«Օրինաց երկիրն» առաջարկել էր բյուջեում փոփոխություն անել, ըստ որի պարբերական մամուլին պիտի հատկացվեր 100 մլն դրամ։ Արթուր Բաղդասարյանը ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարին հարց ուղղեց, թե արդյոք ընդունվե՞լ է իրենց այդ առաջարկը։ Լեւոն Բարխուդարյանը պարզաբանեց, թե անփոփոխ է մնացել 40 մլն դրամ թիվը, որը կար նաեւ նախնական տարբերակում։ Պատճառաբանությունը միշտ նույնն էր՝ «Լրացուցիչ միջոցներ չլինելու պատճառով»։ Լավ է, որ կառավարությունը չփորձեց սիրաշահել մամուլին։ Եվ ինչպես բացառություն չէր արել Գիտությունների ակադեմիայի, կուսակցությունների եւ սոցիալապես անապահով երեխաներին գրենական պիտույքներով ապահովելու համար, այնպես էլ այս դեպքում գումարներ չգտավ։
ՎԱՏ ԼՈՒՐ
Աղասի Արշակյանը երեկ տեղեկացրեց, որ Ռուսաստան-Բելառուսին Հայաստանի անդամակցելու կողմնակից պատգամավորական խումբը համալրվել է նոր անձանցով եւ իրենց միացողներ կան նաեւ ՀՀԿ-ից։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հիմնադրել էր խորհրդային քաղբանտարկյալ եւ անկախության գաղափարի առաջամարտիկ Աշոտ Նավասարդյանը։ Եվ ՀՀԿ-ի շարքերում հակաանկախականների հայտնվելու բացատրություններից մեկն էլ թերեւս այն է, որ իշխանության այս կուսակցություն է քոչել նույն անդեմ զանգվածը, որ սեփական բարեկեցության նկատառումներով, այս էլ 10 տարի կուսակցությունից կուսակցություն է տեղափոխվում, բայց հոգում կոմունիստ է միշտ։