Խոսրով Հարությունյանը, թերեւս, միակ քաղաքական գործիչն է, որը հոկտեմբերի 27-ի գործի կապակցությամբ ոչինչ չի ասել։ Հետաքրքիր կլիներ նրա պատմածը նաեւ այն առումով, որ դեպքի օրը պարոն Հարությունյանը նստած է եղել Վազգեն Սարգսյանի կողքին եւ նրան ուղղված կրակահերթը կարող էր նաեւ իրեն հասնել։ Ինչո՞ւ այս մասին Խոսրով Հարությունյանը ոչինչ չի ասում։
Մեր այս հարցին պարոն Հարությունյանը պատասխանեց. «Այդ ժամանակ ավելի շատ խորհելու, քան խոսելու ժամանակ էր։ Մի առիթով շատ նեղ շրջանակում ես ասել եմ, որ բոլոր նրանք, ովքեր այդ օրը դահլիճում կենդանի մնացին, նրանք կարող են ասել, որ երկրորդ անգամ ծնվեցին։ Այո, ես չեմ խոսել հոկտեմբերի 27-ի մասին, անկեղծորեն ասած, հիմա էլ պատրաստ չեմ խոսելու։ Չեմ խոսել, որովհետեւ այն, ինչ-որ տեղի ունեցավ, բավականին լուրջ վերլուծություն էր պահանջում, որպեսզի հասկանայինք դրդապատճառները, կարողանայինք ընկալել այն պրոցեսները, որոնք հանգեցրին այդ իրավիճակին, դա անխուսափելի՞ էր, թե՞ պատահականություն։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանը հենց իրադարձությունների հաջորդ օրը դժվար էր տալ։ Ես մինչեւ հիմա էլ ապշած եմ, որ գտնվեցին մարդիկ, որոնք հենց հաջորդ օրը, մյուս օրը սկսեցին մեկնաբանել, պատճառներ բերել, հիմնավորումներ տալ։ Ես ունեմ իմ կարծիքը, իմ պատկերացումներն այս ամենի վերաբերյալ, եւ կարծում եմ լուրջ վերլուծություններ պետք է արվեն, իմ կողմից արվել են»։
ԵՐՐՈՐԴ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԸ ՉԿԱՐ
Կարդացեք նաև
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (նախագահող դատավոր՝ Է. Ավետիսյան) երեկ պետք է սկսեր մանկավարժական ինստիտուտի դեմ անցյալ տարի կատարված ահաբեկչության գործի քննությունը։ Դատավորը ստուգեց դատակոչի ցուցակը, որի ժամանակ էլ պարզվեց, որ բացի 5 վկաներից, որոնք չէին ներկայացել դատաքննությանը, չէր ներկայացել նաեւ ամբաստանյալ Հովհաննես Չիչակյանը։ Փոխարենը ամբաստանյալներից՝ Արման Առաքյանն ու Վաղարշակ Վարագյանը սպասում էին նիստը սկսվելուն։ Արմանի դատապաշտպանն էլ՝ Ա. Զաքարյանը, դիմել էր դատարանին նիստը հետաձգելու խնդրանքով, քանի որ վերաքննիչ դատարանում այլ նիստի պիտի մասնակցեր։ Դատավոր Է. Ավետիսյանին այլ բան չէր մնում, քան հետաձգել նիստը։
ՏՈՒԺՈՂԻՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՐԻՆ
Վերաքննիչ դատարանում Արման Դանգոյանցի նկատմամբ հարուցված քր. գործի դատաքննությունը փետրվարի 11-ից չի վերսկսվում՝ տուժող Ռ. Գասպարյանի դատական նիստից բացակայելու պատճառով։ Ա. Դանգոյանցի պաշտպան Ռուբեն Սահակյանը երեկ միջնորդեց, որ տուժողի հերթական անգամ բացակայելու դեպքում նիստը վերսկսվի առանց նրա։
ՄՈԼԵԿՈՒԼ ԱՌ ՄՈԼԵԿՈՒԼ
ԳԱԱ-ի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի աշխատակիցներն այսօր նախատեսել են ցույց կազմակերպել ԳԱԱ-ի գլխավոր մասնաշենքի դիմաց։ Ըստ ինստիտուտի աշխատակցուհու՝ այսօր ակադեմիայի նախագահության նիստում քննարկվելու է ինստիտուտի «մի ողջ մասնաշենք ինչ-որ ուսումնական կազմակերպության հանձնելու հարցը՝ առանց մեզ տեղյակ պահելու»։
Սեփ. լր.