Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԼՈՒՐՋ ԵՎ ԱՆԼՈՒՐՋ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ

Մարտ 08,2000 00:00
Toto

Իսկ կանայք թող սպասեն

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեռուստաելույթը, հասկանալի է, որ անաղմուկ չէր կարող անցնել։ Քննարկումների պակաս, իրոք, չի զգացվում։ Խորհրդարանում պատգամավորներն են իրենց հույժ կարեւոր կարծիքը հայտնում, լրագրողների տանը հավաքված խմբագիրներն իրենց կարծիքն են հրապարակում։ Փողոցում եւ տոնավաճառում մշտական գրանցում ունեցողներն էլ իրենց տեղական նշանակության քննարկումներն են սկսել։ Քննարկումներում այսպես թե այնպես մի լավ բզկտում են «Միասնության» հայտարարությունը։

Նույն բախտին է արժանանում նաեւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցը։ Կշեռքի նժարը հօգուտ ոչ մեկի չի թեքվում։ Թերեւս քննարկումներից ամենահետաքրքիրը ժողովրդական լայն մասսաների քննարկումներն են։ Այս պարագայում եւս ժողովրդի ներկայացուցիչները զարմանալիորեն հավատարիմ են վերջին շրջանում որդեգրած անտարբերությանը։ Եթե նախագահն ասում է, թե «Ուղղակի զարմանալի է՝ ԱԺ-ի մեծամասնություն կազմող քաղաքական ուժն ընդունակ է նման կարգի հայտարարություններ անել, նման ոճով խոսել երկրի նախագահի հետ, որն ընտրվել է ժողովրդի կողմից, եւ նման կարգի հարց բարձրացնել ընդհանրապես։ Եվ այն արձագանքը, որ կա հասարակության եւ քաղաքական ուժերի մոտ, կարծում եմ, արտահայտում է այս կարծիքը», ապա հենց այստեղ է, որ ուզում ես հարցնել՝ իսկ ի՞նչ արձագանք կա։ Իրականում ժողովուրդը բացարձակ չի արձագանքում։ Նրա համար բոլորովին նշանակություն չունի՝ նախագա՞հն է «Միասնությանը» թափ տալիս, թե՝ «Միասնությունը»՝ նախագահին։ Միեւնույն է՝ գործազուրկը այդ թափի արդյունքում աշխատանք չի ստանալու, ֆայլաբազարչին մնալու է «պուզատիների» պատվերի հույսին, իսկ մարմնավաճառը շարունակելու է վաճառել այն, ինչ առայժմ ունի։

«Միասնության» հայտարարությանը եւ նախագահի տված հարցազրույցին, ըստ իս, ամենաանկողմնակալը արձագանքում են որեւէ ուժից եւ որեւէ հանգամանքից անկախ լրագրողներն ու լրատվամիջոցները։ Բոլոր մյուս դեպքերում արձագանքներին խիստ վերապահմամբ պետք է արձագանքել։ ԱԺ «Միասնություն» խմբակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանն արձագանքների շարքում չմոռացավ հիշեցնել, որ դեկտեմբերին ՀՀԿ-ն իր խորհրդի նիստում պաշտպանել է ՀՀ նախագահին։ Իսկ կառավարության ծրագիրը՝ փաստորեն՝ «Միասնության» ծրագիրը, նախագահն ինքն է հաստատել։ Ուրեմն, ի՞նչ է ստացվում, նախագահը ոչ մի պատասխանատվություն չունի՞, բայց կառավարությունն իրականացնում է նախագահի ծրագի՞րը։ Եվ հետո՝ Անդրանիկ Մարգարյանը բոլորովին համաձայն չէր նախագահ Քոչարյանի հետ, երբ վերջինս ասում էր, թե «Միասնության» հայտարարության մեջ միայն փաստաբանների ասուլիսի լուսաբանման ժամանակի մասին է խոսք գնացել։

Ըստ Անդրանիկ Մարգարյանի՝ «Նախագահը պատասխանատվությունը գցում է իր վրայից», եւ հետո՝ «Երբ որ նախագահին ձեռնտու է, մենք բոլորս խելամիտ ենք, բայց երբ ինչ-որ բան իրեն դուր չի գալիս, մենք բոլորս դառնում ենք անհասկացող, ոչ պիտանի եւ մինչեւ անգամ վտանգավո՞ր»։ «Միասնություն» խմբակցության ղեկավարի կարծիքով, ժամանակ կանցնի, կրքերը կհանգստանան։ Այդ դեպքում ինչո՞ւ է սպասվում նախաքննության մարմնի ղեկավարի ասուլիսը։

Հիշեցնեմ նախագահ Քոչարյանի հարցազրույցից մեկ հատված եւս. «լուրջ վերաբերվել այս կարգի հայտարարություններին ես չեմ կարող, բայց նաեւ չեմ կարող լուրջ չվերաբերվել այս երեւույթին, որը, կրկնում եմ, խիստ մտահոգիչ է»։ Մեծամասնություն կազմող ուժի հայտարարությանը եթե նախագահը լուրջ չի վերաբերվում, դա արդեն լուրջ է, բայց մյուս կողմից՝ հայտարարությունը բազմաթիվ խոցելի տեղեր ուներ, կազմված էր հապճեպ եւ ոչ այնքան դիպուկ։ Թերեւս նաեւ սա է պատճառը, որ հայտարարությանն անլուրջ են վերաբերվում։ Ամենահետաքրքիրը դեռ հետո է լինելու, մարտի 10-ին, երբ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանն ասուլիս կհրավիրի։ Ասում են՝ սենսացիաներ լինելու են եւ չի բացառվում, որ քաղաքական լուրջ շարժ կսկսվի։

Հավանաբար «Միասնության» հայտարարությունն ավելի «կլրջանա՝ կախված նրանից, թե ի՞նչ կասի Գագիկ Ջհանգիրյանը»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Հ. Գ. Հե՜յ գիտի, որտե՞ղ եք, կոմունիստներ, այսպիսի «ազիզ» օրը դուք այսպիսի լարված քաղաքական խաղերի մեջ բա կմտնեի՞ք։ Իհարկե, եթե խնդիր էլ լիներ, դուք սուսուփուս, կենտկոմի մակարդակով կլուծեիք, բայց չէիք մոռանա բարձրաձայն շնորհավորել կանանց միջազգային օրվա կապակցությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031