի հրամանագրում վերարտադրվում է ՀՀ Սահմանադրության 55 հոդվածի 12-րդ եւ 16-րդ կետերի բովանդակությունը, սակայն, դրա հետ մեկտեղ, այդ հրամանագիրը նախագահին շնորհում է նոր լիազորություններ, որոնք նախատեսված չեն ՀՀ Սահմանադրությամբ»։ Հրամանագրում ասված է, որ «ՀՀ նախագահն է հաստատում զինված ուժերի բարձրագույն զինվորական պաշտոնների միասնական ցանկը»։ Իսկ Սահմանադրությունը՝ նախագահի համար նման լիազորություն չի նախատեսում։

Ըստ պրն Նազարյանի՝ հրամանագրով նախագահն իրեն է վերագրում զինվորական ծառայությունից բարձրագույն սպայական պաշտոններ զբաղեցնող անձանց արձակելու լիազորություն, որը նույնպես Սահմանադրությամբ նրան չի վերապահված։ Վկայակոչելով Սահմանադրության 89 հոդվածի 6-րդ կետը՝ համաձայն որի ՀՀ կառավարությունն ապահովում է հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության իրականացումը, ԱԺ իրավաբանական վարչության պետը եզրակացնում է, որ այս դրույթից չի բխում, թե կառավարությանն է վերապահված հանրապետության զինված ուժերի սպաների կողմից զբաղեցման ենթակա զինվորական պաշտոնների միասնական ցանկի հաստատումը։ Ու քանի որ նման լիազորություն վերապահված չէ ո՛չ նախարարին. ո՛չ էլ կառավարությանը, ակնհայտ է, որ այս հարցը պետք է կարգավորվի օրենքով։

«Այսպիսով, նախագահն իրեն է վերապահել օրենսդիր իշխանությանը պատկանող լիազորություններ»։ Իսկ պրն Նազարյանի եզրակացությունը խոստանում է ներքաղաքական նոր տհաճ տեսարաններ. «Համաձայն ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի (այն սահմանում է, թե ովքեր կարող են դիմել ՍԴ- Լ. Ա.)՝ ԱԺ պատգամավորների առնվազն 1/3-ը կարող է դիմել Սահմանադրական դատարան՝ պահանջելով որոշել նախագահի մարտի 6-ի՝ «ՀՀ բարձրագույն զինվորական պաշտոնների մասին» հրամանագրի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը»։ Ստորագրությունները հավաքվում են։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031