Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՍՈՏ ԲՅՈՒՋԵ

Մարտ 08,2000 00:00
byuje

Կարեն Դեմիրճյանի թեթեւ ձեռքով շրջանառության մեջ մտավ այս համեմատությունը, թե Հայաստանը փոսի մեջ է։ Եվ վերջերս էլ բազմաթիվ գործիչներ կրկնում են նրան։ Ահա երեկ էլ, երբ 77 «կողմ», 12 «դեմ» եւ 21 «ձեռնպահ» քվեարկությամբ ԱԺ-ն հաստատեց 2000-ի պետբյուջեն՝ բոլորն էլի փոսի մասին էին խոսում։ Ասենք, Արշակ Սադոյանը նախապես հայտարարեց, թե այս բյուջեն փոսից դուրս գալու ճանապարհ չի առաջարկում։ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Լեւոն Բարխուդարյանն էլ ստիպված էր նշել. «Փոսից դուրս գալու ոչ բոլոր ճանապարհներն են, որ բյուջեն պիտի ցույց տա։ Այլ ճանապարհներ էլ կան՝ ե՛ւ տնտեսական, ե՛ւ քաղաքական»։

Ինչեւէ, բյուջեն հաստատվեց «Միասնության» եւ «Կայունության» միասնական դիրքորոշման շնորհիվ։ Վերջինիս ղեկավարը՝ Վարդան Այվազյանը, իր ելույթում կանխավ էլի փոսի մասին խոսեց, թե կառավարությունն ու քաղաքական խմբերն առաջին անգամ համախմբվելով փորձում են փոսից վեր բարձրանալ։ Եվ եթե ցանկանում են օգնել՝ պիտի կառավարությանը տրվի այս հնարավորությունը։ Ձեռնպահ էին քվեարկել «Օրինաց երկրի», ՀՅԴ-ի եւ ԱԺՄ-ի պատգամավորները։

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը ելույթում եւս մեկ անգամ պարզաբանեց իրենց որոշման դրդապատճառները։ Եվ էլի, բնականաբար, նորաձեւ արտահայտությունն օգտագործեց. «Մենք էլ գտնում ենք, որ այո՛, թեեւ շատ ճանապարհներ կան միգուցե փոսից ելնելու, բայց դրանք, օրինակ, մեզ հայտնի չեն։ Մեզ հայտնի է, որ փոսից կա միայն մեկ ճանապարհ՝ վերեւ։ Ուրիշ ճանապարհներ, ես ուղղակի չեմ պատկերացնում, աշխարհագրորեն ինչպես կարելի է իրագործել։ Եվ այդ ճանապարհը դեպի վերեւ՝ ոստյունով, ցատկով՝ մենք բյուջեի մեջ, ցավոք սրտի, չտեսանք»։ Ի դեպ, ՀՅԴ խմբակցությունը «թռիչք բարձրության» կամ ընդհանրապես որեւէ առաջարկ չի ներկայացրել բյուջեի վերաբերյալ։ Վահան Հովհաննիսյանի բացատրությամբ՝ իրենք ունեն առաջարկներ, բայց՝ «այնուամենայնիվ, նպատակահարմար չգտանք ներկայացնել»։

Ի դեպ, բյուջետային քննարկումների ամբողջ ընթացքին էլ ՀՅԴ խմբակցության պատգամավորերը գրեթե չէին մասնակցել՝ Ծաղկաձորում Ընդհանուր ժողով էին անում։ Ընդհանրապես, ինչպես մատնանշեց ԱԺ փոխնախագահ Գագիկ Ասլանյանը, եթե այս բյուջեն քննադատվում է քաղաքականության բացակայության պատճառով՝ եղած առաջարկներում էլ քաղաքականություն չկար, այլ խոսքն ընդամենը սպառման թվաբանական փոփոխությունների մասին էր։ Ի դեպ, չնայած «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի այլ պատգամավորները «դեմ» էին քվեարկել, ՍԻՄ-ի նախագահ Հրանտ Խաչատրյանն ու փոխնախագահ Հայկ Բաբուխանյանը քվեարկեցին «ձեռնպահ»։ Կարելի էր նշել, թե ՍԻՄ-ն է առանձնանում այս դաշինքի մեջ դիրքորոշումների որոշ մեղմությամբ ու կառավարության հետ համագործակցելու պատրաստակամությամբ։ Սակայն վերջերս այս դաշինքի անդամ երկու կազմակերպությունների՝ «Գարդմանքի» եւ «Արցախ-Հայաստանի» հայտարարություններն ապացույց դարձան, թե Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանությունն» է փոքրամասնություն այս դաշինքում իր ռազմատենչ տրամադրություններով։

«Դեմ» քվեարկեցին նաեւ Հայկոմկուսի խմբակցության պատգամավորները, բայց այստեղ էլ փոքր-ինչ տարբեր դիրքորոշումներ արձանագրվեցին։ Գեղարքունիքի նախկին փոխմարզպետ Խորեն Սարգսյանը չքվեարկեց։ Իսկ ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Թադեւոսյանը քվեարկեց «ձեռնպահ»։ Ավելի վաղ իր ելույթում նա նշել էր, թե այս սուղ բյուջեում բավական մեծ հատկացումներ են արվել իր ոլորտին։ Բյուջեի հաստատումից առաջ ելույթ ունեցավ նաեւ վարչապետ Արամ Սարգսյանը։ Խոսեց երկար՝ միայն մթնոլորտի առողջացման պայմաններում բյուջեն կատարելու հնարավորության, 5-6 նորմալ ձեռնարկություն նպատակաուղղված վերագործարկելու եւ էլի չարաբաստիկ այդ փոսի մասին, որից թռիչքով, այլ ոչ սողալով դուրս գալու ելք էր առաջարկում։

Այս խոսք ու զրույցի մեջ նիստի ժամն էլ ավարտվեց՝ որեւէ մեկը չընդհատեց վարչապետին։ Դեռ ավելին՝ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը, առանց քվեարկության դնելու ընդմիջմանն աշխատելու հարցը, առաջարկեց միանգամից անցնել բյուջեի քվեարկությանը։

Հիմա միտք ենք անում ԱԺ կանոնակարգի (որ օրենք է) ոտնահարմամբ ընդունված այս բյուջեն փոսն այսպիսով առավել չի՞ խորացնում։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031