Երեկ ԱԺ միջանցքում նախագահի ելույթին խիստ բարձրաձայն իր անհամաձայնությունն էր հայտնում պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Լեդի Հակոբ)։ Նրա փաստարկներից էին, թե Ազգային հեռուստատեսությունը գրեթե մշտապես անտեսել է այլ փաստաբանների ասուլիսներն ու հայտարարությունները։ Իսկ այժմ պաշտպանում է հոկտեմբերի 27-ի գործով մեղադրվողներին՝ կարծես մոռանալով, թե այդ օրն ինչ կատարվեց։
«ՍԱ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ Է»
«Նախագահի պահվածքն է, թե ինքը ոչնչի համար պատասխանատու չէ եւ ամեն ինչի համար պատասխանատու է մի կառավարություն, որի վարչապետին ինքն է նշանակում, որի որոշումներն ինքն է ստորագրում։ Ի դեպ, ԱԺ-ի ընդունած օրենքներն էլ է ինքը ստորագրում,- հիշեցրեց «Միասնություն» խմբակցության պատգամավոր, ՀԺԿ անդամ Ստեփան Զաքարյանը։- Եվ երբ այդ մարդը հայտնվում է դիտորդի կարգավիճակում եւ ասում, թե վիճակը չի լավանա կառավարության կազմի փոփոխությամբ՝ նախագահի նման պահվածքը պետական դավաճանություն է, իմ գնահատմամբ»։ Ռոբերտ Քոչարյանի այն պնդմանն ի պատասխան, թե ինքը ժողովրդի կողմից ընտրված նախագահ է, Ստեփան Զաքարյանն ասաց, թե 1998-ին նախագահ էր ընտրվել Կարեն Դեմիրճյանը։
Կարդացեք նաև
Ո՞ՒՄ ՇԱՔԱՐԸ ՉԷՐ ԲԱՐՁՐԱՆԱ
«Երկրապահ» միության նախագահ Մանվել Գրիգորյանը, ինչպես տեղեկացանք ԵԿՄ աշխատակազմի ղեկավարից, այս օրերին բուժվում է հիվանդանոցում։ Աշխատակազմի ղեկավարը չասաց՝ ի՞նչ հիվանդությունից եւ ո՞ր հիվանդանոցում է բուժվում գեներալը, սակայն «Առավոտը» այլ աղբյուրներից ճշտեց, որ պրն Գրիգորյանի շաքարը բարձրացել է, եւ նա բուժվում է երկաթգծի հիվանդանոցում։ Առողջություն ենք մաղթում։